«Շատ տարօրինակ է, երբ Սահմանադրության նման ֆունդամենտալ փաստաթուղթը հարմարեցվում է արագաչափերի սեփականատիրոջ կարիքներին»

Սահմանադրության փոփոխությունների հետ կապված զրուցել ենք փաստաբան Հայկ Ալումյանի հետ:

– Պարոն Ալումյան, նշել էիք, որ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա: Ինչո՞ւ եք այդպես կարծում, այդ դեպքում Ձեզ հասկանալի՞ է փոփոխություններ կատարելու նպատակը:

– Քաղաքական մասը թողնենք քաղաքական գործիչներին: Հայաստանը կդառնա պառլամենտական կառավարմամբ երկի՞ր, թե՞ կմնա ներկայիս վիճակում, քաղաքական գործիչների խնդիրն է, և այդտեղ իրավաբանական գնահատականները, բոլոր դեպքերում, այդքան համոզիչ չեն: Հարցն այլ բանի մեջ է: Եթե անհրաժեշտություն կար կամ ինչ-որ մարդիկ կառավարման համակարգում փոփոխություններ կատարելու անհրաժշտություն էին տեսնում, ինչո՞ւ էր պետք դրա հետ զուգահեռ` այդ աստիճան մեծ փոփոխություններ կատարել մարդու իրավունքների և հիմնական ազատությունների գլխում: Դրա կարիքը, իմ կարծիքով, ընդհանրապես չկար: Առավել ևս ոչ մի դեպքում չէր կարելի նեղացնել արդեն իսկ գոյություն ունեցող իրավունքներն ու ազատությունները, ինչը մենք հիմա տեսնում ենք: Դուք երևի ծանոթ եք առաջին նախագծի բովանդակությանը: Այնտեղ խայտառակ կարգավորումներ կային կյանքի իրավունքի հոդվածում, խայտառակ հետընթաց կար` պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը ծանրացնող օրենքի հետադարձ ուժի հետ կապված: Խայտառակ հետընթաց կար՝ կապված սեփականության իրավունքի հետ:

Մի շարք այլ իրավունքներ և ազատություններ էապես կրճատվել են: Շատ մեծ աղմուկից հետո կյանքի իրավունքի հետ կապված այդ փոփոխությունները վերացվեցին, պատիժ սահմանող ու պատասխանատվությունը ծանրացնող օրենքի հետադարձ ուժի հետ կապված դրույթը նույնպես հանվեց, բայց շարունակում են մնալ այն հետընթացային, այսպես ասած, նորմերի նախագծերը: Մասնավորապես, ինձ շատ է անհանգստացնում սեփականության իրավունքի վերաբերյալ 58-րդ հոդվածը, որով ստացվում է, որ սեփականությունից այլևս դատարանը չի զրկում: Դատարանը հետագայում կարող է քննության առարկա դարձնել սեփականությունից զրկված անձի հայցը ու պարզել՝ ճի՞շտ են անձին զրկել սեփականությունից, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Դա շատ լուրջ հետընթաց է: Կարծում եմ՝ սա այն նորմն է, որ արագաչափերի համար է արված: Շատ տարօրինակ է, երբ Սահմանադրության նման ֆունդամենտալ փաստաթուղթը հարմարեցվում է արագաչափերի սեփականատիրոջ կարիքներին: Իսկ իրականում այն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում: Երևի պետությունը համարեց, որ պետական կարիքների համար սեփականությունից զրկված քաղաքացիները պետությանը շատ անհանգստություն պատճառեցին իրենց դատական պայքարով, և երևի պետությունը համարեց, որ այդքանն էլ շատ է: Հիմա արդեն ավելի է կարճացվում մարդուն սեփականությունից զրկելու ճանապարհը: Բացարձակ անընդունելի է: Նույնիսկ, եթե ես Սահմանադրության մյուս բոլոր հոդվածներին կողմ լինեմ, միայն այն, որ այս խայտառակ կարգավորումն է նախատեսված սեփականության հետ կապված, ես ստիպված եմ լինելու քվեարկել ամբողջ Սահմանադրության դեմ: Ապացույցների թույլատրելիության հետ կապված հետընթաց կա:

– Կմասնավորեցնե՞ք, թե խոսքն ինչի մասին է:

– Ներկա կարգավորումներով՝ եթե ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ, այն անթույլատրելի է, և վերջ: Իսկ հիմա վերապահումներ կան: Առաջարկվող նախագծով՝ եթե ապացույցը ձեռք է բերված օրենքի խախտմամբ, դա դեռ այն անթույլատրելի չի դարձնում: Որպեսզի այն անթույլատրելի դառնա, մենք պետք է նաև ապացուցենք, որ այդ ընթացքում մարդու հիմնական իրավունքներ ու ազատություններ են խախտվել կամ խախտվել է արդար դատաքննության սկզբունքը: Հակառակ դեպքում՝ այդ ապացույցը, թեև ձեռք բերված լինի օրենքի խախտմամբ, կշարունակի օգտագործվել: Սա ևս հետընթաց է:

Չգտա այն նորմը, որտեղ ասված է, որ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք նախատեսված չեն օրենքով: Գործող Սահմանադրության մեջ դա կա: Սա հետընթաց է: Մի շարք հետընթաց նախատեսող փոփոխություններ կան, բայց կարևոր է խնդիրն ընդհանուր նայել: Ընդհանրապես կարելի՞ է մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանող գլուխը կրճատել, այսինքն՝ կրճատել իրավունքներն ու ազատությունները: Չի կարելի: Մենք մարդու իրավունքներին առնչվող շատ նորմեր ունենք և՛ Սահմանադրության, և՛ օրենքների մեջ: Ինչո՞ւ են դրանց մի մասը թողնված օրենքների կարգավորմանը, իսկ մյուս մասը մտցված է Սահմանադրության մեջ: Սահմանադրության մեջ են մտցված, որովհետև դրանք կոչվում են «Հիմնարար իրավունքներ ու ազատություններ»:

Այսինքն՝ իմաստն այն է, որ դրանք այլևս անձեռնմխելի լինեն որևէ պայմաններում: Դրանք հենց այն իրավունքներն ու ազատություններն են, որոնք տրված են նույնիսկ մարդուն ի վերուստ: Այսինքն՝ Սահմանադրության մեջ դրանք պարզապես ամրագրված ու արձանագրված են, բայց դրանք այն իրավունքներն ու ազատությունները պետք է լինեն, որոնք ի վերուստ են տրված: Չի կարելի դրանք կրճատել: Հիմա փորձ է արվում կրճատել այդ իրավունքներն ու ազատությունները: Հայաստանը, ըստ Սահմանադրության, համարվում է ժողովրդավարական պետություն: Ո՞րն է ժողովրդավարության սահմանումը: Ընդհանրապես որևէ մեկն այս փոփոխությունների նախագիծը պատրաստելու ընթացքում մտածե՞լ է՝ ի՞նչ է նշանակում` ժողովրդավարություն:

Նախկինում ժողովրդավարության սահմանումն այսպես է եղել՝ ժողովրդի մեծամասնության իշխանություն: Այսինքն՝ մի հարց դրվում է քննարկման, պարզ է՝ երեք միլիոն մարդու մոտ մի կարծիք լինել չի կարող. որ լուծման օգտին քվեարկեց կեսից ավելին, այդ լուծումն էլ ընդունվում է` որպես հիմք: Դրանք ժողովրդավարական մեխանիզմներ են, հետևապես՝ ժողովրդավարությունը սահմանվել է` որպես ժողովրդի մեծամասնության իշխանություն. ցանկացած հարց լուծվում է ժողովրդի մեծամասնության կամքին համապատասխան, քանի որ չի կարող լուծվել բացարձակ ձայներով: Սա ժողովրդավարության՝ շատ վաղուց եկող սահմանում է:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիստական Գերմանիայի փորձը ցույց տվեց, թե ինչ սարսափելի հետևանք կարող է առաջացնել այս սկզբունքի տառացի կիրառումը: Գերմանացիների գերակշռող մեծամասնությունը որոշեց, որ իրենց երկրի հրեաները պիտի չապրեն: Ժողովրդավարության սկզբունքի մեջ ամողջությամբ տեղավորվող մեխանիզմ էր. ժողովրդի մեծամասնությունը որոշել է, որ այդ փոքրամասնությունն այլևս պիտի չապրի: Մեկ այլ երկրում ժողովրդի մեծամասնությունը կարող էր որոշել, որ պետք է փոքր մասի գույքը վերցնել, բաժանել միմյանց միջև. դա ևս կտեղավորվեր ժողովրդավարության սահմանման մեջ: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո մարդկությունը, հատկապես` Եվրոպան, ցնցված այդ ամենից, հասկացավ, որ ժողովրդավարության այդ հին կոնցեպցիան կարող է սարսափելի աղետների հանգեցնել, և արդեն Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո միջազգային մակարդակով ընդունվեց նոր կոնցեպցիա: Հիմա արդեն ժողովրդավարությունը սահմանվում է հետևյալ կերպ՝ մեծամասնության սահմանափակ իշխանություն:

Իսկ ինչո՞վ է սահմանափակված մեծամասնության իշխանությունը՝ մարդու իրավունքներով և հիմնական ազատություններով: Այսինքն՝ մեծամասնությունը նախկինի պես՝ սկսած հին Հունաստանից, կարող է ընդունել ցանկացած որոշում՝ բացառությամբ նրանցից, որոնցով միջամտի մարդու իրավունքներին ու հիմնական ազատություններին: Այսինքն՝ մեծամասնությունը կաշկանդված է միայն մեկ բանով՝ մարդու իրավունքներով և հիմնական ազատություններով: Այսինքն՝ դա մի ոլորտ է, որտեղ մեծամասնությունը միջամտելու իրավունք չունի: Հիմա կոնցեպցիան դա է: 99 տոկոսը չի կարող որոշել, որ այն 1 տոկոսի հիմնական իրավունքներն ու ազատությունները պետք է կրճատի:

Այդպես չի կարող լինել, որպեսզի չվերադառնանք ֆաշիստական Գերմանիայի մոդելին կամ բոլշևիկյան Ռուսաստանի մոդելին, որտեղ որոշեցին, որ հարուստների ձեռքից պետք է վերցնել գույքը, իրենց էլ՝ երկրից հանել, ով կհասցնի, թող փախչի: Այսինքն՝ եկանք նրան, որ ինչ ինչ, բայց մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները պարզապես անձեռնմխելի են՝ թեկուզ ամենամեծ մեծամասնության քվեի համար:

Վերադառնանք մեր Սահմանադրությանը:

Մենք ունենք դրա 2-րդ գլուխ, որտեղ ամրագրված են մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ու այսօր մարդիկ հանրաքվեի են դնում այդ իրավունքներն ու ազատությունները կրճատելու հարց, որը սկզբունքորեն հակասում է ժողովրդավարությանը: Չի կարելի նույնիսկ քննարկել այդպես՝ արժե՞ դրանք կրճատել, թե՞ ոչ: Պետք է հասկանալ, որ դրանք չի կարելի կրճատել: Դա քննարկման հարց էլ չի կարող լինել: Եթե այսպես լինի, վաղը հանրաքվեի կդրվի՝ կարելի՞ է արդյոք մահապատժի ենթարկել, թե՞ ոչ:

Պետք է հասկանան, որ չի կարելի, և վերջ: Այսինքն՝ դա մեկ անգամ սահմանվել է և դարձել է անձեռնմխելի: Սա քննարկման հարց չէ, չի կարող 99 տոկոսը քննարկել՝ չբռնե՞նք այն 1 տոկոսին մահապատժի ենթարկենք, կամ բոլոր շիկահերներին տանենք հարկադրական աշխատանքների: Պարզապես չի կարող: Այդտեղ խնդրի արմատն է: Եթե իրենք այստեղ խնդիր չեն տեսնում, ժամանակի հարց է դառնում, թե որերորդ հանրաքվեից հետո մեզ մոտ մարդիկ կսկսեն մարդ ուտել: Պարզապես ժամանակի հարց է, թե որ հանրաքվեից հետո է դա լինելու: Եթե թույլ ես տալիս միջամտել դրա մեջ, մնացածը դառնում է ժամանակի հարց: Ամենագլխավորն այն է, որ երկրորդ գլուխը չի կարող կրճատվել, իսկ հիմա փորձ է արվում կրճատել:

– Կյանքի իրավունքի հետ կապված Ձեր նշված նորմը նախագծից հանվել է: Ի՞նչ եք կարծում՝ անհրաժե՞շտ է նման նորմ Սահմանադրության մեջ. կան դեպքեր, երբ կյանքից զրկելն այդ իրավունքի խախտում չի համարվում:

– Այսօրվա Սահմանադրության մեջ չկան այդ դեպքերը: Նախագծի մեջ փորձ արվեց լուծել այդ խնդիրը, սակայն այնպիսի խայտառակ ձևով փորձ արվեց, որ մտածեցին՝ ավելի լավ է` հինը մնա, քան փորձեն այսպիսի բաներ անել: Թողեցին այնպես, ինչպես գործող Սահմանադրությունում է: Իրականում հեծանիվ հորինել պետք չէ: Այդ հարցը շատ վաղուց լուծված է: Եվրոպական կոնվենցիայի ձևակերպումներն այն առումով շատ նորմալ են, կարելի էր օգտվել: Բայց ստեղծագործաբար են փորձում մոտենալ, ամեն հարցի մեջ փորձում են սեփական ես-ը մտցնել: Վերջում այդ ստեղծագործությունը կարող է չհաջողվել: Անպայման չէ ամեն բանի մեջ սեփական ես-ը մտցնել: Նախաձեռնությունը միշտ չէ լավ բան: Մի ռուսական ասացվածք կագ հարգելի մարդիկ կան այդ կազմի մեջ, չեմ ուզում այդ ռուսական ասացվածքին անդրադառնալ: Ընդ որում, կյանքի իրավունքը շատ նուրբ թեմա է: Կյանքի իրավունքը մյուս իրավունքների ու ազատությունների հիմքերից մեկն է:

– Ըստ նախագածի՝ ԱԺ-ն պետք է ընտրվի համամասնական ընտրակարգով: Այստեղ, Ձեր կարծիքով, մարդու իրավունքների խախտում կա՞՝ հաշվի առնելով, որ անկուսակցական անձը չի կարող առաջադրվել:

– Ես կարծում եմ՝ դա պետք է դիտարկել ոչ այնքան առաջադրվողի տեսանկյունից: Նա կարող է փորձել իրեն հոգեհարազատ ինչ-որ կուսակցություն գտնել: Ինքս ընտրող եմ: Ես համարում եմ, որ սխալ են անում, որ ինձ այդպես են թելադրում: Հիմա մեզ կասեն՝ Ամերիկայում էլ, Անգլիայում էլ է այդպես: Ոչ մեկն էլ իդեալական չէ: Երբ մենք ուզում ենք երկիր կառուցել, մեր նպատակն է` ԱՄՆ-ից էլ, Անգլիայից էլ լավ երկիր ունենալ:

Թեև այս հարցի մեջ քաղաքական բաղադրիչ կա՝ ես դրան չեմ ուզում անդրադառնալ, ես մասնագետ չեմ, բայց որպեսզի համարել, որ ժողովուրդն ինքն է ընտրել պառլամենտը, ու ԱԺ-ի միջոցով ինքն է իրականացնում իշխանությունը, չես կարող նրան այսպիսի սահմանների մեջ դնել ու ասել՝ 4 կուսակցությունից որի՞ օգտին ես քվեարկում: Մեր փորձը ցույց է տալիս, որ այդ 4-ն էլ կարող են նույնը լինել՝ պիտակավորված տարբեր անուններով, ու մենք պարզապես ընտրություն չունենանք:

– Ի՞նչ այլ մտահոգություններ ունեք նախագծի հետ կապված:

– Ինձ շատ մտահոգում, վրդովվեցնում է Սահմանադրության նախաբանը՝ հայ ժողովուրդը, ելնելով այսինչ բաներից, ընդունեց Սահմանադրությունը: Չի կարելի այդպես գրել: Սահմանադրությունը չի ընդունել, չի էլ ընդունում հայ ժողովուրդը: Հայ ժողովրդի 75 տոկոսը չի քվեարկում, իրավունք էլ չունի քվեարկելու, որովհետև գտնվում է Հայաստանից դուրս՝ այլ երկրներում: Ուրեմն՝ հայ ժողովրդի անունից պետք չէ այդպիսի բաներ ասել: Սա` մեկ: Եվ երկրորդ՝ չի կարելի դիսկրիմինացիան մտցնել հենց Սահմանադրության առաջին բառի մեջ: Ինչպես թե՝ եզդին չի՞ քվեարկում այդ Սահմանադրության օգտին: Եզդիները մեր եղբայրներն են, մեր համաքաղաքացիներն են, ինչո՞ւ եք ազգային խտրականությունը դնում հենց առաջին բառի մեջ: Չի կարելի: Բա եզդի, ռուս, հույն, ասորի, ուկրաինացի ժողովուրդը: Ի՞նչ է՝ իրենք պիտի բացեն Սահմանադրությունը ու իրենց երկրորդակա՞ն զգան: Չի կարելի: Պետք է գրել` Հայաստանի ժողովուրդը: Այսպիսի բաների մասին է պետք մտածել, ոչ թե մտածել, թե ինչպես արագաչափերի խաթր մի քիչ ձևափոխել Սահմանադրությունը: Այդպես չի կարելի:

Տեսանյութեր

Լրահոս