Բաժիններ՝

Բաշար Ասադը հավատում է Ռուսաստանի ու Իրանի հետ կոալիցիայի հաջողությանը

Աիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան, Ռուսաստանը, Իրաքն ու Իրանը միասնական են «ահաբեկչությանը հաղթելու» իրենց ձգտման մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ասադը հավատում է, որ իրենց ուղեկից կլինի հաջողությունը, հակառակ դեպքում «ողջ տարածաշրջանը կավերվի»:

Իրանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ասադը քննադատել է ավիահարվածները, որ Սիրիայի տարածքում հասցնում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան՝ հայտարարելով, թե դրա հետևանքով տարածաշրջանում միայն տարածվում է բռնությունը:
Իր հերթին, Ասադը հայտարարել է, որ «Սիրիան չի կարող լուրջ ընդունել» արևմտյան ղեկավարների հայտարարությունները:

«Կարծում եմ՝ մեր իրանցի եղբայրները կհամաձայնեն, որ Արևմուտքին չի կարելի վստահել»,- հայտարարել է Ասադը:

Նա հիշեցրել է փաստը, որ Արևմուտքը պնդում է, որ Սիրիայում պետք է իշխանափոխություն լինի և ասել է, թե Դամասկոսը չի հանդուրժի օտարերկրյա միջամտություն իր ներքին գործերին:

«Նրանք ցանկանում են Սիրիան ծնկի իջեցնել ու կառավարությանը արտաքսել: Նրանք ցանկանում են այստեղ մարիոնետային կառավարություն հաստատել, որը միայն կկատարեր օտարերկրյա գերտերությունների պահանջները»,- ասել է Ասադը:

Մինչ այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի տարածքում ավիահարվածների ինտենսիվությունն ավելացնելու մասին:
Մոսկվան պնդում է, որ ռուսական ավիահարվածների թիրախը ԴԱԻՇ-ն է, սակայն սիրիական ընդդիմությունը հերքում է այդ պնդումները՝ հայտարարելով, թե դրանք հիմնականում ուղղված են Ասադի ռեժիմի հակառակորդների դեմ, այլ ոչ թե ԴԱԻՇ-ի ջիհադիստների:

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության փաստը:
Քեմերոնի խոսքով՝ Մոսկվան հարվածներ չի հասցնում ԴԱԻՇ-ի ջիհադիստներին, այլ միայն օգնում է «մսագործ Ասադին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս