
Ամենաշատն այս առումով «սիրում են» Սուրիկ Խաչատրյանին. փորձեն չսիրել՝ կտա աչքը կհանի. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է. «Որեւէ երկրում (կամ երկրի որեւէ մարզում) բողոքողների, դժգոհների բացակայությունը այդ երկրի բարվոք վիճակի վկայությունը չէ: Հակառակ դեպքում ամենաբարվոք երկիրը կարելի է համարել Հյուսիսային Կորեան, քանի որ Կիմ Չեն Ինից ոչ ոք չի բողոքում, հակառակը՝ շատ են սիրում, եթե մեռնի, հոնգուր-հոնգուր լաց կլինեն: Բայց այստեղից հնարավոր չէ հետեւություն անել, որ այդ լիդերը «լավ է նայում» իր ժողովրդին, եւ բոլորը նրանից գոհ են:
Այդ առումով ռեյտինգներն էլ ինձ առանձնապես բան չեն ասում. Ստալինի կամ Հիտլերի վարկանիշները շատ բարձր էին այն մարդկանց շրջանում, որոնք համակենտրոնացման ճամբարներում չէին: Բենիտո Մուսոլինիին նույնպես շատ էին սիրում իտալացիները, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ի վերջո նրան (իր ընկերուհի Կլարա Պետաչիի հետ միասին) գնդակահարեցին, իսկ այնուհետեւ ոտքերից կախեցին Միլանի ավտոլիցքավորման կայանում, որից հետո մի քանի օրով շպրտեցին աղբանոցը (ոչ թե պատմության, այլ բառիս բուն իմաստով): Նման դեպքերում ասում են. սիրում է, ուրեմն վախենում է, կամ վախենում է, ուրեմն սիրում է: Սիրված առաջնորդն ընտրություններում ստանում է 99 տոկոս ձայն կամ ունի 80 տոկոսանոց վարկանիշ: Այդ ամենն իմ մեջ կասկածներ է առաջացնում: Ճիշտ այնպես, ինչպես ինձ կասկածելի է թվում Սոլովյովի` մի քանի ժամ տեւող թոք-շոուն, որը նվիրված էր ՄԱԿ-ում Պուտինի ելույթին, եւ որը բացահայտում էր Ռուսաստանի առաջնորդի հանճարի բոլոր երանգները:
Մ.թ.ա. 5-րդ դարի չինացի մտածող Լաո Ցզին նշում է, որ ամենալավ իշխանությունն այն է, որի գոյության մասին ժողովուրդը ոչինչ չգիտի: Ավելի վատն այն իշխանությունն է, որը հայցում է ժողովրդի սերը: Շատ վատն է այն, որից ժողովուրդը վախենում է: Իսկ ամենավատ տարբերակն այն է, երբ ժողովուրդն իր իշխանությանն արհամարհում է: Սիրո եւ վախի, Լաո Ցզիի դասակարգմամբ, «միջանկյալ տարբերակներն», իմ կարծիքով, իրար մոտ են: Պարզապես «սեր» բառն այստեղ տեղին չէ. ժողովրդավարական երկրներում իշխանություններին ոչ թե սիրում են, այլ ընտրում են, որպեսզի նրանք ժամանակավորապես կատարեն իրենց պարտականությունները: Եթե վատ են կատարում, հաջորդ անգամ չեն ընտրում: Ահա եւ ամբողջ «սիրավեպը»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: