Սդղի Գյոլի գործով տուժող Հարություն Զաքարյանին ճնշե՞լ են. ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի գործը շատ պարզ, հասարակ գործ է: Սովորական պայմաններում մեկ ամիս էլ չէր տեւի սրա նախաքննությունը, բայց գործը հինգ ամիս ձգձգեցին զուտ մի բանի համար, որպեսզի իրավիճակ փոխվի՝ հօգուտ Սուրիկ Խաչատրյանի»:
Երեկ մեր զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Գորիսի Սդղի գյոլում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նոր զարգացմանը: Ինչպես արդեն նշել ենք, մեր տեղեկություններով, սույն գործով առանցքային տուժող Հարություն Զաքարյանը փոխել է իր ցուցմունքը. նա չի պնդում, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանն է հարվածել իր աչքին:
Տիգրան Խաչատրյանի կալանավորելուց հետո փաստաբան Հայկ Ալումյանը, ասուլիսներից մեկի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին ասել էր, որ սույն գործով սպասենք նոր անակնկալների. « Ես չգիտեմ` հիմա ինչ մեթոդ կընտրեն՝ նրան (Տիգրան Խաչատրյանին.-հեղ.) քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու, դժվար է կանխատեսել` այս անգամ ինչ կանեն, բայց ինչ-որ բան հավանաբար փորձելու են անել»,-ասել էր Ալումյանը:
Երեկ, պատասխանելով մեր հարցին, փաստաբանն ասաց, որ ինքը դեռեւս երեք ամիս առաջ կանխազգում էր, որ Սդղի գյոլի գործով նախաքննությունը ձգելու են այնքան, մինչեւ որեւէ եղանակ գտնեն Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու: Մեր հարցին, թե տուժողի ո՞ր ցուցմունքը պետք է հիմք ընդունվի՝ Տիգրան Խաչատրյանի հետ առերես հարցաքննության ընթացքում տված ցուցմունքը, թե՝ վերջին ցուցմունքը, Ալումյանը պատասխանեց, որ բոլոր ցուցմունքները պետք է նայվեն իրար հետ համատեղ, ընդ որում՝ անպայման չի, որ տուժողի վերջին ցուցմունքը հիմք ընդունվի: «Առաջին ցուցմունքը, եթե հիշում եք, ինքն (Հարությունը.-հեղ.) ասում էր՝ քար է թռել աչքին, ինչը արժանահավատ չէր: Պետք է նայել՝ վերջին ցուցմունքը ինչքանո՞վ է արժանահավատ, արդյոք նույն շարժառիթնե՞րը չի, ինչ որ առաջին ցուցմունքը տալու ժամանակ: Դա քննության ընթացքում պետք է պարզվի: Մեխանիկորեն չի կարելի ընդունել վերջին ցուցմունքը կամ առաջին ցուցմունքը: Պետք է նախ հասկանալ՝ ի՞նչն է դրդել տուժողին սկզբում ուրիշ ցուցմունք տալ, վերջում՝ այդպիսի ցուցմունք տալ: Ամբողջ խնդիրն այն է, որ դատախազությունն է ամբողջ դերակատարը, այսինքն՝ այս քննությունը այնքան ձգվեց, մինչեւ որ մի հատ այսպիսի ցուցմունքի փոփոխություն տեղի ունեցավ: Համոզված եմ, որ եթե ցուցմունքը չփոխվեր, գործի քննությունը հինգ ամիս էլ կձգվեր, էլի զանազան մեթոդներ կկիրառվեին, զանազան ելքեր կփնտրվեին: Ես ասել էի, որ դեռ չգիտեմ, թե իրենք ինչ կանեն, բայց որ իրենք ամեն ինչ կանեն, որ այդ մարդը պատասխանատվությունից ազատվի, ես դրանում համոզված եմ»,- պատասխանեց փաստաբանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ մեր զրույցում ասաց, որ չի հավատում, որ գործով տուժող Հարություն Զաքարյանը փոխել է իր ցուցմունքը. «Եթե նույնիսկ ընդունենք, որ փոխել է, ապա դա միանշանակ կարող եմ գնահատել որպես նախաքննության կամ Հարություն Զաքարյանի վրա ճնշման արդյունք, կամ՝ Լիսկայի կողմից նախաքննության վրա ճնշման հետեւանքով նախաքննության ընթացքի փոփոխություն: Ես, ճիշտն ասած, ժամանակին նշել եմ, որ այս հանցագործության քննության ընթացքում պետք է անպայման դադարեցվեր հենց Սուրիկ Խաչատրյանի լիազորությունների իրականացումը, որովհետեւ ինքը, լինելով Սյունիքի մարզպետ, պաշտոնատար անձ, անմիջականորեն արդյունավետ հնարավորություն է ունենում նախաքննության մարմնի վրա ազդելու: Տվյալ դեպքում, ես սա միանշանակ համարում եմ օբյեկտիվ քննության իրավունքի խախտում, նպատակը հետեւյալն է, որ պատասխանատվությունից զերծ պահեն Սուրիկ Խաչատրյանի որդուն»,- ասաց Սաքունցը: Մեր ճշտող հարցին այսինքն ճնշու՞մ են գործադրել Հարություն Զաքարյանի վրա, իրավապաշտպանը պատասխանեց՝ միանշանակ: Դիտարկմանը՝ գուցե Սուրիկ Խաչատրյանն ու Զաքարյանները համաձայնության են եկել, Սաքունցը բացառեց. «Բավական մեծ է Զաքարյանների նկատմամբ ճնշումը, եւ դա նախաքննության նկատմամբ մարտահրավեր է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: