Կալանքի ժամկետը կերկարաձգվի՞

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: Երեկ Տ. Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինը դիմել է դատարան՝ միջնորդելով ևս երկու ամսով երկարացնել նրա կալանքի ժամկետը:

Տ. Խաչատրյանը կալանավորված է մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով: Հուլիսի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հարություն Զաքարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Ինչպես հայտնի է, Տ. Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ նրա պաշտպանը հայտարարում էր, որ նա բաժանողի դերում է եղել, նույնիսկ հետո Մ. Զաքարյանը նրան շնորհակալություն է հայտնել լավ վերաբերմունքի համար:

Տ. Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը պատասխանելով հարցին, թե ինչ հիմքով է նախաքննական մարմինը միջնորդում երկարացնել նրա կալանքի ժամկետը` ասաց. «Նույն տրաֆարետային ձևակերպումներն է տվել վարույթն իրականացնող մարմինը, ինչ նախորդ անգամ, որ կարող է խոչընդոտել քննությանը, թաքնվել, անօրինական ազդեցություն ունենալ մյուս վկաների վրա»: Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը, ըստ իրեն, չունի դրանց հիմնավորումները. «Եվ Տիգրան Խաչատրյանն այդ արարքը չի կատարել, ինչն իրեն մեղսագրում են»:

Ա. Մելքոնյանի խոսքով՝ արդեն որոշ ժամանակ է՝ Տ. Խաչատրյանին մասնակից չեն դարձրել որևէ քննչական գործողության՝ բացի դատահոգեբանական փորձաքննությունից. «Գործով այլ մեղադրյալներ էլ կան, գուցե նրանց հետ կապված գործողություններ անում են, որից ես տեղյակ չեմ»: Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ Տ. Խաչատրյանի նկատմամբ նշանակված այդ փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: «Իմ պաշտպանյալը ցուցմունք տվել է և՛ վկայի կարգավիճակով, և՛ մինչև այդ, և հայտնել է, որ ինքը միայն պաշտպանողի դերում է եղել: Իմիջիայլոց, բացի իրենից՝ նաև այլ վկաներ են այդ մասին վկայել, բայց վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել միայն Հարություն Զաքարյանի ցուցմունքը»,- ասաց Ա. Մելքոնյանը: Մեր հարցին՝ արդյոք պատճառաբանություն ունե՞ն, թե ինչու է հիմք ընդունվում տուժողի ցուցմունքը, իսկ վկաներինը՝ ոչ, փաստաբանը պատասխանեց. «Ես չունեմ, ոչ էլ մեզ են ներկայացնում: Դա գնահատման խնդիր է: Այդպես են գնահատել, բայց կարծում եմ, որ ճիշտ չեն գնահատել»:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում Արմեն Մելքոնյանը հայտնեց նաև, որ չի ստացվել նաև Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան (Աղալար) Խաչատրյանի նկատմամբ նշանակված փորձաքննության եզրակացությունը. նրա պաշտպանությունը ևս իրականացնում է Ա. Մելքոնյանը: Նրա խոսքով՝ Ս. Խաչատրյանին սկզբնական փուլում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ ծեծ, այժմ նա մեղադրվում է 113-րդ հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Ս. Խաչատրյանը մեղադրվում է Հ. Զաքարյանի եղբոր՝ Մուշեղ Զաքարյանի առողջությանը վնաս պատճառելու մեջ: Նշենք, որ այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է 5-10 տարի ժամկետով ազատազրկում:

Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը որպես պատիժ նախատեսում էր տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Մեր հարցին, թե ի՞նչ գործողություններից հետո է խստացվել Ս. Խաչատրյանի մեղադրանքը, Ա. Մելքոնյանը պատասխանեց. «Ոչ մի գործողությունից հետո: Նույն հիմքով, որով ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով էին մեղադրանք առաջադրել, առանց որևէ պատճառաբանության, առանց որևէ նոր ապացույց ձեռք բերելու` հոդվածը փոփոխել են, դրել են 113-րդ հոդվածի 2-րդ մաս»: Նրա խոսքով՝ համենայն դեպս իրենց նոր հիմքեր չեն ներկայացվել: «Այն, ինչ մեզ ներկայացրել են, նույնն էր, ինչ 118-րդ հոդվածի դեպքում էին ներկայացրել: Եվ, բնականաբար, իմ պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել»,- եզրափակեց նա:

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ս. Խաչատրյանի եղբորորդուն՝ Էյներ Խաչատրյանին, մյուս եղբորորդու՝ Մայիս Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մեղադրանք է առաջադրվել նաև Յուրի Մանուչարյանին, Դերենիկ Հակոբյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս