Գորիսի, Տաթևի, Հալիձորի և Շինուհայրի դպրոցներում այսուհետ կգործեն ինժեներական լաբորատորիաներ. ittrend.am
Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած ինժեներական լաբորատորիաներ են գործում, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունն տեղի ունեցավ Տաթև համայնքի դպրոցում, որին ներկա էին ԼՂՀ կառավարության, մարզային եւ տեղական իշխանությունների, մարզում ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մյուս երեք լաբորատորիաների ուսուցչական կազմն ու աշակերտները:
Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Լաբորատորիաների հիմնումը աշակերտներին հնարավորություն է տալիս ժամանակակից ինժեներական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև նպաստում է երեխաների տեխնոլոգիական մտածողության զարգացմանն ու հետագա մասնագիտական կողմնորոշմանը: Մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակներ, որոնցից 10-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով:
«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս նախաձեռնությունը հետաքրքիր է ու շատ կարևոր՝ հեռավոր համայնքներում բնակվող երեխաների համար: Նման լաբորատորիաների առկայությունը նաև հետաքրքրություն է առաջացնում ինժեներական մասնագիտության նկատմամբ, որի պահանջարկը ներկայումս շուկայում բավականին մեծ է:
IDeA հիմնադրամը, որն իրականացնում է «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, մեծ նշանակություն է տալիս ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական, ինչպես նաև կրթական բաղադրիչի զարգացմանը: Համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով լուրջ արդյունքների կհասնենք»,-նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:
«Ռոբոտաշինության ոլորտում մեր ունեցած փորձը թույլ տվեց համոզվել, որ այսօր մարզերում է գտնվում մեր մտավոր ռեսուրսի հիմնական մասը: Մեր առջև խնդիր ենք դրել ի հայտ բերել ինժեներական հակում ունեցող երիտասարդներին, ովքեր կհիմնեն տեխնոլոգիական ընկերություններ և հնարավորություն կունենան սեփական գյուղում զբաղվել սիրած գործով:
Այդ նպատակին ուղղված հիմնական քայլը համայնքների միջև կապ հաստատելն է, որն էլ ապահովվելու է հարևան 4 համայնքներում ներդրված ինժեներական լաբորատորիաների ցանցի միջոցով», – նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Ուշագրավ է, որ լաբորատորիայում տեղադրված «Գուգարք» մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգերով, եռաչափ տպիչը և մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում, ինչը նպատակ ունի երեխաների շրջանում ամրապնդել «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը:
Նորաստեղծ չորս լաբորատորիաներում ընդհանուր առմամբ ներգրավված կլինի շուրջ 50 աշակերտ, ուսուցիչները նույնպես ընտրվել են համապատասխան մասնագիտական կրթություն եւ հմտություններ ունեցող տեղաբնակ մասնագետներից: