«ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը փաստ է, ու հարկավոր է ճկունություն հանդես բերել և օգտվել ընձեռված նոր հնարավորություններից»
Մեր զրուցակիցն է «Ռազմավարական զարգացման ինստիտուտի»
Հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Էդվարդ Անտինյանը
– Պարոն Անտինյան, ձեր ղեկավարած կառույցի գործունեությունն ի՞նչ չափով է պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցությամբ:
– Գրեթե ամբողջությամբ: Թե մեզանում ով է գոհ, իսկ ով՝ դժգոհ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունից, դա այլ հարց է, որը գտնվում է քաղաքական տիրույթում: Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ անդամակցությունը փաստ է, ու հարկավոր է ճկունություն հանդես բերել ու օգտվել ընձեռված նոր հնարավորություններից: Չմոռանանք, որ, երբ տարիներ առաջ Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր, ու, եթե մենք տուժում էինք այնտեղ գոյություն ունեցող արատավոր երևույթներից, ապա դրան զուգահեռ՝ մեծապես շահում էինք նաև այդ Միության հնարավորություններից: Եվ պատահական չէ, որ Հայաստանում բարեկեցության մակարդակը նկատելիորեն բարձր էր միջին միութենական ցուցանիշներից: Այժմ ինքնիշխան պետություն ենք ու անդամակցել ենք տնտեսական միության, բայց տուժում ենք այդ Միությունում առաջացած դժվարություններից, հատկապես՝ Արևմուտք-ՌԴ հակամարտության պատճառով, իսկ հնարավորություններից չենք օգտվում: Անհրաժեշտ է ԵԱՏՄ մեր գործընկերներին համակողմանի ներկայացնել ՀՀ-ն, որպեսզի հնարավոր լինի զարգացնել տնտեսական կապերը, տուրիզմը, փորձել ներդրողներ գտնել: Նաև մենք տեղեկանանք, թե ինչ վիճակ է մեր գործընկերների մոտ, որպեսզի հասկանանք, թե ինչ կարող ենք արտահանել: Համացանցում թափթփված ողջ տեղեկատվության մեջ հնարավոր չէ անհրաժեշտ տեղեկությունը գտնել, իսկ մենք կփորձենք դա համակարգված ձևով ներկայացնել շահագրգիռ բոլոր կողմերին:
Ցանկանում եմ հատուկ շեշտել, որ ՀՀ ներքաղաքական կյանքին անդրադառնալը մեր գերակա ուղղություններից չի լինելու: Մենք խնդիր ունենք տնտեսական կապերն ակտիվացնելու և, բնականաբար, չենք կարող լինել ներքաղաքական կոնֆլիկտի կողմ, կամ սպասարկել որևէ քաղաքական ուժի շահերը:
Մասնավորապես. այս կամ այն ուժին սպասարկող լրատվամիջոցներում մշտապես ներկայացվում է, որ Հայաստանը կործանվում է, ու այս իշխանությունները, եթե մի օր էլ մնան, ապա մեր երկրից միայն ավերակներ կմնան: Դա իրենց իրավունքն է՝ սուր ձևակերպումներով ներկայացնել երկրում տիրող վիճակը, ու մենք հարգանքով ենք վերաբերվում նրանց կարծիքին: Անկասկած, նաև նման տեսակետներ տեղ կգտնեն մեր լրատվամիջոցներում, ու հաստատ դրսում տպավորություն չի լինի, որ անաչառ չենք ու վառ գույներով ենք ներկայացնույմ մեր երկրի վիճակը, որպեսզի իրենց գայթակղենք՝ տնտեսական կապեր զարգացնելու նպատակով: Ո՞վ մեր երկրում ներդրում կանի, եթե իմանա, որ մի օրվա կյանք ունենք, իսկ այս իշխանություններին հեռացնելն էլ մի օրվա գործ չէ: Բնականաբար, նշածս տեսակետների կողքին պետք է ներկայացնենք նաև կառավարության գործունեությանը վերաբերող հարցեր՝ ոլորտ առ ոլորտ, հավատ ներշնչենք, որ դժվարությունների հետ մեկտեղ՝ նաև լուրջ ծրագրեր են կյանքի կոչվում մեր երկրում:
– Բայց «Եվրասիա» մեդիա հոլդինգը, որքան հասկանում ենք, դրսի ֆինանսական աջակցությամբ է գործելու, այդ դեպքում ինչպե՞ս եք օբյեկտիվություն ապահովելու, եթե, ինչպես ասում են. «Ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում»:
– Ասել, որ մեդիադաշտում հնարավոր է բացարձակ անկախ լինել՝ միամտություն է կամ խաբեություն, բայց կփորձենք նաև մեր երկրում գտնել գործընկերներ, ովքեր շահագրգռված կլինեն մեզ հետ համագործակցելու հարցում: Լինեն դրանք պետական կառույցներ, գործարար շրջանակներ կամ բարեգործներ, ուստի, եթե հնարավոր չէ անկախ լինել, ապա գոնե կարողանանք բալանսը պահել: Չէ՞ որ այն ծրագրերը, որոնք պատրաստվում ենք իրականացնել, կամ էլ նպաստել նրանց իրականացմանը՝ մեր երկրում են աշխատատեղեր ապահովելու, միտված լինելու հասարակության կենսամակարդակի բարձրացմանը: Այնպես որ, դրանց կենսագործման հարցում շահագրգիռ պետք է լինեն առաջին հերթին՝ իշխանությունները:
– Այդ հարցում կասկածնե՞ր ունեք:
– Այս տարիներին շատ ենք լսել, որ դրսի աջակցությունը, անկախ նրանից, թե ինչ տեսքով է այն, օգնում է իշխանությունների վերարտադրվելուն, քանի որ դժգոհների թիվն է պակասում, ու չի հավաքվում կրիտիկական զանգված՝ իշխանափոխություն անելու համար: Բայց կյանքը ցույց տվեց, որ դժգոհները տեսնելով, որ քաղաքական ուժերին չի հաջողվում իրենց խոստացած իշխանափոխությունը կյանքի կոչել՝ հիասթափվում են՝ թե՛ իշխանություններից, թե՛ ընդդիմությունից ու լքում երկիրը: Ուստի այս կարգի դեստրուկտիվ մտածելակերպ ունեցող ընդդիմադիրները տարեցտարի պակասեցին ու այլևս հասարակական աջակցություն չունեն:
Սակայն պակաս վտանգավոր չէ, երբ իշխանությունների մեջ կան առանձին դեստրուկտիվ ուժեր, որոնք ամեն կերպ խոչընդոտում են ԵԱՏՄ շրջանակներում բազմապիսի ծրագրերի իրականացմանը, ինչ է թե՝ կարողանան ասել, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, քանի որ ոչ մի դրական սպասում չունենք այդ կառույցից: Նման մոտեցումը նույնպես դատապարտված է ձախողման: Այդ կարգի քայլերը ստվեր են գցում ողջ իշխանության վրա, առավելևս, որ իրենց որոշման հիման վրա ու քվեարկության արդյունքում է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը տեղի ունեցել:
– Նկատի ունեք իշխանամերձ արևմտամետ շրջանակների՞ն, որոնք խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին:
– Նաև նրանց, թեպետ դա իրենց քաղաքական ընտրությունն է, և կյանքի իրավունք ունի: Ես, ուղղակի, չեմ ողջունում այն հայհոյախառն գործելաոճը, որ ունեն արևմտյան արժեքներ քարոզող գործիչներն ու որոշ լրատվամիջոցներ: ՀՀ-ն դեպի Արևմուտք գնալու իրական շանս ուներ 2004-2008 թվականների միջակայքում, երբ մեր հյուսիսային հարևան Վրաստանը հեղափոխական ալիքի վրա բռնեց Եվրաինտեգրման ուղին ու կարող էր իր հետևից տանել նաև մեր երկիրը:
Բայց դա տեղի չունեցավ, ինչին զուգահեռ՝ աստիճանաբար մեծացավ ՌԴ-ի ռազմաքաղաքական ու տնտեսական ազդեցությունը մեր երկրում: Իսկ 2008-ի վրաց-օսական պատերազմի հետևանքով հասկացանք, որ Արևմուտքի աջակցությունը գերագնահատված է մեզանում, ու, եթե մենք էլ այդ ճանապարհով գնայինք, ապա կկորցնեինք Ղարաբաղը: Բացի այդ, արևմտյան արժեքներով խանդավառվածները չեն կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ պետք է մեր հասարակության համար խորթ, մեր ազգային նկարագրին անհարիր արատավոր երևույթները մտցնենք մեր երկիր, ինչ է թե՝ նպատակ ունենք ինտեգրվել Եվրոպային:
Ուստի մեր «արևմտամետները» չկարողանալով տալ բազմաթիվ հարցերի պատասխաններ՝ հիստերիայի մեջ են ընկնում ու անցնում հայհոյախառն վիրավորանքների: Դրանով իսկ մեր հասարակության աչքում են վարկաբեկում արևմտյան արժեքները, թե այս անդաստիարակնե՞րն են քաղաքակրթական ընտրությունից խոսում ու արևմտյան արժեհամակարգ ներկայացնում, մեկը լինի՝ սրանց բացատրի, թե ինչ են փորձում իրենք ուրիշներին բացատրել:
Եթե առավոտից երեկո դժգոհում եք այն տնտեսական կառույցից, որին անդամակցել ենք, ու ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունից, և դիմում եք Արևմուտքին, թե՝ փրկի մեզ կործանումից, մեր երեխաները մեր երկրում ապագա չունեն, ապա Արևմուտքն էլ մեզ սովորեցնում է, թե ինչպես կռվենք ու զոհվենք բարիկադների վրա՝ հանուն երեխաների ապագայի: Իսկ դուք դա՞ եք ակնկալում Արևմուտքից:
Ուրեմն այն, ինչ ունենք՝ եկեք զարգացնենք, իսկ եթե բանակցելու ցանկություն ունեք Արևմուտքի հետ, ապա կարող եք ասել, որ մենք այստեղ էլ մեզ վատ չենք զգում, դուք ի՞նչ եք առաջարկում՝ մեր ունեցածից ավելի լավը: Չեմ հավատում, որ այս պարզունակ բանը չեն հասկանում, որ բանակցությունից առաջ ունեցածդ չպետք է վատաբանես: Ուղղակի, հավանաբար, այլ նպատակներ են հետապնդում, որոնք որևէ կապ չունեն մեր ազգի ու պետության շահերի հետ:
Նորից հիշեմ Խորհրդային Միությունը, որը կենսունակ չգտնվեց ու փլուզվեց, բայց անգամ այդ պարագայում Հայաստանն այնքան զարգացավ, որ մինչ այժմ դեռ այն տարիներին կառուցված շենքներն են վաճառում ու այսօրվա հոգսերն այդ գումարներով հոգում: Փոքր երկիրն իր ճկունության շնորհիվ կարող է օգտվել անգամ «մեծերի» հակամարտության պարագայում, կամ էլ ոտնատակ ընկնել, եթե սխալ խաղադրույք է կատարում գերտերությունների խաղի վրա: