Ռիչարդ Միլս․ «Կոռուպցիան խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը». «Ազատություն»
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը այսօր բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Ներկայացնում ենք հարցազրույցը հատվածաբար.
«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, մենք գիտենք, որ Դուք Հայաստանի իշխանություններին աջակցում եք բազմաթիվ ոլորտներում, որոնցից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ է ԱՄՆ-ը հետաքրքրված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով: Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանում Ձեր առաքելության մաս է կազմում աջակցությունը ժողովրդավարության կառուցմանը, բարեփոխումներին: Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ է ԱՄՆ-ը շահագրգռված դրանում:
Միլս․ – Կոռուպցիայի դեմ պայքարում մենք համագործակցում ենք Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, որովհետև կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանի ժողովրդի հետ մեր ունեցած ընդհանուր շահերի կենսագործումը, խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը, խանգարում է մեր հարաբերություններին: Գիտեք, Հրայր, Հայաստանի հետ կապված մեր նպատակները շատ պարզ են՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, բարգավաճ և բարիդրացիական հարաբերություններ ունենա իր հարևանների հետ: Եվ կոռուպցիան խոչընդոտում է այդ նպատակների իրականացումը բոլոր մակարդակներում: Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ՝ այն երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը: Քանի որ մենք ընդհանուր նպատակներ ունենք, մենք ցանկանում ենք օգնել Հայաստանի ժողովրդին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ:
Հստակ է մի բան՝ կոռուպցիան խնդիր է, որի դեմ ստիպված են պայքարել աշխարհի բոլոր երկրները: Մենք ստիպված ենք պայքարել դրա դեմ Միացյալ Նահանգներում, մեզ մոտ կան կոռուպցիայի դեպքեր: Եվ հարցն այն է, թե արդյոք պետությունը ունի կոռուպցիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ գործիքները և կամքը, և արդյո՞ք կա այն քաղաքացիական հասարակությունը, որը պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ և օգնել այդ պայքարում: Եվ այստեղ մեր նպատակն է օգնել Հայաստանի իշխանություններին՝ ունենալու պահանջվող գործիքները, օգնել քաղաքացիական հասարակությանը, հայ ժողովրդին՝ ոտքի կանգնելու և ուշադրության կենտրոնում պահելու կոռուպցիայի խնդիրը, օգնել պայքարելու դրա դեմ:
«Ազատություն»․ – Անցյալում դուք այդ պայքարը ծավալում էիք հատուկ ծրագրերի միջոցով, օրինակ՝ «Հազարամյակի մարտահրավերի»: Բայց այժմ կարծես կենտրոնացել եք այս կոնկրետ մեկ՝ մեծ խնդրի վրա, որը շատ կարևորում եք: Ճիշտ չե՞մ:
Միլս․ – Այո, դա իսկապես մեզ համար շատ կարևոր խնդիր է: Ինչպես արդեն ասացի, կոռուպցիան խոչընդոտում մեր բոլոր ընդհանուր նպատակների իրականացումը: Բայց պետք է հավելեմ, որ հայկական կենսակերպում և հայաստանյան կառավարման համակարգում թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքների ապահովումը ներդրված է մեր բոլոր ծրագրերում, դա մեր ցանկացած նախաձեռնության բաղկացուցիչն է: Մենք փորձում ենք մեր բոլոր ծրագրերը հնարավորինս բաց իրականացնել, ուզում ենք օգնել Հայաստանի իշխանություններին՝ լինելու հարկ եղածի պես բաց և թափանցիկ: Այնպես որ շատ առումներով սա մեր ամբողջ գործունեության մասն է:
«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, Դուք այս հարցերը քննարկո՞ւմ եք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ հետ:
Միլս․ – Անշուշտ: Ավելին՝ երեկ երեկոյան ես մի միջոցառում էի կազմակերպել, որը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել կոռուպցիայի խնդրի վրա: Ես ցանկանում էի նաև բարձրաձայնելլ, թե ովքեր են մեր հայաստանյան գործընկերները ինչպես կառավարությունում, այնպես էլ, և առավել ևս՝ քաղաքացիական հասարակության մեջ: Եվ ես նրանց հրավիրել էի իմ տուն: Մենք հանդիպեցինք, քննարկեցինք, և ես շատ բան իմացա նրանց գործունեության մասին, այն մասին, թե որ քայլերն են հաջողվում, որոնք են երբեմն տապալվում: Եվ ես նաև նրանց հնարավորություն ընձեռեցի հանդիպելու հայաստանյան պաշտոնյաների հետ, այն մարդկանց հետ, ում ձեռքում իրական լծակներ կան այս հարցում: Թույլ տվեք նկատել, որ այստեղ համագործակցելու կարիք կա: Քաղաքացիական հասարակությունը պետք է իր դերը ստանձնի և համագործակցի իշխանությունների հետ, որպեսզի հարցին լուծում տրվի:
Մենք մի ծրագիր ունենք, որը ֆինանսավորում ենք ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, և որը նպատակ ունի աջակցել այն քաղաքացիական խմբերին, որոնք զբաղվում են կոռուպցիայի խնդրով և ցանկանում են զարգացնել հաշվետվողականությունը, թափանցիկությունը Հայաստանում: Մենք աջակցում ենք այդ կազմակերպություններին, որպեսզի հնարավորություն ստեղծենք նրանց համար ավելի շատ մարդկանց ընդգրկել իրենց աշխատանքում:
«Ազատություն»․ – Իսկ հայաստանյան պաշտոնյաները իսկապե՞ս հետաքրքրված են ամերիկյան ներդրումներով, նրանք իսկապե՞ս ուզում են, որ ամերիկյան ընկերությունները գան Հայաստան:
Միլս․ – Այո, ես անկեղծորեն հավատում եմ, որ դա այդպես է: Ես տեսնում եմ իրական հետաքրքրություն ամերիկյան ներդրումները, հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունները խրախուսելու ուղղությամբ: Կարծում եմ, այստեղ հասկանում են, որ ամերիկյան ներդրողները «լավ քաղաքացիներ են», նրանք բերում են գործունեության, մենեջմենթի միջազգային փորձը, նրանք նվիրված են կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքներին, և դա այստեղ գնահատում են:
«Ազատություն»․ – Եվ խոսքը չի վերաբերում միայն հայկական սփյուռքին, այնպես չէ՞:
Միլս․ – Այո, խոսքը միայն սփյուռքի մասին չէ: Անկեղծ ասած՝ հայկական սփյուռքը շատ կարևոր և արժեքավոր ծրագրեր է իրականացրել այստեղ, սփյուռքը հսկայական արժեքավոր ռեսուրս է եղել Հայաստանի ժողովրդի համար անցած 25 տարիներին և դրանց առաջ, սակայն շատ կարևոր է, որ մեր հարաբերությունները կառուցված լինեն փոխշահավետության սկզբունքի վրա: Ամերիկյան կառավարության և անձամբ իմ ջանքերը միտված են ներդրումներ ներգրավելու ոչ միայն հայկական սփյուռքից, այլև գործարար շրջանակներից և ԱՄՆ-ից առհասարակ: Մենք հույս ունենք, որ նրանք կգան այստեղ և կտեսնեն, որ այստեղ ներդրումները եկամտաբեր են:
«Ազատություն»․ – Պարո՛ն դեսպան, Հայաստանը հսկայական գումարներ է ստանում միջազգային դրամաշնորհների, վարկերի, աջակցության տեսքով: ԱՄՆ-ը տարիներ շարունակ հանդիսացել է խոշորագույն դոնորը Հայաստանում: Սակայն, չնայած ձեր բոլոր ջանքերին, մենք իրական առաջընթաց չենք տեսնում, բարեփոխումները տեսանելի չեն, թեև դուք շատ կարևոր ծրագրեր եք իրականացնում այստեղ: Ինչպե՞ս է ստացվում, որ ձեր ծրագրերը հաջողության են հասնում հարևան երկրում՝ Վրաստանում, բայց ոչ այստեղ: Ո՞րն է դրա գաղտնիքը:
Միլս․ – Հրայր, պարզապես հստակեցնեմ ինձ համար՝ նկատի ունեք կոռուպցիայի դեմ պայքարի՞ ծրագրերը։
«Ազատություն»․ – Այո:
Միլս․ – Նախ՝ ես ընդունում եմ, որ կոռուպցիան շարունակում է լուրջ խնդիր մնալ այստեղ: Ես այստեղ զրուցում եմ մարդկանց հետ, զրուցում եմ պաշտոնյաների հետ: Բոլորն ընդունում են, որ դա լուրջ խնդիր է: Այն քայքայիչ ազդեցություն ունի, խոչընդոտում է մեր համատեղ նպատակների իրականացումը: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ որոշակի առաջընթաց կա: Եթե ուշադրություն դարձնենք անկողմնակալ դիտորդների գնահատականներին, օրինակ՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի, որը այս ոլորտում մեծ հեղինակություն է վայելում, ապա կտեսնենք, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցիչը բարելավվել է: Ձեռնարկատիրությամբ զբաղվելու՝ Համաշխարհային բանկի ինդեքսում Հայաստանի վարկանիշն աճել է, և դա, մասնավորապես, նաև հետևանք է այն բանի, որ այստեղ կոռուպցիայի դեմ պայքար է ծավալվում: Կարծում եմ, որ կան որոշակի բարեփոխումներ, և դրանք չափելի են: Կարծում եմ, յուրաքանչյուր երկիր տարբեր է: Տարբեր է մշակույթը, միջավայրը: Եվ չեմ կարծում, որ ճիշտ է նայել որևէ երկրի ու ասել՝ ինչո՞ւ է այնտեղ դա հաջողվում, իսկ այստեղ՝ ոչ: Կարծում եմ, մենք պետք է հայկական լուծումներ և հայկական մոդելներ փնտրենք՝ համագործակցելով Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ: Մեր աջակցությունն այստեղ հիմնականում տրամադրվում է USAID-ի միջոցով, նրանք հաջողություններ են արձանագրում: Այստեղ՝ Հայաստանում, մեր նպատակն է բարելավել պետության մատուցած ծառայությունների որակը, որպեսզի ժողովուրդը իրեն հասանելի ծառայություններից կարողանա օգտվել արդար և հավասար պայմաններում: Մենք մեր ջանքերը կենտրոնացրել ենք այս ուղղությամբ և, կարծում եմ, որոշակի առաջընթաց կա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: