«Պառլամենտական համակարգի պարագայում պարտվողներ ու հաղթողներ չեն լինում, բոլորը հաղթում են»

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի հետ

– Ի՞նչ հիմնախնդիր կարող է լուծել Սահմանադրության նոր նախագծով առաջարկվող կառավարման խորհրդարանական մոդելը, որը հնարավոր չէ լուծել գործող համակարգի պայմաններում։

– Ես ունեմ մի քանի դիտարկումներ, որ գործող Սահմանադրության մեջ կան ներքին խութեր, որոնք որևիցե ժամանակ կարող են արտահայտվել։ Խոսքը վերաբերում է 2 առաջնային մանդատին, երբ և՛ խորհրդարանն է առաջնային մանդատ կրում, և՛ երկրի նախագահը։ Եթե նրանք նույն քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, ապա հակասությունների ու հակամարտությունների խնդիր չկա, այլ ընդհակառակը` բողոքում են, որ դա մեկ կուսակցության իշխանություն է։ Իսկ երբ տարբեր ուժերի ներկայացուցիչներ են և ունեն տարբեր պատկերացումներ երկրի զարգացման վերաբերյալ, այստեղ արդեն ներքին կոնֆլիկտներ են հասունանում։

Օրինակ, երբ որևէ քաղաքական ուժ հաղթում է պառլամենտական ընտրություններում, մեծամասնություն է և գնում է շատ կտրուկ փոփոխությունների, որը կարող է չհամընկնել մեր երկրի անվտանգության հետ, ի՞նչ կարող է անել նախագահը` որոշ օրենքների վրա արգելանք դնել։ Երկրի նախագահը պատասխանատու է երկրի անվտանգության, սահմանների անձեռնմխելիության, սահմանադրական կարգի պահպանության համար, բայց, ըստ էության, ինքը լիազորություններ չունի, եթե քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում այլ քաղաքական ուժ է, որը ձևավորել է իր կառավարությունը։ Ստացվում է` երկրի նախագահն ունի պարտականություն, մենք իրենից ունենք պահանջ` տնտեսական, քաղաքական կամ ազգային անվտանգության հարցում, բայց ինքը տվյալ պարագայում գործուն մեխանիզմներ չունի ազդելու իրադարձությունների վրա։

Այսինքն` այստեղ կա իրավունքի և պարտականության տարանջատում։ Մենք ամեն ինչը պահանջում ենք հանրապետության նախագահից, բայց եթե այլ քաղաքական ուժ է պառլամենտում, այն առաջնային մանդատ ունի և ձևավորում է կառավարություն, լծակներն իր ձեռքին են, ապա նախագահը չի կարող Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունն իրականացնել։ Այսինքն` նախագահը պարտականություն ունի, բայց իրավունքներ չունի։ Այս խնդիրն է, որը, կարծում եմ, գործող Սահմանադրության թերություններից է։ Սահմանադրության նոր նախագծով այս հակադրությունները չեն լինի, որովհետև, ըստ էության, առաջնային մանդատ ունենալու է միայն պառլամենտը։

Բազմիցս կրկնել եմ` պառլամենտական համակարգն ընդունել է մի պայմանով, որ նախագահը չունենա առաջնային մանդատ այնպես, ինչպես Վրաստանում է, որտեղ կոնֆլիկտ կա նախագահի ու կառավարության միջև։ Երկրորդը` ինձ մտահոգում են նաև նախագահական ընտրություններից հետո հետընտրական գործընթացները, որովհետև նախագահական ընտրությունն իր մեջ պարունակում է հետևյալ գաղափարախոսությունը` հաղթողին ամեն ինչ, պարտվողին ոչինչ։ Իսկ հաղթողի և պարտվողի միջև կարող է չնչին` 0.1%, տարբերություն լինել։ Եվ ամենակարևորն այն չէ, որ որևէ մեկը հաղթում է, մյուսը` պարտվում, խնդիրն անձերը չեն, այլ ամեն մեկի ետևում կանգնած ընտրողները։ Այսինքն` ազգի մի մասը հաղթում է ազգի մյուս մասին։

Մեր գիտակցության մեջ դա այդպես է, և ստացվում է արհեստական բաժանում, հակասություններ, հակամարտություններ և հետընտրական գործընթացներ։ Կարող են ասել` իշխանությունները պետք է թույլ չտան դա։ Ես երկար մտածել եմ այդ մասին. մենք 3 նախագահ ենք ունեցել։ Լևոն Տեր-Պետրոսյանը դիտվում էր` որպես ժողովրդավար մարդ, բայց հիշո՞ւմ եք 1996 թ. հետընտրական գործընթացները` տանկերը Երևանի փողոցներում, զինվորները, կրակոցները, գլուխջարդոցները և այլն։ Հիշում ենք նաև երկրորդ նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցածը` 2004 թ. ապրիլյան իրադարձությունները։ Հիշում ենք նաև երրորդ նախագահի ընտրությունները և հետընտրական գործընթացները։ Այսինքն` 3 տարբեր անձինք` տարբեր բնավորություններով և էություններով, բայց եկեք, տեսեք, որ հետընտրական պրոցեսները բոլորն ունեն որոշակի նմանություն ու տրամաբանություն, որ նշանակում է` այստեղ կա մի ընդհանուր բան։

Նախագահական ընտրությունների մեխանիզմն է` հաղթողին` ամեն ինչ, պարտվողին` ոչինչ։ Այս խնդիրը լուծվում է պառլամենտական համակարգում, որտեղ պարտվողներ ու հաղթողներ չեն լինում, բոլորը հաղթում են, և ամեն մեկն այնքանով, որքանով հանրության մեջ ընդունված է։ Ներքին կոնֆլիկտը, որ կա նախագահական ընտրությունների ժամանակ, հետգործողությունները չեն լինում։

ԱԺ ընտրություններից հետո մեծ, գլոբալ կոնֆլիկտներ ՀՀ-ում երբեք չեն եղել։ Նշանակում է` պառլամենտական ընտրությունների փիլիսոփայությունն է, որ հաղթում են բոլորը, յուրաքանչյուր քաղաքական ուժի թիկունքին կանգնած ընտրազանգվածն իրեն օտարված չի զգա ու կզգա հաղթանակած այնքան, որքան ձայն է ստանում իր կուսակցությունը։ Սա այն տրամաբանությունն է, որ շատ կարևոր եմ համարում, որի համար ես կողմ եմ սահմանադրական փոփոխություններին։ Իհարկե, բազմաթիվ գործոններ կան, որ ևս կարելի է թվարկել, բայց սրանք ամենակարևորներն են։

– Կայուն մեծամասնություն ձևավորվելու դեպքում փոքրերը ստիպված կլինեն մեծերի հետ դաշինքներ կազմել, ու յուրաքանչյուրի ծրագրերում փոփոխություններ կլինեն։ Այդ պարագայում ինչպե՞ս յուրաքանչյուրը հաղթանակած կլինի։ Նաև ինչպե՞ս եք գնահատում Վենետիկի հանձնաժողովի առաջարկը, ըստ որի` կայուն մեծամասնության հարցը պետք է կարգավորել Ընտրական օրենսգրքով։

– Կայուն մեծամասնությունը սահմանադրական իրավունքի տեսակետից որպես իրավական հասկացողություն գոյություն ունենալու իրավունք ունի։ Կայուն մեծամասնությունն այն գաղափարն է, որ աշխարհի շատ պառլամենտական երկրներ փորձում են հասնել դրան։ Ըստ էության` պառլամենտական համակարգի գլոբալ թերությունն իշխանության անկայունությունն է, որովհետև մի քանի կուսակցություններով կազմում են կոալիցիոն կառավարություն, տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցություններով ձևավորում կառավարություն և կառավարման ընթացքում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ձգտում է իր գաղափարներն իրականացնել, իսկ եթե տարբեր են գաղափարները` շատ մեծ խնդիրներ են առաջանում, որոնց պատճառով շատ երկրներում կառավարությունները հրաժարականներ են տալիս, ձևավորում են նոր կառավարություն և նոր կոալիցիաներ։

– Այսինքն` ճգնաժամային իրավիճակների վտանգը մեծ է։

– Այո, ճգնաժամային իրավիճակներ շատ են լինում, ու, եթե Եվրոպայում դրանք հեշտ են հաղթահարվում, ապա Հայաստանում, կարծում եմ, որ դա ցանկալի երևույթ չէ։ Այդ իսկ պատճառով կայուն մեծամասնության գաղափարն ընկալելի և ընդունելի է բոլորի կողմից։ Խնդիրներ կան` ինչպե՞ս դա ձևավորել, ինչո՞ւ դարձնել սահմանադրական նորմ, դա իմպերատի՞վ գաղափար է` անպայման երկրորդ փուլ անցկացնելը, թե՞ առաջին փուլի արդյունքում, եթե հնարավոր չի լինում կազմել կոալիցիա, նոր երկրորդ փուլ անցկացնել։ Սրանք խնդիրներ են, որոնք ընկալելի դարձնելով կայուն մեծամասնության գաղափարը, իրականացման տեսակետից առաջարկում են դա լուծել ԸՕ-ով։

Միգուցե առաջին փուլի ընտրությունից հետո քաղաքական ուժերը կարող են կոալիցիա կազմել և ձևավորել կառավարություն, կամ գուցե երկրորդ տեղում հայտնված քաղաքական ուժն է կարողանում կոալիցիա կազմել ու ձևավորել քաղաքական մեծամասնություն, կամ, եթե որևէ տարբերակ չի ստացվում, ապա երկրորդ փուլ կանցկացվի, կամ երկրորդ փուլ անցնում են միայն առաջին ու երկրորդ տեղում հայտնված քաղաքական ուժերը, թե նրանք կարող են ձևավորել կոալիցիա։ Սրանք հարցեր են, որ քննարկման ենթակա են։ Այսինքն` լուծման բազմաթիվ տարբերակներ կան, քաղաքական ուժերն առաջարկում են իրենց տեսակետները, որոնք ԱԺ-ում պետք է քննարկվեն։

– Խորհրդարանական կառավարման դեպքում վարչապետը դառնում է երկրի փաստացի ղեկավարը, բայց ԱԺ-ն լիազորություն ունի 6 ամսվա կտրվածքով վարչապետին փոխելու։ Սա ճգնաժամի առաջացման պատճառ չէ՞։

– Եթե կոալիցիոն կառավարություն է, հնարավոր է։ Եվ դա կարևորում է քաղաքական կայուն մեծամասնության գաղափարը։ Եթե որևէ քաղաքական ուժ ունի 50% + և դրանից հետո է գնացել կոալիցիա կազմել, ունի 60%, և այլն, թույլ է տալիս որոշակի ձևով հանգիստ աշխատել։ Եթե որևէ ուժ նրանից առանձնանա, մնա 50%+, շատ դժվարությամբ կաշխատի։ Պառլամենտում օրենքներ անցկացնելը, կառավարության քաղաքական հենարանը լինելը շատ դժվար է։ Օրինակ` նույնիսկ մեր պառլամենտի պարագայում, երբ քաղաքական մեծամասնությունը նույնիսկ ավելի քան կայուն է, եթե ընդդիմությունը փորձում է համագործակցել, որոշ օրենքներ չեն անցնում։ Իսկ այդ դեպքում, եթե կայուն մեծամասնությունը 50%+ լինի, դա ահավոր բարդ կլինի։ Այսինքն` քաղաքական մեծամասնությունը այսպես թե այնպես, պառլամենտական կառավարման համակարգում պարտավորված է անընդհատ ընդդիմության հետ աշխատել, նրանց տեսակետները լսել, որպեսզի դա օրենքի ուժ ստանա։ Այսինքն` այս պառլամենտական կառավարման համակարգը մեծացնոմ է ընդդիմության դերակատարումը, և այն, որ խորհրդարանի փոխնախագահներից մեկը տրված է իրենց, ևս լուրջ գործոն է նրանց ձեռքին։

– Ի՞նչ երաշխիք, որ այդ ընդդիմությունը չի լինի կառավարելի` հաշվի առնելով ՀՀ-ում ընտրական գործընթացները, ավանդույթ դարձած մեխանիզմները, որովհետև Ձեր ընդդիմախոսները բովանդակային քննարկումների մեջ չեն մտնում` շեշտելով, որ ընտրական գործընթացներն ինքնին արդեն խեղաթյուրված են, ընտրական գործընթաց չկա, և ԱԺ-ում է հայտնվում նա, ում անցկացնում են։

– Եթե նույն տրամաբանությամբ լինի, բա ինչո՞ւ են ասում` մնա նույնն կառավարման համակարգը, եթե նույն կերպ է լինելու, և եթե, ըստ իրենց` Հանրապետականը պետք է ԱԺ-ում մեծամասնություն լինի, նախագահը պետք է հանրապետական լինի։ Այդ դեպքում ի՞նչ տարբերություն` պառլամենտակա՞ն, թե՞ կիսանախագահական համակարգով Հանրապետականը կիշխի։ Ես դեմ եմ այդ տրամաբանությանը, որովհետև ընտրական պրոցեսները երբեք էլ ՀՀ-ում այնպես չեն, ինչպես հանրային գիտակցության մեջ արմատավորված է, երբեք էլ այնպիսին չեն, որ, ըստ էության, գլոբալ առումով թույլ չտա, որպեսզի հստակեցվի` ով է հաղթողը, այդպես չէ։ Ցավոք սրտի, պրոցեսներ կան, որոնք կարող են խաթարել ինչ-որ մի բան, կարող է և՛ միջազգային դիտորդների, և՛ հանրության մոտ լինի իդեալական վստահություն։ Ցավոք, այդ վստահությունը չկա, բայց երբեք էլ պրոցեսներն այնպիսին չեն, ինչպես հանրային գիտակցության մեջ է։ Ես կարծում եմ` քաղաքական դերակատարներից է կախված, թե ինչպիսի ընտրություն կարող է լինել։

Օրինակ` 2012 թ. ես ԱԺ նախագահ էի և ԱԺ նախագահին կից ստեղծել էի խորհրդակցական մարմին, որտեղ մասնակցում էին ԱԺ-ում գտնվող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, թեկնածու առաջադրած խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի, բոլոր միջազգային դիտորդական առաքելություն իրականացող կազմակերպությունների, տեղական դիտորդների, դեսպանատների ներկայացուցիչները, այսինքն` հարթակ էի տրամադրել, ու բարձրացված հարցերին լուծումներ էին տրվում։ Բայց հետո տրակտորներ և այլ լծակներ կիրառելով` ամեն մեկը փորձեց ավելին քաղել, և ստեղծված հրաշալի մեխանիզմից ամբողջովին չօգտվեցին։ Հիմա ումի՞ց են բողոքում և ի՞նչ են ուզում։

– Պարոն Նիկոյան, շատ է խոսվում «Ոչ՛»-ի շարժման մասին, հայտարարվել է, որ Ռոբերտ Քոչարյանը մինչև այս ամսվա վերջ հանդես է գալու հարցազրույցով, աջակցելու է «Ո՛չ»-ի շարժմանը` հանձինս Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող նոր կուսակցության։ Ինչպե՞ս եք մեկնաբանում սա։

– Դրանք դեռևս մամուլի մակարդակով խոսակցություններ են։ Այն քաղաքական ուժերը և անձինք, որոնք ցանկություն ունեին նախագահական ընտրություններին մասնակից դառնալ, դեմ են սահմանադրական փոփոխություններին։ Հիմա քաղաքական կոնսուլտացիաների, քննարկումների շրջան է, որ սկսվել է վաղ գարնանից, ՀՀ նախագահը փորձում է բոլոր ուժերի հետ հանդիպել, որից հետո հանձնաժողովի անդամներն են հանդիպում նրանց հետ` փոփոխությունների բուն նպատակը մանրամասն քննարկելու համար։ Եթե ուշադիր եք, որոշակի շեշտադրումների փոփոխություն նկատվում է քաղաքական դաշտում։

– Օրինակ` ԲՀԿ-ի դեպքում։

(Ժպտում է.- Գ.Խ.) Որոշակի շեշտադրումների փոփոխություն նկատվում է, դա քաղաքական կոնսուլտացիաների արդյունք է։ Իհարկե, կարող են լինել նաև քաղաքական ուժեր, որոնք ասելու են` «ոչ»։ Դա նոր չէ, 2005 թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ մի շարք ուժեր ուղղակի բոյկոտեցին` իրենց «ոչ»-ը պասիվ ձևով ասելով։ Իհարկե, միամիտ չենք, որ 100%-ով քաղաքական դաշտն «այո» է ասելու։ Կրկնեմ` դեմ են նրանք, ովքեր ցանկություն ունեին նախագահական ընտրություններին մասնակից լինել։

Տեսանյութեր

Լրահոս