Անհայտ կորածների և նրանց հարազատների խնդիրները դիտվել են որպես ոչ հրատապ

Օգոստոսի 30-ը 1982թ-ին առաջին անգամ Լատինական Ամերիկայում համարվել է Անհայտ կորածների միջազգային օր:

Այսօր այդ օրը նշվում է ոչ միայն Լատինական Ամերիկայում, այլեւ աշխարհի շատ երկրներում: Հարավային Կովկասի երեք երկրներում առաջին անգամ միաժամանակ նշվել է 2004 թ-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Հարավային Կովկասի գրասենյակների կողմից:

Ամբողջ աշխարհում անհայտ կորած անձանց թիվը ավելանում է նոր հակամարտությունների ծագման եւ սառեցված հակամարտությունների թեժացման արդյունքում: Ավելի քան 25 տարի ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց հարազատները դեռեւս անորոշության մեջ են, իսկ նրանց իրավական, սոցիալական, առողջապահական եւ շատ այլ խնդիրները՝ չլուծված:

Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով ավելի քան 10 տարի առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը, որը միայն տարիներ հետո՝ 2010 թ-ի մարտին, ուշադրության արժանացավ եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նախաձեռնեց «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները, որում ներգրավվեցին մի շարք պետական կառույցների՝ ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ նախագահի աշխատակազմի, պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության հարերի նախարարության, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները:

Օրենքի մշակման աշխատանքներն ավարտվել են դեռւս 2011թ-ի ապրիլին, որից հետո այն պետք է քննարկվեր միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ վերջնականապես ՀՀ Ազգային ժողովի օրակարգում ներառելու նպատակով: Նախագծի մշակման ընթացքում Միջազգային կարմիր խաչի կոմիտեն ցուցաբերել է փորձագիտական աջակցություն: Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի վերջնական ներկայացման վերաբերյալ որեւէ առաջընթաց չկա, օրենքի ընդունման վերաբերյալ առաջարկությունները չեն ներառվել նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրում, իսկ արդեն այս հարցը իշխանությունների կողմից չկարեւորելու վերջին դիրքորոշումը՝ օրենքի նախագծի ընդունումը ոչ հրատապ համարելն է, որի մասին ՀՔԱ Վանաձրի գրասենյակը տեղեկացել է ՀՀ արդարադատության նախարարության 2015 թ-ի օգոստոսի 4-ի գրությամբ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալի վերաբերյալ՝ եւս մեկ անգամ արձանագրելով այն փաստը, որ պետությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների առջեւ, այն դեպքում, երբ 1994 թ-ի զինադադարից հետո եւս շարունակվում են երկուստեք կորուստները հրադադարի ռեժիմի խախտման եւ պարբերական թեժացման հետեւանքով, ղարաբաղաադրբեջանական բաժանարար գծում եւ հայ-ադրբեջանական սահմանագծում գերեւարվում եւ անհայտ կորչում են բազմաթիվ անձինք:

Այս պարագայում կառավարության դրսեւորած վարքագիծը չի համապատասխանում Ժնեւյան կոնվենցիաներով պետության վերցրած պարտավորություններին: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածությունը, հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիությունը եւ թեժացումը, զինծառայողների անհայտ կորչելու եւ գերեվարման փաստերը, «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունումը ոչ միայն հրատապ է, այլեւ դրա ընդունումը կարող է ունենալ կանխարգելիչ նշանակություն, որը հնարավորություն կտա ապահովելու անհայտ կորածների եւ նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը:

Հարկ ենք համարում մեկ անգամ եւս հիշեցնել ՀՀ իշխանություններին, որ «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի ընդունման հետաձգումը անթույլատրելի է, քանի որ մինչ օրս գոյություն ունեցող իրավական կարգավորումները արդյունավետ չեն: Պահանջում ենք ՀՀ կառավարությունից ձեռնամուխ լինել«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթացի վերսկսմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Տեսանյութեր

Լրահոս