Բաժիններ՝

Աջակցենք Ֆրանցիսկոս պապի թեկնածության առաջադրմանը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար

Մի քանի շաբաթ առաջ Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սարգիս Ասատրյանը տեղեկացրեց ինձ, որ իր խնդրանքով խորհրդարանական Ջուդի Սգրոն Ֆրանցիսկոս պապին առաջադրել էր 2016 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար:

Թեկնածության առաջադրման իր նամակում խորհրդարանական Սգրոն բարձր է գնահատել Նորին Սրբությանը՝ «ընդգրկուն, բացահայտ և բարեփոխված հոգևոր իշխանության» կերտման համար: Նա Հռոմի պապին նկարագրել է որպես «բարություն ներշնչող ուժ» և «հույսի խորհրդանիշ…. Անցյալի չարագործությունների և հակամարտությունների հաշտեցման նրա ջանքերից մինչև նրա աշխատանքը՝ ուղղված խաղաղության ամրապնդմանը և տարաձայնությունների առիթ հանդիսացող խնդիրների շուրջ փոխըմբռնման ու հանդուրժողականության սերմանմանը, Ֆրանցիսկոս պապն արդեն իսկ հաստատվել է որպես համաշխարհային փոփոխության իսկական և կառուցողական ուժ»:

Ասատրյանը հարցրեց ինձ, թե արդյոք կարող եմ որևէ ամերիկացի օրենսդիր գտնել, որը նույնպես կցանկանա Հռոմի պապին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի: Ես անմիջապես կապ հաստատեցի կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, ով ոչ միայն համաձայնեց առաջադրել Պապի թեկնածությունը, այլև դիմեց Ներկայացուցիչների պալատի մյուս անդամների աջակցությանը՝ շրջանառության մեջ դնելով Նոբելյան հանձնաժողովին ուղղված մի նամակ:

Կոնգրեսական Շիֆի սեպտեմբերի 23-ի նամակում ասվում է. « Հռոմի պապն անգերազանցելի պերճախոսությամբ, խոնարհությամբ և կարեկցանքով իր հեղինակությունն օգտագործեց՝ ամբողջ աշխարհի մարդկանց և ժողովուրդներին հոգևորության, բարոյականության և ազնվության կոչ անելու համար…. Ֆրանցիսկոս պապը եղել է խաղաղության հզոր ջատագով, ով կոչ է արել վերջ դնել հակամարտությանը և աջակցել ազգերի միջև կառուցողական կապերի հաստատմանը: Նա հորդորել է աշխարհին վեճերը կարգավորելու համար օգտագործել դիվանագիտությունը և բանակցությունները, այլ ոչ թե կիրառել ռազմական ուժ, պարտադրանք կամ վախ: Բռնությունը մերժելու այս հանձնառությունը, որ Պապն ամեն օր կիրառում է իր խոսքերում և գործունեության մեջ, ներառված է Խաղաղության Նոբելյան մրցանակի սկզբունքների հիմքում»:

Հաշվի առնելով Պապի կողմից Հայոց ցեղասպանության վերահաստատումը Վատիկանում ապրիլի սկզբին մատուցված պատարագի ժամանակ, կոնգրեսական Շիֆը բարձր գնահատեց. «նրա խիզախ դիրքորոշումը մարդու իրավունքների պաշտպանության և անցյալի ու ներկայիս բոլոր ցեղասպանությունների դատապարտման գործում»: Նորին Սրբությունը նաև դատապարտել է «քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների հետապնդումը Սիրիայում և Իրաքում»:

Կոնգրեսական Շիֆը Հռոմի պապին նաև բնութագրեց որպես « սփոփելու առաջատար պաշտպան» մեծ թվով փախստականների համար, որոնք ներկայումս հեղեղել են Եվրոպան: Պապը նույնիսկ հրավիրել է «սիրիացի մի փախստական ընտանիքի բնակվելու Վատիկանի իր նստավայրում»:

Վերջապես, թեկնածության առաջադրման իր նամակում, կոնգրեսական Շիֆն ընդգծել է, որ «Հռոմի Ֆրանցիսկոս պապը նաև աշխատել է միջազգային հանրությանը դրդել իրենց վրա վերցնելու համաշխարհային հիմնախնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և մթնոլորտի վատթարացումը…. Ֆրանցիսկոս պապը հարց է բարձրացնում կրոնական առումով աշխարհում տիրող անառողջ մթնոլորտի վերաբերյալ, ընդգծելով, որ մեր բոլորի պարտքն է հոգալ աշխարհի մասին և ապագա սերունդներին փոխանցել աղտոտումից զերծ մթնոլորտ»:

Կոնգրեսական Շիֆի նամակը, համընկնելով Միացյալ Նահանգներ Պապի կատարած այցի և Կոնգրեսի երկու պալատների առջև ելույթ ունենալու հետ, մեծ ուշադրության արժանացավ նրա գործընկերների և լրատվամիջոցների կողմից: «Վաշինգտոն պոստ» թերթը «Արդյոք Հռոմի պապը պե՞տք է ստանա Խաղաղության Նոբելյան մրցանակ» խորագրով իր ծավալուն հոդվածում նշել է, որ «Ֆրանցիսկոս պապի խաղաղության մրցանակը կլինի պատմական փաստ, քանի որ դեռևս ոչ մի Պապ չի արժանացել այդ պատվին»:

Խաղաղության Նոբելյան մրցանակի համար թեկնածուի առաջադրումը համարվում է վավերական, եթե այն ներկայացվում է հետևյալ խմբավորումներից որևէ մեկին պատկանող անձի կողմից.

Պետությունների խորհրդարանների և կառավարությունների անդամներ.

Միջազգային դատարանների անդամներ.
Միջազգային իրավունքի ինստիտուտի անդամներ.
Համալսարանների ռեկտորներ. հասարակագիտության, պատմության, փիլիսոփայության, իրավունքի և աստվածաբանության պրոֆեսորներ.
Խաղաղության խնդիրների հետազոտման և արտաքին քաղաքականության հարցերով ինստիտուտների տնօրեններ.

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ.

Խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած կազմակերպությունների խորհրդի անդամներ.
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի ներկա և նախկին անդամներ.
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախկին խորհրդականներ:
Հռոմի պապի առաջադրումը զգալիորեն կուժեղանա, եթե այն ստանա նաև ԱՄՆ սենատորների և այլ երկրների օրենսդիրների, այդ թվում՝ Հայաստանի խորհրդարանականների աջակցությունը: Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրման վերջնաժամկետը 2016 թ. փետրվարի 1-ն է: Մրցանակակիրն ընտրվում է հինգ հոգուց բաղկացած Նոբելյան հանձնաժողովի կողմից, որի անդամներին նշանակում է Նորվեգիայի խորհրդարանը: Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին, Օսլոյի քաղաքապետարանում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը լիովին արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ թեև նա չափազանց համեստ է դրան ձգտելու կամ ընդունելու համար: Եթե նա շահի այդ մրցանակը, ամենայն հավանականությանբ, 1.5 միլիոն դոլար պարգևը կնվիրաբերի ամբողջ աշխարհի աղքատներին և կարիքավորներին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս