Պատերազմը ռիսկային է բոլորի համար

«ԱՄՆ-ի ամենաբարձր ղեկավարությունը պետք է քաղաքական հովանի ապահովի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համար, որպեսզի նրանք կարողանան առանց ռիսկերի երկխոսել ԼՂ հակամարտության շուրջ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայում` ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի փակուղային իրավիճակին և սահմանային լարվածությանը։ Նա նշել է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կամ Ադրբեջանը կցանկանան ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակի լուրջ ապակայունացում, առավել ևս` լայնամասշտաբ պատերազմական գործողություններ։

«Կրեմլը չի ցանկանում, որպեսզի կարգավորվի հակամարտությունը` նախընտրելով լարվածության որոշակի մակարդակ տարածաշրջանում, սակայն, միևնույն ժամանակ, հասկանում է, որ պատերազմի վերսկսումը չափազանց ռիսկային կլինի։ Ի վերջո, Ռուսաստանը նաև միջազգային պատժամիջոցների տակ է, որոնք ստացել է արևելյան Ուկրաինայում իր ռազմական ագրեսիայի դիմաց, ինչը հանգեցրեց որոշակի ռազմավարական վերադասավորումների, որոնք Կրեմլը չէր կանխագուշակել` Ուկրաինայում ռազմական ագրեսիայի միջոցով ապակայունացում նախաձեռնելիս։

Ադրբեջանը ևս չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ` հասկանալով, թե որքան ռիսկային է պատերազմը։ Ռուսաստանը կարող է այնուամենայնիվ ընդլայնել իր ազդեցությունը Բաքվում, նույնիսկ դրամատիկ կերպով` ավելի կառուցողական և ակտիվ դերակատարություն ունենալով ԼՂ հակամարտության հարցում` կողմերին օգնելով հասնել կարգավորման, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում»,- ասել է Բրայզան։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս