
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 78 կգ դեղորայքի ներմուծման փորձը

Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» սահմանային անցման կետ ժամանած քաղաքացու տրանսպորտային միջոցի տեսազննման ժամանակ, մեքենայի հետնամասում նկատվել է հատուկ պատրաստված և հարմարեցված ինքնաշեն թաքստոց։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է խորը զննման անգար։
Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մաքսային սպասարկման և հսկողության 2-րդ բաժնի Մաքսային ծառայողների կողմից իրականացված խորը զննության արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված և հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել են 78 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր:
«Այսպես, քաղաքացին փորձել է ապօրինի բեռը ներմուծել Հայաստանի Հանրապետություն՝ շրջանցելով մաքսային հսկողությունը և խուսափելով առաջացող պարտավորություններից։ Հայտնաբերված դեղորայքի շուկայական արժեքը գերազանցում է 15 միլիոն դրամը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առնչությամբ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ, որն ուղարկվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն: