
Աշխարհահռչակ մոդելյեր Ռալֆ Լորենը հեռանում է Ralph Lauren նորաձևության տան ղեկավարի պաշտոնից

Ամերիկացի մոդելյեր Ռալֆ Լորենը լքում է Ralph Lauren Corporation նորաձևության տան ղեկավարի պաշտոնը, որն ԱՄՆ-ում հիմնադրվել է գրեթե 50 տարի առաջ:
Նոյեմբերին նրա տեղը կզբաղեցնի Ստեֆան Լարսոնը՝ Gap-ին պատկանող ոչ թանկարժեք հագուստի Old Navy բրենդի նախագահը, հայտնում է BBC-ն:
Ռալֆ Լորենը, ով հոկտեմբերին կդառնա 76 տարեկան, ծրագրում է շարունակել մնալ գլխավոր մոդելյեր:
Լորենը հայտարարել է, որ իր իրավահաջորդը «բացառիկ տաղանդավոր է» ու ընկերություն կբերի «նոր ու գլոբալ հեռանկարներ»:
«Նա հասկանում է, թե ինչ են երազանքները: Այս բիզնեսում ամեն ինչ կապված է երազանքների հետ, քանի որ դու երազում ես ապագայի մասին ու դու ձգտում ես առաջընթացի, փոփոխությունների ու նորարարությունների»,- ասել է Լորենը:
41-ամյա Լարսոնը Old Navy-ին գլխավորել է 2012 թվականից ու ունի լավ վարկանիշ: Նա կարողացել է ավելացնել բրենդի վաճառքները՝ ի տարբերություն Gap-ի մյուս բրենդների:
Անցած տարի Ralph Lauren նորաձևության տունը վաստակել է 7,5 մլրդ դոլար: