«Ստացվում է, որ Ադրբեջանը որոշ չափով սուբսիդավորում է ՀՀ ԶՈւ-ի արդիականացումը». Սերգեյ Մինասյան
«Վերջին տարիներին նկատում ենք, որ փոխվում է Ադրբեջանում օգտագործվող սպառազինությունների քանակը, ձևերը, և եթե մի քանի տարի առաջ սովորական զենքեր էին օգտագործում, ապա հիմա օգտագործում են հրետանի, հրթիռներ, 120 մմ-անոց ականանետներ, ինչը, բնականաբար, մտահոգիչ է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա՝ սահմանային վերջին իրադարձությունները իրականում հանդիսանում են ադրբեջանական հասարակության մեջ առկա ներքաղաքական իրադրությունների հանդեպ տրամադրությունների արտացոլումը, և, քաղաքագետի կարծիքով՝ ժամանակ առ ժամանակ լարվածության միջոցով փորձում են մի կողմից այդ դժգոհությունը ցուցաբերել, մյուս կողմից՝ «լրջություն» տալ սեփական ռազմատենչ հայտարարություններին և սպառնալիքներին:
Քաղաքագետը նկատեց՝ այն բոլոր ֆակտորները որոնք հնարավորություն չէին տալիս մինչ այս վերսկսել ռազմական գործողությունները, նորից նույնն են մնացել.
«Ճիշտ է, Ադրբեջանն ավելացնում է զենք-զինամթերքի գնման գործընթացը, բայց, ընդհանուր առմամբ, ռազմատեխնիկական բալանսը պահպանվում է, և այդ ոլորտում, բնականաբար, հայ-ռուսական հարաբերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից: Դրա հետ մեկտեղ, ցավոք, ունենք «սովորական» մի իրավիճակ, երբ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները խոսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին, խոսում են նաև Ադրբեջանի և Ռուսաստանի համագործակցության մասին:
Իրականում, եթե մենք հիշենք, նույնիսկ 1990-ական թվականների սկզբից այդ գործընթացը կար, և ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմի ժամանակ ռուսական բանակից Ադրբեջանը ստացավ մոտ 4-5 անգամ ավելի զենք և զինամթերք, քան Հայաստանը: Չնայած՝ դա որևէ ձևով չանդրադարձավ պատերազմի այն հայտնի արդյունքներին, որոնք ունենք, բայց, համենայնդեպս, դեռ 25 տարի առաջ մենք գրեթե նույն իրավիճակում էինք»,-ասաց բանախոսը:
Նա նշեց, որ ռուսական կողմը փորձում է դա բացատրել նրանով, որ եթե իրենք զենք ու զինամթերք չվաճառեն Ադրբեջանին, ապա նույն քանակով կամ գուցե ավելին նրանք կարող են դա գնել այլ երկրներից.
«Երբ Ադրբեջանը Ռուսաստանից շուկայական գներով է գնում զենք ու զինամթերք, իսկ Հայաստանը դրանք ստանում է արտոնյալ պայմաններով, ռուսական կողմն ասում է, թե դա բխում է Հայաստանի շահերից և փաստացի ստացվում է, որ Ադրբեջանը որոշ չափով սուբսիդավորում է ՀՀ ԶՈւ-ի արդիականացումը: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը, դա այլ հարց է: Համենայնդեպս, մենք ունենք այդ իրականությունը, որից Ռուսաստանը շահում է նրանով, որ իր ազդեցությունն ավելացնում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա՝ պահպանելով իր դերը որպես գլխավոր ռազմաքաղաքական դերակատար Հարավային Կովկասում»: