
Քեմերոնը խոստացել է Մեծ Բրիտանիայում սպաստան տրամադրել ևս 1000 փախստականի

«Մենք արդեն ապաստան ենք տրամադրել գրեթե 5 հազար սիրիացու: Ու ինչպես ես արդեն ասել եմ, կընդունենք ևս 1000 մարդու գոյություն ունեցող սխեմաների հիման վրա»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Պորտուգալիայում բանակցությունների արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ, որը հեռարձակում էր Sky News-ը:
Բրիտանիան, մասնավորապես Քեմերոնը, խիստ քննադատության էր ենթարկվել ինչպես ԵՄ-ի ու ՄԱԿ-ի կողմից, այնպես էլ քաղաքական հակառակորդների այն բանի պատճառով, որ հրաժարվում էր ընդունել ավելի մեծ թվով փախստականների:
Սիրիայից ու Լիբիայից ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա Քեմերոնին բարդ ընտրության առաջ է կանգնեցրել: Մի կողմից՝ պահպանողական կառավարությունը հանդես է գալիս միգրացիոն քաղաքականության խստացման օգտին, մյուս կողմից՝ այն ենթարկվում է քննադատության ԵՄ-ի կողմից ներգաղթյալների հոգսը ԵՄ մյուս երկրների հետ կիսել չցանկանալու համար:
Այս պահի դրությամբ Բրիտանիան պարտավորվել է ընդունել ընդամենը 500 սիրիացի փախստականի այն դեպքում, երբ Գերմանիան պատասխանատվություն է ստանձնել 30 հազար ներգաղթյալի ընդունելու համար: