«Զորավարժությունները նոր երևույթ էին, ոչ բոլորն էին պատրաստ ճիշտ գնահատել այն». հոգեբան

Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Հայաստանում սեպտեմբերի 3-ից մեկնարկած «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին՝ ասաց, որ պատերազմից խուսափելու լավագույն միջոցը պատերազմին պատրաստվելն է, և ըստ նրա՝ այս տոտալ զորավարժությունները հենց այդ նպատակն ունեին.

«Այստեղ երևաց թե՛ պետության ուժը, թե՛ հասարակության համախմբումը, թե՛ ժողովրդի հեգեբանական պատրաստվածությունը անցկացվող զորավարժություններին: Երբեմն ասում են, որ Հայաստանում մնացել է մի խեղճ, անկարող ժողովուրդ, ով կենսունակ է՝ թողել-գնացել է երկրից, և ահա այս զորավարժությունները ցույց տվին, որ կա մարտունակ մի ժողովուրդ, որը կարող է լուծել իր խնդիրները»:

Ըստ գրականագետի՝ սա հոգեբանորեն մեզ բոլորիս հիշեցրեց, որ եթե պատերազմ սկսվի, ընդգրկելու է կյանքի բոլոր ոլորտները՝ պաշտպանական դիրքերից սկսած մինչև առողջապահություն.

«Սա կարևոր էր ոչ միայն երկրի անվտանգության տեսանկյունից, այլև հասարակության կազմակերպման: Որպես ՀՀ քաղաքացի՝ որոշակի պարտականություններ ունենք և այս զորավարժություններից հետո ունեցանք որակապես նոր հասարակություն»:
Ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Ռուբեն Աղզումցյանը նկատեց՝ զորավարժությունները շատ կարևոր են, և, ըստ նրա՝ ուշացած.

«Տեսականորեն շատ բաներ կարելի է իմանալ, բայց կիրառման տեսանկյունից դա շատ կարևոր էր: Նմանատիպ միջոցառումները պատահականություն չեն: Սա ոչ թե արձագանք էր, այլ պետական քաղաքականություն: Մենք միշտ չէ, որ պատրաստ ենք ճիշտ ընկալել իրադրությունը, որովհետև ինֆորմացիայի պակասը մարդն սկսում է լրացնել իր պատկերացումներով և շատ հաճախ սխալ եզրակացություններ կարող է անել: Հետևաբար կարևոր է ինֆորմացիայի ապահովումը: Այդ առումով մեդիան և կառավարությունը թերացել են. պետք էր ինֆորմացիան ճիշտ ժամանակին տալ: Բայց քանի որ սա նոր երևույթ էր, ոչ բոլորն էին պատրաստ ճիշտ գնահատել այն»:

Տեսանյութեր

Լրահոս