Ընկերոջս 40-ամյակն է. Նա վախենում է նշել տարեդարձը. Պարզաբանում է Տեր Շմավոնը
«Ընկերոջս 40-ամյակն է. Նա վախենում է նշել տարեդարձը. Ինչպե՞ս բացատրել, որ դա սնահավատություն է». այս հարցին պատասխանում է Տեր Շմավոնը:
«40-րդ օրվա հետ կապված տարբեր կարծիքներ կան: Երեխան ծնվում է և քառասուներորդ օրը չեն նշում, մարդու ծննդյան 40-րդ տարեդարձը նույնպես չեն նշում՝ մտածելով, որ ինչ-որ վատ բան պետք է լինի, և այդ ամենը կապում են ննջեցյալների քառասունքի հետ: Շատ թյուր կարծիք է տարածված, և մարդիկ այդ տարի պարզապես անտեսում են իրենց կյանքի այդ գեղեցիկ օրը, քառասուներորդ տարին:
Այնուամենայնիվ, այն գալիս է, հետո գալիս են 41-րդ, 42-րդ տարիները և այդպես շարունակ՝ ինչքան Աստված կյանք պարգևի: Եվ մենք պետք է յուրաքանչյուր օր ուրախանանք Աստծո պարգևած ամեն տեսակ օրերով՝ լուսավոր, պայծառ, արևոտ, ու նաև՝ ոչ այդպիսի օրերով, որովհետև ամեն ինչ Աստված է տալիս մեզ: Ինչ վերաբերում է քառասունքի հետ կապված սնոտիապաշտական վերաբերմունքին, մարդու համար այն ամենն, ինչ առնչվում է ննջեցյալներին, շատ տարօրինակ է և շատ անգամ փոքր-ինչ վախեցնող:
Եթե նույն տրամաբանությամբ հետևենք, ապա մենք նաև պետք է 7-րդ օրը չհանգստանանք, որովհետև ննջեցյալի հետ կապված յոթի արարողություն կա, 1 տարեկան երեխայի ծնունդը ևս չպետք է նշենք, որովհետև ննջեցյալի հետ կապված առաջին տարելիցի արարողություն կա, երկրորդ, երրորդ տարելիցի արարողություն էլ կա, այսինքն՝ կարող ենք ծայրահեղության մեջ ընկնել, ինչն օգուտ չի բերում:
Ամեն օրն ունի իր խորհուրդը, իր արժեքը, և պետք չէ թացը չորի հետ խառնել: Եթե 40 տարեկան ես, 40-րդ տարին նշիր, եթե 35 ես, 35-ը նշիր, և ամենևին պետք չէ մեկը մյուսի հետ կապել և մտածել, որ եթե 40-րդ տարին նշվի, ապա դժբախտությունների շարան կսկսվի և այլն:
Նման բան գոյություն չունի: Հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր 39 տարեկան են և շուտով պիտի դառնան 40. նշեք ձեր տարեդարձը և ուրախացեք Աստծո պարգևած ամեն օրով և ամեն տարով, փառք տվեք Աստծուն բոլոր օրերի համար»: