Լավրովը Բաքվին Ղարաբա՞ղ է «խոստացել». արցախցի գործիչն անդրադառնում է սահմանային լարվածությանը
«Ռուս-ադրբեջանական «առևտրի» թեման Ղարաբաղն է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Վահան Բադասյանը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին, որը հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցին:
Հիշեցնենք, որ օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Սերգեյ Լավրովը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Սակայն ուշագրավն այն է, որ Լավրովի այցի նախօրեից սկսած աննախադեպ կերպով լարվեց իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում այնինչ հակառակը պետք է տեղի ունենար՝ հաշվի առնելով Լավրովի հայտարարությունը, թե Մոսկվան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի: Ըստ էության, այս օրերին հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ավելի լուրջ փակուղի է մտնում:
Վահան Բադասյանն ասաց, որ սահմանային լարվածությունն ու ՌԴ ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցը կապված են իրար հետ: Նրա խոսքով, Ռուսաստանը միշտ է ձգտում Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդել, ավելին, ՌԴ-ի համար ամենակարևորն Ադրբեջանի տարածքում ներկայություն, ազդեցություն ունենալն է, որի համար ՌԴ-ն կանի ամեն ինչ:
«Չի փոխվել ՌԴ քաղաքականությունը 150-200 տարի, ինչպես եղել է, նույնն էլ մնացել է: Առաջին հերթին՝ ՌԴ-ն ցանկանում է Հայաստանն առանց հայերի, իսկ Ադրբեջանն իր համար կարևոր գործոն է, որովհետև Ադրբեջանը հարմարավետ պլացդարմ է: Մյուս պատճառը հետևյալն է` ՀՀ-ն ու հայերը կույր ռուսապաշտություն ունեն, իսկ ադրբեջանցին և Ադրբեջանը չունեն դա: ՌԴ-ն սա շատ լավ հասկանալով՝ խաղարկում է, որի արդյունքում՝ հայն ու Հայաստանը տուժում են: Մենք պետք է լինենք հաստատակամ և մեր շահերը հետապնդենք, իսկ մեր ղեկավարությունն ու հայկական դիվանագիտությունն այսօր իր շահը փնտրում է ՌԴ շահերի մեջ, իսկ ՌԴ շահերի մեջ մենք շահ չունենք: Այս ամենից է կախված մեր խաղաղությունը, անդորրը, մենք ճիշտ դիրքորոշում պետք է ունենանք, որը չունենք: Գնալով ավելի մեծ կախման մեջ ենք հայտնվում Ռուսաստանից: Ռուսաստանն իր շահը փաթաթում է Հայաստանի վզին, բայց իր շահն ուղիղ հակառակ է մեր շահերին»,- նման տեսակետ հայտնեց Վահան Բադասյանը:
Վերջինս չի ցանկանում ենթադրություն անել` ինչ խոսակցություն է տեղի ունեցել Բաքվում կամ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել: «Բայց թե՛ Պուտինի, թե՛ Մեդվեդևի, թե՛ Լավրովի Բաքու կատարած այցերից հետո ինչ-որ դավադրություն է կազմակերպվում Հայաստանի և Արցախի նկատմամբ, դա՝ անկասկած: Նույնն է տեղի ունենում, եթե նրանք հանդիպում են Մոսկվայում: Առևտրի թեման Ղարաբաղն է և Ղարաբաղի ձեռքբերումը: Ռուսները միշտ Ադրբեջանին Ղարաբաղ են խոստանում: Ռուսաստանը, ՌԴ դիվանագետները հերթով խոստանում են Ադրբեջանին Ղարաբաղ և չեն էլ թաքցնում, հայտարարում են, որ որպես սկզբունք՝ հիմք են ընդունում տարածքային ամբողջականությունը: Ազգերի ինքնորոշման իրավունքը ռուսական կողմը չի ընդունում: Այնինչ գոնե ամերիկյան և ֆրանսիական համանախագահ կողմերը երբեմն այդ սկզբունքն ընդունում են»,- ասաց արցախցի քաղաքական գործիչը:
Վահան Բադասյանի կարծիքով՝ այս գործընթացներն իրավիճակը լավ տեղ չեն ուղղորդում: Սակայն, միևնույն ժամանակ, Բադասյանը լավատեսորեն է տրամադրված, որովհետև, ըստ նրա՝ հայ ժողովուրդն արդեն հասկացել է, որ իր փրկությունը Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարելու մեջ է: «Այսօր, եթե կա ոչ կույր ռուսապաշտ 20 տոկոս մեր հասարակությունում, կարծում եմ, որ դա արդեն առաջընթաց է, ինչը բերելու է այնպիսի իշխանությունների, ուղղությունների ձևավորման, որոնք կատարելու են ազգի պահանջը, և ոչ` ՌԴ-ի: Մեր իշխանությունների շնորհիվ ՀՀ-ն վեր է ածվել ռուսական վասալի, սա պետք է վերացնել: Անխուսափելի է դա, մենք պետք է լինենք անկախ, ինքնիշխան, պետք է ձգտենք լավ հարաբերությունների հարևանների հետ, որը Ռուսաստանը չի ցանկանում: Եթե մեր հարաբերություններն Իրանի կամ Վրաստանի հետ լավ են, ՌԴ-ն անում է ամեն բան, որպեսզի խորանան հակասությունները, և կախված լինենք միայն Ռուսաստանից, որը մեր հարևանը չէ»,- ասաց Բադասյանը:
Վերջինս պնդեց, որ Ռուսաստանը դեմ է ՀՀ շահերին: «Ապացուցեմ պարզ օրինակով: Մենք միացել ենք Եվրասիական տնտեսական միությանը, դա ենթադրում է ՌԴ-ի հետ ավելի խորացված տնտեսական հարաբերություններ: Հարց եմ ուղղում ՌԴ իշխանություններին` ինչո՞ւ է տասնյակ կիլոմետրերով ձգվում բեռնատար ավտոմեքենաների հերթը ռուսական սահմանի վրա, ինչո՞ւ վրացական մաքսակետը բեռնատարներն անցնում են առանց խոչընդոտների, իսկ ռուսական սահմանին տասնյակ կիլոմետր հերթ է գոյանում: Այլ ձև չկա՞: Կա, իհարկե, սա խոսում է այն մասին, որ իրենք մեզ ներքաշել են մի տնտեսական միության կազմ, որպեսզի ճնշեն և զրկեն տնտեսական հնարավորություններից: Սա նաև ապացուցում է, որ մեր իշխանությունները պետք է հետևություններ անեն, դուրս գան ԵՏՄ կազմից և լինեն ինքնուրույն, այդ ժամանակ ռուսական բոլոր դիվանագետները կփոխեն իրենց մոտեցումը, կսկսեն «վազել» նաև մեր ետևից»,- ասաց Վահան Բադասյանը: