Գոհար Հարությունյան. «Առողջական խնդիրներ ունեի և աչքիս ոչինչ չէր երևում»
«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր Գոհար Հարությունյանն այժմ չի զբաղվում մոդելային կարիերայով, սակայն ոլորտին հետևում է։ BlogNews.am-ը նրա հետ խոսել է «Fashion» ինդուստրիայի այժմյան վիճակի, ինչպես նաև՝ հագուստի և ոճի առումով սեփական նախընտրությունների մասին։ Որքան էլ զարմանալի է, Գոհարը ոչ միայն բրենդամոլ չէ, այլև, առհասարակ, նշանակություն չի տալիս հագուստերին։
-Գոհար, դուք այլևս չեք ներկայանում որպես մոդել, սակայն երբեմն ներկա եք լինում նորաձևության ցուցադրությունների։ Հետևո՞ւմ եք այժմյան «Fashion» ինդուստրիային, որքանո՞վ է այն հետաքրքիր Ձեզ համար, զարգացման միտում նկատո՞ւմ եք։
-Այո, հնարավորության դեպքում ընդունում եմ հրավերները։ Մեզ մոտ «Fashion» ինդուստրիայի զարգացման համար մի շարք խոչընդոտներ կան, օրինակ՝ շատ չեն կտորների տեսականիները, ոգեշնչման աղբյուրները, որոնք անհրաժեշտ են դիզայներներին։ Այս առումով մենք փակ տարածքում ենք գտնվում և, եթե անգամ, դիզայների երևակայությունը շատ մեծ լինի, հնարավորությունները քիչ են։
Ես շատ եմ գնահատում դիզայներների այս տարվա հավաքածուներում առկա հայկական շունչը։ Դա շատ կարևոր է համաշխարհային շուկայում ներկայանալու համար։ Գևորգ Շադոյանը զուտ հայկական տարազներ ներկայացրեց, ինչը մեզ համար շատ կարևոր է։ Վահան Խաչատրյանը, Լիլիթ Մարգարյանը, Արամ Նիկոլյանը ժամանակակից ոճով էին ներկայացրել ազգային հագուստը, և դա ինձ շատ գայթակղեց։
Շուկայում հիմա մեծ քանակությամբ հագուստ են լցրել, խանութներով շրջելիս ուղղակի զարմանում եմ, թե որքան անճաշակ, անորակ հագուստներ կան, ովքե՞ր են գնում դրանք։ Ի վերջո, ավելի լավ է, զգեստապահարանում քիչ հագուստ ունենալ, բայց ճաշակով։
-Ժամանակակից մոդելների մասին ի՞նչ կասեք։ Ըստ Ձեզ՝ նրանք առաջընթա՞ց են գրանցել, թե՞ հետընթաց։ Որոշ դեպքեում փորձ արվեց ցուցադրություններին մոդելներ հրավիրել արտերկրից, սակայն այժմ դիզայներներն ավելի հաճախ ներգրավում են հայ մոդելների։ Ի՞նչ տպավորություն եք ստանում նրանցից։
-Որքան էլ զգեստը գեղեցիկ լինի, շատ կարևոր է, թե մոդելն ինչպես կներկայացնի այն։ Մեր ազգաբնակչությունը փոքր է և շատ դժվար է ընտրել, ունենալ լավ մոդելների մեծ բազա։
Մենք ունենք լավ մոդելմներ, թեև իրենք շատ քիչ են։ Ես մի քիչ համաձայն չեմ աղջիկնրի քայլվածքի հետ։ Մեր մոդելները շատ ուշադրություն են հրավիրում իրենց վրա։ Իրենց քայլվածքով, շարժումներով, դեմքի արտահայտությամբ փորձում են ավելի շատ ուշադրություն գրավել իրենց անձի վրա։ Որպես պրոֆեսիոնալ մոդել՝ ես համրում եմ, որ դա սխալ է։ Մոդելը պետք է այնպես քայլի, որ բոլորի ուշադրությունը լինի հագուստի վրա։ Չի կարելի, որ մոդելը կոնտակտի մեջ մտնի հանդիսատեսի հետ։ Չեմ կարծում, որ դիզայները նրանց նման ցուցում տված լինի։ Միգուցե կան հավաքածուներ, որոնք հատուկ շարժումներով են ներկայացնում, սակայն եղել են դեպքեր, երբ մոդել ինքն է որոշել՝ բեմում ինչ անել։ Ավելորդ շարժումները շատ են, որպես դիտորդ՝ դա ինձ անհանգստացնում է։
-Երբեմն հանդիսատեսը բողոքում է մոդելների սառնությունից, ի վերջո՝ ո՞րն է այդ ոսկե միջինը։
-Իրականում մոդել հենց սառը պետք է լինի, որպեսզի ուշադրությունն իր անձի վրա չգրավի։ Մեր հանդիսատեսը գնում է աղջիկներին նայելու համար, 99 տոկոսին չի էլ հետաքրքիրում հագուստը, դժբախտությունն այդտեղից է սկսվում։ Մարդկանց թվում է՝ գեղեցկության մրցույթի են եկել, սակայն մոդելն ուղղակի քայլող մանեքեն է։
-Գոհար, բեմում տարբեր տեսակի հագուստներով եք ներկայացել, իսկ առօրյայում ինչպե՞ս եք սիրում հագնվել։ Բրենդները կարևորո՞ւմ եք Ձեր զգեստապահարանում։
– Ես սիրում եմ համեստ հագնվել։ Ինձ համար պիտիակները բացարձակ կարևոր չեն։ Ես ավելի բարդ խնդիրներ ունեմ, քանի որ նիհար եմ և բարձրահասակ ու համապատասխան զգեստ գտնելն ինձ համար դժվար է։ Եթե գտնում եմ ինձ հարմար հագուստ, չեմ էլ նայում պիտակին։ Կոշիկի մասին ընդհանրապես չեմ խոսում. նույնիսկ ամաչում եմ Հայաստանում հարցնել 41 համարի կոշիկ ունե՞ք, էնպես են նայում ինձ, կարծես այլմոլորակային լինեմ։
Էլ չեմ խոսում այն մասին, որ այնպես չէ, որ բրենդային հագուստները շատ որակյալ են։ Եղել են դեպքեր, երբ գնել եմ բրենդային հագուստ, սակայն մեկ անգամ լվանալուց հետո կորցրել եմ այն։ Ես այդքան մեծ կարևորություն չեմ տալիս հագուստին, որպեսզի շատ գումար ծախսեմ դրա համար՝ անկախ նրանից, թե ինչ հնարավորություն ունեմ։ Առհասարակ, չեմ սիրում շատ գնումներ անել։ Միայն ճանապարհորդությունների ժամանակ եմ սիրում գնալ խանութներ, լիցքաթափվել, սակայն ավելի շատ երեխաներիս համար եմ գնումներ անում։ Միգուցե պատճառն այն է, որ ես նորաձևության բնագավառում եմ եղել, և աչքս կուշտ է։
-Մի՞շտ եք այդպիսին եղել, թե՞ հիմա եք էդպիսին դարձել։
-Երբ ես աշխատում էի որպես մոդել, ինձ համար շատ կարևոր էր լավ և ճիշտ հագնվելը, քանի որ այն ժամանակ իմ արտաքինը շատ կարևոր էր։ Հավանաբար այդ ժամանակ հավեսս հանեցի։)
Ես սիրում եմ իմ հագուստները և ավելորդ եմ համարում այդքան գումար ծախսել հագուստների վրա։ Կյանքում այնքան հետաքրքիր բաներ կան։ Իհարկե, սիրում եմ լավ հագնվել, բայց դա չէ առաջնային։ Իմ կյանքում այնքան խնդիրներ կան, ընտանեկան ընթացիկ հարցեր… ի վերջո, առողջական խնդիրներ ունեի և աչքիս ոչինչ չէր երևում։
-Հիմա ինչպե՞ս եք։ Ամեն բան կարգավորվե՞լ է։
-Լավ եմ, դա լուրջ խնդիր չէր, ուղղակի ինձ անհանգստացնող խնդիր էր, որը լուծվեց։
-Շատերին թվում է, որ պետք է Ձեր աղջիկներին թիթիզ հագցնեք, քանի որ մոդելները փորձում են իրենց աղջիկներին էլ որպես մոդել մեծացնել։
-Ես աշխատում եմ այնպես անել, որ իրենք էլ համեստ լինեն։ Դպրոցում հնարավոր է համազգեստ հագնեն, ինչն ինձ համար շատ ողջունելի է։ Միայն մանկապարտեզ հաճախելիս մի փուլ եղավ, երբ երեխաներս հագուստի կռիվ էին անում, հիմա դադարել են, հասկանում են, որ հագուստը պետք է լինի հարմարավետ և ոչ շատ ճչացող։ Իրենց համար բերենդային հագուստներ չեմ գնում, ինձ համար անգամ տհաճ է, որ երեխաները ոտքից գլուխ ինչ-որ պիտակներով են հագնված։
Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի