Դաշնակցությունը հակամենաշնորհային քաղաքականությունը սահմանադրության մեջ ներառելու մասին առաջարկ կներկայացնի

Այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» պատրաստվում է հակամենաշնորհային քաղաքականությունը սահմանադրության մեջ ներառելու մասին առաջարկ ներկայացնել:

Նա կոչ արեց սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկայական առաջարկներ, որպեսզի գտնվեն երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման բանալիները:

«Առաջիկայում սպասվում է քննարկում սահմանադրական փոփոխությունների մասին և մենք այս առնչությամբ հանրությունից պետք է ստանանք ազդակներ, ուստի ճիշտ կլինի, որ հանրությանը ճիշտ ներկայացվեն սահմանադրական փոփոխությունները»,– հայտարարեց նա՝ նշելով, որ առանձին ելույթներում 25 տարվա խնդիրները պարզապես ներկայացվում են այնպես, ասես դրանք Սահմանադրության հետ կապ չունեն, մարդու հետ կապ ունեն: «Այդ ելույթներում ավելորդ անգամ շեշտադրվում են բաներ, որոնք չկան միջազգային փորձում: Դա ճիշտ չէ, և պետք չէ խեղաթյուրել ամեն ինչ»,- ասաց նա։

Նա նաև կարևորեց հասարակական կազմակերպությունների կողմից արվող առաջարկները:

«Եթե մենք շատ ավելի մասնագիտական քննարկումներ ծավալենք, ապա նրանք, ովքեր առարկայորեն դեմ են այս նախագծին, անպայման կողմ կլինեն այս փոփոխություններին: Կոչ եմ անում՝ միասին կարողանանք այս փոփոխությունները արժևորել, բարեփոխման առաջարկներ ներկայացնել ու հարգանքով վերաբերվել պետական ինստիտուտներին»,- հայտարարեց դաշնակցական պատգամավորը:

Լսումների ընթացքում Արծվիկ Մինասյանը նաև ասաց, որ Հայաստանի տնտեսական զարգացման խոչընդոտներից մեկը մենաշնորհների առկայությունն է. «Գործող Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս ակտիվ հակամենաշնորհային քաղաքականություն վարել, ուստի պետք է առաջարկել մի դրույթ, և մենք հիմա աշխատում ենք դրա շուրջ, որպեսզի հակամենաշնորհային քաղաքականությունը դառնա սահմանադրական նորմ»:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն ի պատասխան Ա. Մինասյանի ելույթի՝ հավաստիացրեց, որ եթե հակամենաշնորհային նորմ առաջարկվի, ապա իրենք սիրով պատրաստ են քննարկել և ամրագրել:

«Բազմաթիվ դրույթներ, որոնք ամրագրվել են նոր սահմանադրության նախագծում, եղել են շնորհիվ Դաշնակցության առաջարկների ու ջանքերի: Եթե լինի առաջարկ՝ հակամենաշնորհային նորմը ներառել սահմանադրության մեջ, ապա մենք պատրաստ ենք համատեղ աշխատել ու գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս