
«Սերժ Սարգսյանի մեղքը չէ, որ Ադրբեջանն ընկել է այդ վիճակի մեջ»

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն այսօրվա ասուլիսում, խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում առկա՝ Ադրբեջանի հասցեին շատ խիստ հռետորաբանության մասին, կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանն արել է այն, ինչ ներհատուկ է այսօրվա Հայաստանի իշխանության քաղաքական մտքին:
«Սերժ Սարգսյանի մեղքը չէ, որ Ադրբեջանն ընկել է այդ վիճակի մեջ: Դա Ադրբեջանի նախագահի և նրա վարած իսկապես անգլուխ քաղաքականության արդյունքն է: Ստացվում է, որ Ադրբեջաննն ամբողջությամբ մեկուսացման մեջ է, Մոսկվա չի գնում՝ վախենում է Ամերիկայից, Ամերիկա չի գնում՝ վախենում է Մոսկվայից, բռնել է թուրքական գիծը»,- նշեց Ա. Կարապետյանը:
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը տեղում հասկացավ, որ Ալիևին բոլորը համարում են ոչ այնքան «խելոք և հեռատես» քաղաքական գործիչ՝ դատելով այն ամենից, ինչ տեսնում ենք Ադրբեջանում:
«Ես լինեի նախագահ՝ այդքան չէի կենտրոնանա դրա վրա, այդ դեպքերում կան դիվանագիտական լավ խողովակներ, այդ ամեն ինչը կարելի էր անել չերևացող տարբերակով: Դու պետք է երևաս ամեն ինչ հասկացող, շատ լայնախոհ, ցանկանաս ադրբեջանական ազգին ամեն դեպքում բարօրություն, որպեսզի իրենց ղեկավարության հետ խնդիրները լուծի, իսկ այդ սև գործն արվում է այլ ճանապարհներով, ու կան դրա համար հատուկ այլ մարմիններ»,- նշեց Ա. Կարապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: