Բաժիններ՝

Հայ-թուրքական արտադրության «Երազած նարինջներ» ֆիլմը ցուցադրվեց Հայաստանում

Խնկո-Ապոր անվան գրադարանում տեղի ունեցավ հայ-թուրքական արտադրության «Երազած նարինջներ» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: Ֆիլմը փաստավավերագրական է և պատմում է հայ ուսանողուհու մասին, ով գնում է Մուսալեռի Վակըֆլի գյուղ՝ իր արմատների կանչով, ներկայացնում է Վակըֆլիի՝ Թուրքիայի վերջին հայկական գյուղի կյանքը, խնդիրները:

Ֆիլմի նկարահանման նախաձեռնողը եղել է թուրքական կողմը՝ հանձին Էյլեմ Շենի, Չաղդաշ Յազջիի և Ֆերզան Օզյաշարի: Նրանք գնացել են Վակըֆլի՝ պատմելու Քեսաբից այնտեղ տեղափոխված փախստականների ու նրանց կյանքի մասին, սակայն գյուղում ծանոթանալով տեղի բնակիչ Միսակ Հերգելի (Հերգելյան) հետ, լսել են գյուղի պատմությունը և որոշել են նկարել ֆիլմ հենց այս թեմայով: Միսակ Հերգելն այս գաղափարի իրագործման համար օգնում է նրանց կապ հաստատել իր մտերիմ ընկեր, Մուսալեռ հայրենակցական միության քարտուղար Վարդգես Մարտիրյանի հետ: Պարոն Մարտիրյանն էլ ռեժիսորներին ծանոթացնում է իր աղջկա գրած «Նարինջի անքնությունը» արձակի հետ, որտեղ պատմվում է այն մասին, թե ինչպես է Մուսալեռից Հայաստան վերադարձած իր պապիկը երազներում միայն Մուսալեռը տեսնում, և, թե ինչպես չի կարողանում ուտել այստեղի նարիջները և կարոտում է Վակըֆլիի նարինջների համը: Հենց այս արձակն է դառնում ֆիլմի սցենարի հիմքը, իսկ Հասմիկն էլ դառնում է ֆիլմում գործող գլխավոր անձը: Հասմիկի ուղևորությունը սկսվում է Հայաստանից, որտեղ նա այցելում է Արմավիրի մարզում գտնվող Մուսալեռ գյուղ, իսկ այնուհետև մեկնում է Թուրքիա, տեսնում իրական Մուսալեռը, այցելում այն տուն, որտեղ ապրել է իր պապիկը, որտեղ իր հայրն է ծնվել, ու նորից վերադառնում Հայաստան՝ թողնելով հարազատ գյուղում իր մի մասնիկը:

Ֆիլմը թարգմանված է երկու լեզուներով՝ հայերեն և թուրքերեն: Առաջին ցուցադրությունները տեղի են ունեցել Թուրքիայում՝ Ստամբուլում և Իզմիրում, իսկ այժմ ցուցադրությունները կշարունակվեն նաև Հայաստանում:

12025368_10205370461325218_976608162_n

12016494_10205370461285217_1408893396_n

11999909_10205370461365219_2085413539_n

Ցուցադրությանը ներկա էին հյուրեր թե՛ Հայաստանից, և թե՛ հյուրեր, Մուսալեռից:

Միջոցառման համար Հայաստան ժամանած 20-ամյա Արթին Ջան Բահարօղլուն, ում արմատները ևս Մուսալեռից են, «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ իր և Հասմիկի տարիքի յուրաքանչյուր մուսալեռցի պետք է հետևի Հասմիկի օրինակին, գնա, փնտրի ու ծանոթանա իր հարազատների, մեծ պապերի հետ: Արթինի խոսքով՝ Վակըֆլիում շատ քիչ հայեր են մնացել, ու հենց այս սերունդը պետք է շարունակի այնտեղի մշակույթը պահպանել, խոսել այդ բարբառով, չմոռանալ երգերը ու գոնե տարին մեկ-երկու անգամ այցելել գյուղ:

Իսկ ֆիլմի գլխավոր հերոսուհի Հասմիկը նշեց, որ մենք՝ հայերս, 1915 թվականը չպետք է հիշենք միայն Հայոց ցեղասպանությամբ: Այո, այս ֆիլմը նվիրված է 100-ամյակին, բայց այն նվիրված է նաև Մուսալեռի ինքնապաշտպանական կռիվների 100-ամյակին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս