Բաժիններ՝

Նախագծերի փաթեթն ընդունվելու պարագայում՝ արտադատական կարգով հնարավոր չի լինի մարդկանց սեփականություն հանդիսացող գույքը բռնագանձել

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որն ընդունվելու պարագայում այսուհետ արտադատական կարգով հնարավոր չի լինի մարդկանց սեփականություն հանդիսացող գույքը, այդ թվում՝ դրամական միջոցները բռնագանձման ենթարկել: «Այսօր շրջանառության մեջ եմ դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով կշտկվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում վերջին մի քանի տարիների ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: Խնդիրն այն է, որ ներկա խմբագրությամբ վարչական մարմինների կայացրած ակտերի հիման վրա քաղաքացիները սեփականազրկվում են՝ առանց իրացնելու լսված լինելու իրավունքն ու հնարավորությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրության և ՄԻԵԿ մակարդակով:

Անհամաձայնության դեպքում քաղաքացին ինքը պետք է դիմի վարչական դատարան՝ բողոքարկելով վարչական մարմնի կայացրած ակտը, այնինչ վարչական դատավարության օրենսգիրքը հայցադիմումի կազմման այնպիսի պայմաններ է առաջադրել, որ իրավաբանական կրթություն չունեցող միջին վիճակագրական քաղաքացու կողմից այն կազմվելու դեպքում հնարավոր է, որ անգամ վարույթ ընդունվելու փուլը չհաղթահարի:
Փաստորեն վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա, այնինչ քաղաքացին վճարում է հարկ, որպեսզի վարչական մարմիններն իրեն համապատասխան ծառայություններ մատուցեն:

Արդեն մի քանի տարի է, ինչ արդարադատության նախարարությունն իր առջև գերխնդիր է դրել բեռնաթափելու դատարանները, սակայն կիրառված մեթոդը բոլորովին չի արդարացվում այդ նպատակով, քանի որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես իրավագիտակցության ցածր մակարդակ ունեցող քաղաքացիների իրավունքները, և նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաև սնվում են ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր և այլ կառույցներ:
Նախագծերի փաթեթով վարչական օրենսդրությունը վերադարձվում է նախկին՝ իրավաչափ խմբագրությանը, որով տուգանքի դիմաց գույքի բռնագրավում և/կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները վերացվում են»,- տեղեկացնում է Էդմոն Մարուքյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս