Բաժիններ՝

«Մենք ձգտում ենք երիտասարդ կատարողներին հնարավորություն տալ՝ դուրս գալ աշխարհի լավագույն բեմեր և դառնալ դասական երաժշտության ապագա էլիտան». Արմեն Բաբախանյան

Դաշնակահար Արմեն Բաբախանյանի հետ հարցազրույց անցկացնելու գաղափարը պատահական չէր: Այն ծագեց, երբ երաժիշտների հետ հերթական հանդիպման ընթացքում կրկին քննարկում էինք Հայաստանում դասական երաժշտության համերգներ կազմակերպելու բարդությունները: Արդեն հռետորական դարձած հարցերից առանձնացվեց դիրիժորներից մեկի կարծիքն առ այն, որ դասականը «պարտվում է» փոփ երաժշտությանը՝ նաև իր կրկնվող և ունկնդրի ականջի համար վաղուց սովորական դարձած ռեպերտուարի պատճառով: Ասվածը բուռն քննարկման առարկա դարձավ:

Մասնագետները տարբեր տեսակետներ հայտնեցին, որի ընթացքում պարզվեց նաև, որ, օրինակ, Սերգեյ Պրոկոֆևի դաշնամուրի համար ստեղծագործությունները Հայաստանում, կարելի է ասել, չեն կատարվել չափազանց բարդ լինելու պատճառով: «Մի՞թե մենք չունենք դաշնակահար, որը կարող է դրանք կատարել»,- զարմացա ես: «Իհա՛րկե ունենք,- չհապաղեց պատասխանը: -Մեր Արմեն Բաբախանյանն աշխարհի քսան լավագույն դաշնակահարների թվում է: Բայց նման համերգների շարք կազմակերպելու համար ավելի շատ ջանք ու գումար է պետք: Իսկ ո՞վ է հիմա ցանկանում դասական երաժշտությունը ֆինանսավորել: Մինչդեռ, Բաբախանյանի մոտ պատանիներ կան, ովքեր ապագա Սերգեյ Խաչատրյաններ են: Խոսքս հիշիր, աշխարհը դեռ նրանց մասին կխոսի, ինչպես որ խոսում է Սերգեյ Խաչատրյանի և Նարեկ Հախնազարյանի մասին»:

Այն, որ աշխարհը կխոսի՝ չեմ կասկածում, բայց որ մենք կգնահատենք` վստահ չեմ: Ծրագիրը, որում ընդգրկված են այդ պատանի երաժիշտները, երկու տարուց ավելի գործում է: Նրանք պատվով ներկայացնում են Հայաստանը տարբեր միջազգային մրցույթներում և փառատոներում, ստանում մրցանակներ… Սակայն, նեղ շրջանակներից բացի, այդ մասին գրեթե ոչ մի տեղ չի քննարկվում: Հասարակական հետաքրքրություն չկա, մինչդեռ դասական երաժշտությունը ոչ միայն մարդու ընդհանուր կրթության բաղկացուցիչ է, այլ նաև՝ բիզնես ուղղություն:

Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի տվյալներով՝ դասական երաժշտության ամենաակտիվ «նպատակային խումբը» մոտ 20 և 45-49 տարեկան անձինք են: Դառնալով դասական երաժշտության սիրահար երիտասարդ տարիքում, տարիների ընթացքում մարդիկ կորցնում են դրա հանդեպ հետաքրքրությունը և կրկին վերադառնում դրան 40-45 տարեկանում:

Կարդացեք նաև

Մեր զրույցն Արմեն Բաբախանյանի հետ տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի իր առանձնասենյակում: Նա դաշնամուրային ֆակուլտետի դեկանն է, և մենք ստիպված ենք մերթ ընդ մերթ ընդմիջել զրույցը, քանի որ ներս են մտնում ուսանողներ՝ իրենց առօրյա խնդիրներով, և որոնց Արմեն Բաբախանյանը սպասեցնել չի տալիս:

Ի զարմանս շատերի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի անունն առավել ճանաչելի է արտերկրում, քան Հայաստանում: Նա մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր է, այդ թվում` Վան Քլայբերն, Լիդզ, Ջինա Բախաուեր և Գարդիան Դուբլին: Մենահամերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլ եվրոպական երկրներում: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ի ազգային սիմֆոնիկ, Թագավորական սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` Վալերի Գերգիևի գլխավորությամբ: Հանդես է գալիս միջազգային միցույթների ժյուրիների կազմում: Ստեղծագործական և մանկավարժական գործունեության հետ համատեղ՝ ղեկավարում է ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտման և զարգացման ծրագիրը:

– Պարոն Բաբախանյան, կխնդրեի ներկայացնել երիտասարդ երաժիշտների զարգացման ծրագիրը, որի գեղարվեստական ղեկավարն եք: Գաղափարը հիանալի էր, խոստումնալից, բայց որքանո՞վ հաջողվեց այն կյանքի կոչել:

– Դա նպատակային ծրագիր է, որը սկսվել է 2013թ.-ին և ուղղված է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում 11-20 տարեկան երիտասարդ տաղանդավոր երաժիշտների բացահայտմանն ու կատարելագործմանը: Այն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այժմ ծրագիրը ներառում է դաշնամուր, ջութակ և թավջութակ մասնագիտությունները: Նպատակը մեր շնորհալի, տաղանդավոր երիտասարդներին միջազգային ասպարեզ դուրս բերելն է: Ծրագրի մասնակիցներին ընտրելիս՝ շրջել ենք ամբողջ Հայաստանն ու Ղարաբաղը, դպրոց առ դպրոց և 388 մասնակցից առանձնացրել 58 կատարողի: Երկրորդ փուլը կայացավ Երևանում, և մենք ընտրեցինք 15 պատանի կատարողների, ովքեր ունեն բացառիկ ունակություններ ու տաղանդ, ում համար երաժշտությունը ոչ թե հոբբի է, այլ իրենց կյանքը: Ծրագիրը ռոտացիոն է: Մենք ձգտում ենք այս երիտասարդ կատարողներին հնարավորություն տալ՝ դուրս գալ աշխարհի լավագույն բեմեր և դառնալ դասական երաժշտության ապագա էլիտան: Կրկնակի ուրախություն կլինի, եթե նրանք շարունակեն ապրել և ստեղծագործել Հայաստանում և պատանի տարիքում ստիպված չլինեն լքել երկիրը:

– Իսկ որքանո՞վ ենք մենք պատրաստ այդ պատանիների համար ապահովելու որակյալ կրթություն, բեմում ելույթներ ունենալու և փորձ կուտակելու հնարավորություն: Մի խոսքով` հղկելու նրանց տաղանդը:

– Ես ինքս ստացել եմ ֆանտաստիկ կրթություն և այն ստացել եմ Հայաստանում: Ավարտելով Չայկովսկու անվան դպրոցը, կրթությունս շարունակել եմ Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր Ա. Բոգդանյանի դասարանում: Այնուհետև ստացել եմ Եյլի համալսարանի PhD դիպլոմ` Քլոդ Ֆրանկի ղեկավարությամբ:

Ուսումնական դասընթացի ճիշտ կազմակերպումը ցանկացած երաժշտի կրթման կարևորագույն բաղկացուցիչներից է: Եվ այս ծրագրի շրջանակներում ընդգրկված են հայ կատարողական արվեստի լավագույն մասնագետներն ու խորհրդատուները: Մեծ նշականություն ունեն արտերկրի հեղինակավոր և միջազգային ասպարեզում ավանդ ունեցող մասնագետների մաստեր-կլասները, երբ պատանի երաժիշտներին կարողանում ենք ծանոթացնել և ներկայացնել տարբեր դպրոցների և ուղղությունների մոտեցումները: Համատեղ հաշվետու համերգներն անգնահատելի փորձ են և հնարավորություն են տալիս կատարողներին զգալու բեմը:

