«Երբ Թուրքիայում սրվում է ներքին քաղաքական իրադրությունը, առաջին հերթին տուժում են հայերը». Ռուբեն Սաֆրաստյան

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին, ասաց, որ շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունը որոշակի ոլորտներում, և վերջին զարգացումները Թուրքիայում դրանց վրա չեն ազդել: Թուրքագետը հիշեցրեց՝ երկու երկրների միջև գոյություն ունի համաձագիր, որտեղ նշված է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է Ադրբեջանին ցույց տալ օգնություն՝ բոլոր հնարավոր միջոցներով, հետևաբար, սկզբունքային փոփոխություն թուրք-ադրբեջանական հարաբերություններում չի կանխատեսում:

Ըստ Ռ. Սաֆրաստյանի՝ Ադրբեջանի նկատմամբ ակտիվացել է և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի քաղաքականությունը, բայց դեռևս սկզբունքային փոփոխություններ Ադրբեջանի դիրքորոշման մեջ՝ արտաքին քաղաքականության ոլորտում, չկան. «Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում, որի հիմնական նպատակն է օպտիմալ պայմաններ ստեղծել, որ երկրի վերնախավն օգտվի նավթի և գազի վաճառքից ստացած օգուտներից: Ադրբեջանի հիմնական նպատակը դա է, այլ ոչ թե որևէ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտնել»:

Խոսելով Իրան-Թուրքիա հարաբերությունների մասին, բանխոսը նկատեց՝ Իրանը մերձավորարևելյան շատ կարևոր երկիր է, ունի մեծ պոտենցիալ, և երբ Իրանի վրայից կամաց-կամաց հանվեն պատժամիջոցները, հնարավորություն կունենա ազատ զարգանալու և նրա կուտակված ներուժը կսկսի զարգանալ. «Եթե այս խաղաղ գործընթացը շարունակվի, որում այդքան էլ համոզված չեմ, Իրանը կդառնա Մերձավոր Արևելքի ամենակարևոր կետերից մեկը, եթե ոչ ամենակարևորը: Բայց Թուրքիան ինքը ունի նման ամբիցիաներ: Թուրքիան ու Իրանն ունեն պատմական խնդիրներ, ինչը հնարավորություն է տալիս պնդելու, որ երբ մոտ ապագայում ականատես լինենք Իրանի արագ հզորացմանը, դա կհանգեցնի Թուրքիայի կողմից բավական բացասական հակագործողությունների»:

Ռ. Սաֆրաստյանը հիշեցրեց պատմական փորձը՝ երբ Թուրքիայում սրվում է ներքին քաղաքական իրադրությունը, առաջին հերթին տուժում են հայերը. «Ինչքան Թուրքիայում սրվի ներքին լարվածությունը, ինչքան թուրքական ուժերը հարվածներ հասցնեն քրդերին, այնքան վտանգը Ստամբուլի հայ համայնքի վրա ուժեղ կլինի, էլ չեմ խոսում դավանափոխ եղած մեր հայրենակիցների մասին:

Վերջին տարիներին եկել եմ այն եզրակացության, որ քրդական շարժման որոշ լիդերներ որոնք ակտիվ գործում են Թուրքիայում, գիտակցում են Հայկական հարցի գոյությունը: Իրենք գիտեն, որ այնտեղ են ապրում, որտեղ հայեր են ապրել: Երբ քրդական շարժումը կամաց-կամաց ինքնավարություն է ստանում, սկսում է գնալ դեպի տարածքային ինքնավարություն: Նրանց համար ավելի սուր է դառնում Հայկական հարցի գոյությունը և փորձ է արվում ինչ որ ճանապարհենր գտնել, այն խաղաղ ճանապարհով լուծելու համար: Այս գործընթացը դեռ սաղմնային վիճակում է գտնվում»:

 

Տեսանյութեր

Լրահոս