90-ականների թոփ-մոդելները 25 տարի անց միավորվել են նոր նախագծում
1990-ականների հայտնի սուպերմոդելներ Սինդի Քրոուֆորդը, Եվա Հերցիգովան, Հելեն Քրիստենսենը, Նադյա Աուերմանն ու Կարեն Ալեքսանդերը միավորվել են 25 տարի անց՝ մասնակցելու նոր՝ համատեղ ֆոտոսեսիայի, հայտնում է The Daily Mail-ը:
90-ականների առաջատար թոփ-մոդելներին միասին հավաքելու գաղափարը պատկանում է կուլտային լուսանկարիչ Փիթեր Լինդբերգին՝ 1990 թվականին ամերիկյան Vogue-ի շապիկին Քրոուֆորդի ու նրա գործընկերների հայտնի շապիկի հեղինակը:
Լինդբերգի մտահղացումն է ցույց տալ նորաձևության պատմության մեջ հետք թողած կանանց հասուն գեղեցկությունը: Բացի ֆոտոսեսիայից՝ մինի ֆիլմ է նկարահանվել այն մասին, թե ինչպես է ընթանում նկարահանման պրոցեսը:
«Փիթերը միշտ սիրել է կանանց: Նա կարողանում է տեսնել հասուն կնոջ գեղեցկությունը, ով անցել է երեխաների ծնունդի, սիրո, բաժանությունների ու կորուստների միջով: Նա կարծում է, որ այդ ամենը միայն ուժեղացնում է մեր գեղեցկությունը»,- Լինդբերգի հետ աշխատանքի մասին պատմում է Սինդին: