
Apple-ն ու Google-ը հրաժարվել են ԱՄՆ իշխանություններին տրամադրել օգտատերերի նամակագրությունները

Apple, Google ու Microsoft կորպորացիաները շարունակում են դիմակայել ԱՄՆ արդարադատության նախարարության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի ճնշմանը՝ հրաժարվելով մատչում տրամադրել օգտատերերի նամակագրություններին:
Ինչպես հայտնում է New York Times-ը, վերջին ամիսներին իշխանությունները բազմիցս պահանջել են մատչում տրամադրել օգտատերերի հաղորդագրություններին, որոնք ուղարկվել են էլեկտրոնային ծառայությունների օգնությամբ: Հիմանականում դա առնչվել է այն անձանց, ում նկատմամբ հետաքննություն է ընթանում:
Պարբերականի տեղեկություններով՝ 2015թ. ամռանը հանցագործություններից մեկի հետաքննման ժամանակ ԱՄՆ արդարադատության նախարարությունն ստացել էր դատարանի վճիռը, որը պահանջում էր, որ Apple-ը իրական ժամանակի ռեժիմում «ճանկեր» iMessage-ի միջոցով ուղարկվող տեքստային հաղորդագրությունները: Սակայն ընկերությունը հայտնել էր, որ վայրկենական հաղորդագրությունների փոխանցման համակարգը կոդավորված է ու իրենք չեն կարող կատարել դատարանի որոշումը:
Այդ գործն ու մի քանի նմանատիպ այլ գործեր հիմք էին ծառայել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ու արդարադատության նախարարության համար ԱՄՆ համար դատական հայց ներկայացնել Apple-ի դեմ:
Ինչպես նշում են պարբերականի լրագրողները, տեխնոլոգիական ընկերությունների նման վարքագիծը միանգամայն հասկանալի է: Էդվարդ Սնոուդենի սենսացիոն գաղտնազերծումից հետո նրանք փորձում են ապացուցել, որ իսկապես պաշտպանում են իրենց օգտատերերի տվյալները: