Բաժիններ՝

Նիկոլայ Բաղդասարյանի վերաբերյալ հայտարարությունն ուղարկել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներին

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ի պաշտպանություն փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի օրեր առաջ հանդես եկած հայաստանյան թվով 16 հասարակական կազմակերպությունների հայտարարությունը ուղարկվել է Հայաստանում հավատարմագրված դեսպանատների (ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի Դաշնության, Նորվեգիայի, Ռումինիայի, Լիտվայի), և 21 միջազգային (ԵԱՀԿ, ԵԽ, ԵՄ, Հյուման Ռայտս Վոտչ` Նյու Յորքի, Վաշինգտոնի և Ժնևյան գրասենյակներ, Միջազգային Վերականգնողական Խորհուրդ Խոշտանգումների Զոհերի Համար (IRCT), ՄԱԿ-ի Կամավորական Հիմնադրամ Խոշտանգումների Զոհերի Համար) այլ կազմակերպությունների ` կոչ անելով վերջիններիս գործնական քայլեր ձեռնարկել փաստաբանին պաշտպանելու իրավապահ մարմինների կողմից դրսևորվող կամայականություններից:

Մասնավորապես դիմելով միջազգային և արտասահմանյան կառույցներին նրանց ուշադրությունն ենք հրավիրում իրավապահ մարմինների կողմից իրավապաշտպանների, իրավապաշտպան կազմակերպությունների և փաստաբանների նկատմամբ կամայական հիմքերով և հիմնավորումներով իրականացվող քրեական և վարչական հետապնդումներին:

Միջազգային հանրությունից ի դեմս նշված կառույցների ակնկալում ենք նրանց աջակցությունը ժողովրդավարության և օրենքի գերակայության կայացմանը մեր երկրում:

Հիշեցնենք, որ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմաբ հարուցվել է քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, հանդիսանալով ամբաստանյալ Գագիկ Գեղամյանի պաշտպան, հավաքել է վկա Տաթևիկ Հովսեփյանի վերաբերյալ տեղեկատվություն, որոնք պարունակել են անձնական գաղտնիք, իսկ այնուհետև այդ տեղեկատվությունը հրապարակել է լրատվական միջոցներում, ինչը նախաքննական մարմինը դիտել է որպես անձնական գաղտնիքի տարածում:

2015 թվականի սեպտեմբերի 19-ին հայաստանյան 16 հասարակական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությունը բաց է միանալու համար` դրանով աջակցելով Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինների ապօրինի գործելաոճի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորմանը: Հայտարարությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով. 

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս