
«Wizz Air»-ը կդադարեցնի դեպի Վիեննա և հակառակ ուղղությամբ չվերթները

«Wizz Air» ավիաընկերությունը առաջիկայում կփակի Վիեննայի իր բազան և կչեղարկի չվերթները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Wizz Air Hungary» ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշները:
«Ինչպես հայտարարել էինք, մենք փակում ենք Վիեննայի մեր բազան։ Երբ մենք սկսեցինք այնտեղ մեր գործունեությունը, այլ հույսեր ունեինք: Սակայն օդանավակայանի ծախսերը և հարկերը զգալիորեն աճեցին՝ բառացիորեն կրկնապատկվեցին այս տարիների ընթացքում, ինչը չի համապատասխանում մեր գործունեության մոդելին»,- նշեց նա:
Գործադիր տնօրենը շեշտեց՝ իրենց ընկերության մոդելն այն է, որ ուղևորներին մատչելի, ցածր գներ առաջարկվեն, սակայն ծախսերի կրկնապատկման հետևանքով դա պարզապես հնարավոր չի իրականացնել։
«Այսպիսով, այո՛, մենք փակելու ենք մեր գործունեությունը Վիեննայում։ Դա երկու փուլով է․ առաջին փուլը տեղի է ունենում հիմա, իսկ հաջորդը՝ 2026-ի մարտին։ Եվ դրանով, այո՛, Վիեննայի չվերթը կչեղարկվի։ Ամեն դեպքում, դեռ մի քանի ամիս կա, կտեսնենք, թե արդյոք հնարավոր կլինի՞ և ինչպե՞ս կարող ենք փոխարինել այդ չվերթը։ Բայց մենք այժմ այնքան շատ այլ ուղղություններ ենք առաջարկում դեպի Եվրոպա, որ համոզված եմ՝ կարող ենք կրկին առաջարկել շատ ավելի մեծ ու ընդարձակ ցանց՝ այդ չվերթը փոխարինելու նպատակով»,- եզրափակեց նա: