«Ամեն ինչ ասված է տեղին և հասկանալի». Վահրամ Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

«Նախագահի ելույթում արտացոլվեց այն, ինչ որ պետք է ասվեր, բնականաբար, և միջազգային հանրությանն էր հիմնականում կոչ արվում, որ ևս մեկ անգամ հավասարություն չդրվի և գնահատականները ճիշտ դրվեն, թե որ կողմն է հիմնականում շահագրգռված ագրեսիայում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և դրա հնարավոր հետևանքների մասին:

Ըստ նրա՝ Ադրբեջանի գործողություններին կարելի է նաև ավելի խիստ գնահատական տալ՝ տեռորիստական, հաշվի առնելով այս վերջին օրերին խաղաղ բնակչության դեմ կատարված գործողությունները. «Ինձ թվում է, որ և´ միջազգային հանրությունը, և´ Մինսկի խմբի համանախագահները պետք է հետևություններ անեն: Սպասենք արձագանքին: Ինձ թվում է՝ ամեն ինչ ասված է տեղին և հասկանալի: Եվս մեկ անգամ մենք ցանկանում էինք, որ իրողությունը կարողանանք մատուցել, և այն տրամաբանական շարանը, որ նախագահը ներկայացրեց, պետք է նաև հետևել տրամաբանությանը»:

Վ.Բաղդասարյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Վեհաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանը նաև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ պետք է ունենա, կան նաև հանդիպումներ, որ մամուլով չեն հրապարակվել, և ավելի հստակ կարելի կլինի խոսել նախագահի վերադարձից հետո:

Իսկ ի՞նչ գործնական քայլեր կարող են հետևել հայտարարություներին: Ըստ Վ.Բաղդասարյանի՝ և´ Ռուսաստանի արտգործնախարարի, և´ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահի հայտարարությունների մեջ կային դիտարկումներ, որ ղարաբաղյան հարցում կլինեն նոր մոտեցումներ. «Կսպասենք նաև, թե երկու արտգործնախարարների հանդիպման արդյունքում ՄԽ համանախագահնենը ինչ արձագանքներ կտան»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում երեկ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերջին աճին, ասել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում, Հայաստանին այլ ընտրություն չի մնում, և մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Ս.Սարգսյանը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը և մի քանի հարցադրումներով հստակ ցույց է տվել, որ սահմանային վերջին միջադեպերը բացառապես ադրբեջանական սադրանքի արդյունք են, և Ադրբեջանն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը:

Տեսանյութեր

Լրահոս