Babaxanyan

Դրա հետ մեկտեղ, հասկանում ենք, որ որակյալ կրթությունը միայն լավ մասնագետի առկայությունը չէ: Երաժշտին առաջին հերթին՝ անհրաժեշտ է լավ գործիք, երաժշտական գրականություն, մրցույթներին և փառատոներին մասնակցելու ֆինանսական հնարավորություն: Մենք փորձում ենք լուծել այս խնդիրները պետական հովանավորության շրջանակներում, բայց դե, պակասը զգացվում է: Ցավոք, այս ոլորտում ևս ֆինանսավորման խնդիրը վերջին տեղում չէ: Իրոք ցավալի է, երբ հայտնաբերում ես բացառիկ տաղանդով և երաժշտությամբ զբաղվելու պատրաստակամությամբ լի երեխա, որը պարզապես չունի ճիշտ գործիք: Մինչդեռ մեր պատանի երաժիշտների արդյունքներն արդեն իսկ տպավորիչ են, և նրանք իսկապես արժանի են ավելիին:

– Որքան գիտեմ, առաջին անգամ Հայաստանում՝ այս տարի կանցկացվի Ջինա Բախաուերի մրցույթի մասնակցության լսումներ: Մասնակիցների շարքում են ծրագրում ընդգրկված երիտասարդ երաժիշտներ…

– Այո, և ես իսկապես հպարտ եմ, որ մեր սաներից երեք դաշնակահար իրենց մասնակցությունն են ունենալու ԱՄՆ-ում կայանալիք Ջինա Բախաուերի մրցույթին: Այս մրցույթի մասնակիցների ընտրությունը ժյուրիի կողմից կատարվում է միայն կենդանի լսողությամբ: Սովորաբար այդ լսումներն անցկացվում են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Փարիզը, Պեկինը, Մոսկվան… Այս տարի մեզ հաջողվեց դա կազմակերպել Երևանում, և արդեն տարածաշրջանի մասնակիցները, ասենք, Վրաստանից կամ Ռուսաստանից, կժամանեն մեզ մոտ:

Ծրագրում ընդգրկված ևս երկու կատարող` դաշնամուր և թավջութակ, Հայաստանը ներկայացնելու են Չայկովսկու անվան միջազգային մրցույթում, որում հաղթելը, ինչպես գիտեք, ուղիղ ճանապարհ է՝ դեպի միջազգային բեմեր: Մասնակցելու ենք նաև «Շչելկունչիկ» պատանի երաժիշտների միջազգային հեռուստատեսային մրցույթին: Նախատեսված են վեց համերգներ Երևանում, որոնց ընթացքում մեր պատանի երաժիշտները տարբեր դահլիճներում հանդես կգան մենահամերգներով և նվագախմբի հետ կատարումներով:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մասնավոր հատվածը ֆինանսական ներդրումների առումով լայնորեն ներգրավված չէ այս ոլորտում: Այն, որ բարեգործական, հովանավորչական ծրագրեր, թեկուզ և խոշոր ընկերությունների կողմից, իրականացվում են, դա փաստ է: Մամուլը ջանասիրաբար հիշեցնում է մեզ այդ մասին: Այդ դեպքում ինչո՞ւ չօգնել նաև այս երեխաներին: Գուցե կա տեղեկատվության պակա՞ս:

– Կարծում եմ՝ ցանկացած ծրագիր պետք է կարողանա հետաքրքրել ներդրողին: Մենք ունենք տպավորիչ արդյունքներ, սակայն դրանք լայնորեն ներկայացված չեն: Ես համամիտ եմ, որ կա տեղեկատվության պակաս` և՛ հասարակության, և՛ պոտենցիալ ներդրողի մոտ: Այսօր մենք կարողանում ենք մասնավոր հովանավորչության միջոցով լուծել օրհասական խնդիրներ` գնել երաժշտական գրականություն կամ ավելի լավ գործիք: Բայց շարունակական ֆինանսավորում, որի շրջանակներում ծրագրենք մասնակցություն որևէ մրցույթի կամ փառատոնի, ավաղ, առայժմ կարող ենք միայն հուսալ:

Իհարկե, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե իր գումարը որտեղ ներդնի: Բայց գուցե, եթե հովանավորչությամբ զբաղվող մարդիկ իմանան, որ մենք ունենք նման երեխաներ, որոնք կարող են և արժանի են ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում, ապա իրենց հայացքը նաև դեպի նրանց ուղղեն: Դա մեզ հնարավորություն կտա մշակելու պատանի երաժիշտներին կրթելու և աշխարհին ներկայացնելու քաղաքականություն և համալիր ծրագիր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս