«Բարի եղեք, ՔՕ-ին համապատասխան քրեական գործ հարուցեք Զարուհի Փոստանջյանի նկատմամբ». Գուրգեն Եղիազարյանը՝ ԱԱԾ-ի հայտարարության մասին
«ԱԱԾ-ն իրավունք չունի հայտարարություններ անելու, նա այն կազմակերպությունն է, որ, եթե արեց հայտարարություն, ուրեմն՝ գործողություն պետք է հետևի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի օրերս արած հայտարարությանը՝ ուղղված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Հիշեցնենք, որ Զ. Փոստանջյանը վերջերս ԱԺ-ում հայտարարել էր, թե ԱԱԾ-ի շենքը, որտեղ նաև գտնվել է Գարեգին Նժդեհը, իր պապիկը, եղբայրը, որտեղ «եղել են մեր հասարակության օրինավոր շատ քաղաքացիներ, որոնք ենթարկվել են թե՛ կտտանքների, թե՛ ապօրինությունների, Չարենցն է, վերջիվերջո, այնտեղ եղել», պետք է քանդել: «Մենք դա չպետք է թույլ տանք մնա, և այնտեղ պետք է հիմնենք թանգարան»,- հայտարարել էր «Ժառանգության» ղեկավարը:
ԱԱԾ-ն արձագանքելով Զ. Փոստանջյանի այդ հայտարարությանը՝ իր հերթին՝ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԱԱԾ-ն միայն հիշեցնում է, որ «տապալում», «շենքերի քանդում» արտահայտությունները և նման բովանդակությամբ կոչերը ՀՀ քրեական օրենսգրքով նկարագրված հանցավոր արարքների բնութագրիչ հատկանիշներից են, և այդպիսի գործողություններն ուղղակիորեն առնչվում են օրենսդրությամբ Ազգային անվտանգության մարմինների առաջ դրված խնդիրներին: Ուստի ցանկացած նման կոչ, առավել ևս՝ գործողություն, կատարելու փորձ կկանխվի ՀՀ ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած բոլոր օրինական միջոցներով»:
Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ ԱԱԾ-ն իրավունք չունի ասելու, որ Զարուհի Փոստանջյանն անցել է իրավական սահմանը, որովհետև, ըստ նրա՝ դա նշանակում է, որ, եթե սահմանն անցել է, հայտնվում է արդեն այնտեղ, որտեղ աշխատում է օրենսգիրքը. «Ուրեմն՝ բարի եղեք, Քրեական օրենսգրքին համապատասխան քրեական գործ հարուցեք, այդ հայտարարությունն ինչի՞ է հարկավոր, դա մանկապարտեզի մակարդակի մի բան է: Մոռանում եք, որ Զարուհի Փոստանջյանը պատգամավոր է, եթե պատգամավոր է, ապա ունի անձեռնմխելիություն, հիմա ի՞նչ հայտարարության մասին է խոսքը: Գնացեք Ազգային ժողով, Էթիկայի հանձնաժողովում այդ հարցերը բարձրացրեք և Զարուհուն պատժեք»: