
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում է

Ս.թ. սեպտեմբերի 23-ից 25-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի շրջանակներում այցելել է ԱՄՆ-ում տեղակայված «Մայքրոսոֆթ» ընկերության գրասենյակ: Այցի ընթացքում տեղի են ունեցել այցելություններ ընկերության Կիբեր հանցագործությունների պայքարի գրասենյակ և Տվյալների պահպանման կենտրոն, ինչպես նաև հանդիպումներ ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ:
Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակման և ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:
Պատվիրակության կազմում ընդգրկված «ԵրՄՄԳՀԻ» տնօրեն Ա.Թառոյանը «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին է ներկայացրել կիբերանվտանգության բնագավառում առկա մարտահրավերներին դիմագրավման նպատակով ՀՀ-ում «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի ստեղծման նախաձեռնության մանրամասները և ընկերության հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
ՀՀ Կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Կառավարության անվտանգության ծրագրի վերաբերյալ» պայմանագրի համաձայն սեպտեմբերի 28-ից 30-ը «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոնում վերապատրաստում է անցնում ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչություններից կազմված տեխնիկական անձնակազմը: