Ի՞նչ կարող էր ասել Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացրեց այնպիսին, ինչպիսին երկիրը նա հիմա ունի, և ինչ վիճակի որ բերել է: Այս կարծիքին է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթի մասին, ասաց, թե ՀՀ նախագահը խոսում էր «այն հզորությամբ, ինչ հզորությամբ երկիր ունի»:

«Դահլիճում գրեթե մարդ չէր մնացել, որովհետև մեծ մասամբ գերտերությունների խոսելուց հետո դահլիճը դատարկվում է, բայց միանշանակ հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը խոսում էր այն հզորությամբ, ինչ հզորություն ունի երկիրը: Այսինքն՝ ինքը մեծ մասամբ խոսում էր մեր հարցերից, խոսում էր այն հարցերից, որ ներքին լսարանի գրտնակի տակ չընկնի, թե ինչու այդ վեհաժողովը չօգտագործեց՝ ասելու սահմանային լարվածության մասին, և այլն: Ի՞նչ եք կարծում՝ այդ վեհաժողովին նստածներից, նույնիսկ նրանք, ովքեր դահլիճում էին, ո՞ւմ էր դա հետաքրքրում»,- հայտարարեց Ա. Կարապետյանը:

Հարցին՝ աշխարհաքաղաքական առումով՝ Սերժ Սարգսյանն ի՞նչ կարող էր ասել այնտեղ, Ա. Կարապետյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, պարզ է, որ պետք է բարձրացնել հարցեր, որոնք առօրյա են՝ սահմանային խնդիրները, Ադրբեջանի հետ կապված Ղարաբաղի խնդիրը, բայց դրա հետ միասին՝ աշխարհը, երևի թե, հայ ազգից սպասում է հենց այդ քաոսային վիճակի հետ կապված լուծումների ալգորիթմ, քանի որ մեր ազգը երկար հազարամյակներ այդ քաոսների միջով անցել է ու ունի ինչ-որ տեղ այդ հիշողությունը և դիվանագիտության մեջ օգտագործելու կարողությունը: Աշխարհը միշտ հայ ազգից սպասելու է, որ մենք՝ քաղաքակրթական առումով, տարբեր կրոնների միասնության մեջ ապրելով, լինելով այդ կիզակետում՝ նմանատիպ ալգորիթմներ առաջարկենք: Ցավոք սրտի, Հայաստանի պետականության և այսօրվա էլիտայի մակարդակն այնպիսին է, ինչպիսին ելույթը լինում է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս