
«Հայկական կողմը սադրում է Ադրբեջանին». Իլհամ Ալիև

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը։
Հերբերտ Սալբերը նշել է, որ այցն Ադրբեջան լավ հնարավորություն է քննարկելու ԵՄ-ի ու Ադրբեջանի ներկայիս հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտությունները:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական ու ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ հակամարտության լուծումը տարածաշրջանում կայունության հաստատման կարևոր կողմերից է:
Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմի նպատակն է ձգձգել բանակցային գործընթացն ու պահպանել գոյություն ունեցող ստատուս քվոն:
Նրա խոսքով՝ ստատուս քվոյի պահպանումն «անընդունելի» է ու դրա անհնարինության մասին իրենց ելույթներում բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահները։
Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին՝ Ալիևը ասել է, որ «հայկական կողմը սադրում է Ադրբեջանին»:
Ինչ վերաբերում է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերություններին, Ալիևը հայտարարել է, որ ԵՄ-ի մի շարք շրջանակներ կանխակալ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ, ինչը «անթույլատրելի» է։