28-ամյա խաղողագործը մահացել է խաղողը գործարան մթերելիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործները դարձյալ փակել էին ավտոմայրուղին։ Բանն այն է, որ չնայած պետական պաշտոնյաների այցերին՝ իրականում բոլոր գործարանները՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը, անհեթեթ պատճառաբանություններով, թե՝ «Եթե մի ողկույզի վրա փչացած հատիկներ կան, ողջ բերքը չենք ընդունի», հրաժարվում են մթերել խաղողը։

Միայն ուշ երեկոյան տեղեկացանք, որ Ծառուկյանի գործարանում առանց «անուն դնելու» սկսել են մթերել խաղողը։

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու գործարանի» Մասիսի մասնաճյուղի մոտ երեք օր առաջ խաղողի մթերմանը սպասելիս, հանկարծամահ է եղել 28-ամյա մի երիտասարդ խաղողագործ։

«Հոկտեմբերի 4-ին՝ երեկոյան ժամը 18-ի սահմաններում, ես եկա, ինքն Էլ մոտեցավ ծառերին, որ ներս մտնի, չէին թողել… ընկավ ու մահացավ։ Ամենացավալին այն է, որ խաղողն ընդամենը 3 տոննա կլիներ, եթե հայ լինեին, հարգող, պատվող, ապա այդ մարդու խաղողը կտանեին կհանձնեին, մի քանի կոպեկ փողը կտային՝ թաղման արարողությունը կազմակերպելու համար»,– ArmLur.am–ի հետ զրույցում հայտնեց Արմավիրի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Աղաս Ստեփանյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանկարծամահ եղած քաղաքացին Հայկ Բարսեղյանն է՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ։ Երեկ տեղի է ունեցել երիտասարդի հոգեհանգստի արարողությունը։ Ոսկետափ համայնքի ղեկավար Սարգիս Աբրահամյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց. «Նա տրոմբ է ունեցել, որը բացվել է։ Երկու երեխա ուներ, աշխատող տղա էր։ Հայրը դերձակ էր։ Խելացի տղա էր… ափսոս»։ Իսկ ո՞ւմ խղճին է մնալու այս երիտասարդի մահը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս