Բաժիններ՝

Քննադատություն, առաջարկ և սպառնալիք

Ադրբեջանի պետական պաշտոնատարների դեմ հասցեական պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի որդեգրած կոչ-բանաձեւի բովանդակությունն առաջին հայացքից առավելաբար կենտրոնանում է մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների վրա: Բանաձեւի կետերի տարբաղադրումը տալիս է հետեվյալ պատկերը, որն իր խորքում կազմում է որդեգրված բանաձեւի հիմնավորումները:

Ադրբեջանում արձանագրվել է բռնաճնշումների եւ ձերբակալությունների ենթարկված իրավապաշտպանների եւ լրագրողների երեւույթների աճ:

Եվրախորհրդարանը պետք է քննարկի պաշտոնատար անձանց դեմ հասցեական պատժամիջոցներ կիրառելու (ընդ որում՝ Եվրոպա մուտքի արգելք) հարցը:

Բանաձեւը կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին եւ ԵՄ-ի արտաքին գործերի ծառայությանը դիտորդներ չուղարկելու՝ հիմնավորելով, որ ներկա պայմաններում դիտորդներ ուղարկելը օրինականցնում է Ադրբեջանի ընտրությունները։

Կարդացեք նաև

ԵՄ-ը պետք է կոչ հղի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ համարելու  Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակման որոշումը եւ շարունակի այդ կազմակերպության հետ գործակցությունը :

Ճիշտ է, որ բանաձեւը կոչի բնութագիր ունենալով պարտադիր բնույթ չի կրում, այսուհանդերձ Եվրախորհրդարանի անունով արձանագրում է.-

Ա. Պետական բարձր պաշտոններ զբաղեցնող ադրբեջանցի պաշտոնատարները ուղղակիորեն պատասխանատու են երկրում կիրառվող բռնաճնշումների համար: Այս հաստատումը ենթադրում է, որ բռնապետական վարչակարգի հովանավորչությունը վայելող ազդեցիկ պաշտոնատարների միջոցով երկրում անարգել կիրառվում է բռնություն, որին  հատկապես թիրախ են իրավապաշտպաններն ու լրագրողները: Երկու ոլորտներ էլ ամենազգայուն մարզերն են հատկապես եւվրոպական ընկալումներով:

Բ. Այս գնահատականը չի մնում հաստատման սահմաններում: Պատժամիջոցներ որդեգրելու մասին է նաեւ բանաձեւ-կոչը ուղղված Եվրոպայի օրենսդիր իշխանություններից` գործադիր իշխանություններին:

Գ. Շարունակվում է տրամաբանությունը: Եվրամիության երկրները չպետք է օրինականացնեն Ադրբեջանի որեւէ ընտրություն, այն առումով, որ այնտեղ տիրում են ամբողջատիրական կարգեր: Ի դեպ, Ֆրանսիայի առաջատար հեռուստաալիքներից մեկը «Նախագահս գործուղման մեջ է»  հայտագրով ամենից կոշտ մեղադրանքները հնչեցրել է բռնություն կիրառող Բաքվին, որը չէր ուշացել պաշտոնապես բողոքելու «Ֆրանս 2»-ի նշանավոր հեռարձակման պատասխանատուների դեմ:

Դ. ԵԱՀԿ -ի գրասենյակի փակման դեպքի հիշեցումը իր տեսակի մեջ որոշակի  տեղ է առանձնացնում բանաձեւի մյուս կետերից: Ուրմեն, երկրորդ հայացքից խնդիրը զուտ մարդու իրավունքներին չի վերաբերում: Հարցը ուղղակիորեն վերաբերում է Արցախյան հիմնահարցին: Բաքուն ամեն առիթ չէր թաքցնում իր անհանգստությունը ԵԱՀԿ-ի առաքելության նկատմամբ: Բացահայտ էին Բաքվի նկրտումները` բանակցային գործընթացը ԵԱՀԿ -ի ձեւաչափից միջազգային այլ հարթություն (հատկապես ՄԱԿ) տեղափոխելու: Այս ապարդյուն փորձերը հանգել էին Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակմանը, ադրբեջանական կառավարության որոշումով: Հիմա Եվրախորհրդարանը ամենախիստ քննադատությունները հնչեցնելուց հետո ԵՄ-ի ճանապարհով կոչ է անում Բաքվին վերաբացելու ԵԱՀԿ-ի գրասենյակը: Հավելելով, որ վճռել է շարունակել ԵԱՀԿ-ի հետ իր համագործակցությունը, ընդ որում նաեւ Բաքվի վերաբացելի գրասենյակի: Գործակցության կոչը ընկալվում է նաեւ իբրեւ հորդոր Բաքվին՝ ԵԱՀԿ-ի հետ գործակցելու։

Խիստ քննադատություններ կան այս բանաձեւ-կոչում. կան իհարկե առաջարկներ, բայց նաեւ սպառնալիքներ: Հետեւյալն է քաղաքական տրամաբանությունը: Իրավիճակի բնորոշում, որը քննադատական բաժինն է: Առաջարկներ, որոնք ԵԱՀԿ -ի գրասենյակի վերաբացումն է հիմնականում եւ գործակցելու պահանջը, եւ սպառնալիքներ` դիտորդներ չուղարկել, բայց մանավանդ ադրբեջանցի պաշտոնատարների դեմ հասցեական պատժամիջոցներ:

Կարելի՞ է եվրոպական այս խստացումը բացատրել սահմանագոտու եւ շփման գծի վրա Բաքվի դրսեվորած վերջին վարքագծի պատասխանի հասկացողությամբ: Դժվար է միանշանակ պարզել: Չէ բացառվում, որ այս կոչը պատասխանատվությունների համահավասարեցման մոտեցումը անուղղակի շրջելու ձեվերից  մեկն է:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս