Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կարող են ձգձգվել մինչև 2025 թվականը. «Գազային ՕՊԵԿ»
Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կսկսվեն 2022-2025 թթ.: Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) քարտուղար Սայեդ Մուհամմադ Հուսեյն Ադելին։
Նրա խոսքով՝ ադրբեջանական գազի մատակարարումները ԵՄ կսկսվեն 2022-2025թթ. ոչ վաղ, իսկ իրանականը՝ ավելի ուշ:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դա քաղաքական քայլ է, այսինքն՝ հրաժարվում են ռուսական գազից՝ հօգուտ ադրբեջանականի կամ իրանականի, «Գազային ՕՊԵԿ»-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ինքը դրանում ինչ-որ քաղաքական պատճառ չի տեսնում:
«Ըստ իս՝ Իրանը ցանկանում է խաղադրույք կատարել հեղուկացված բնական գազի վրա, քանի որ Իրանի համար ավելի շահավետ կլիներ գազ մատակարարել Ասիա Արաբական ծովով։ Իրանական գազային խողովակաշարով Թուրքիայի միջոցով գազամատակարարումը երկարաժամկետ հեռանկար է, դեռ դրա համար նախադրյալներ չկան»,- ասել է վերջինս:
Ադրբեջանի կառավարությունը 2013թ. դեկտեմբերին հաստատել է «Շահ-Դենիզ-2» նախագիծը, որի միջոցով 2018 թվականի IV եռամսյակում նախատեսվում է գազի առաջին արդյունահանումը:
Այս նախագծի շրջանակում պլանավորվում է 16 մլրդ խորանարդ մետր երկնագույն վառելիք ուղարկել թուրքական շուկա, իսկ 10 մլրդ խորանարդ մետր՝ Եվրոպա: