«Ուղղում` Գևորգ Սաֆարյանին աշխատանքից ազատելու հաղորդագրության վերաբերյալ». «Հիմնադիր խորհրդարան»

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Սերժ Սարգսյանին քննադատելու և նախագահական նստավայրի վրա ձվեր նետելու պատճառով որպես հաշվեհարդար հաստիքի կրճատման ձևական պատճառաբանությամբ ս.թ. սեպտեմբերի 1-ից Գևորգ Սաֆարյանին «Այբ» դպրոցում կատարած աշխատանքից ազատելու մասին Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրության մեջ թյուրիմացաբար հրապարակվել է սխալ տվյալ:

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Սերժ Սարգսյանը «Այբ» հիմնադրամի կառավարման մարմնի՝ Գործադիր խորհրդի անդամ է, ինչը իրականությանը չի համապատասխանում:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայցում է մեր հաղորդագրությունը հրապարակած մամուլի և ընթերցող հասարակության ներողամտությունը կատարված սխալի համար:

Միևնույն ժամանակ՝ այս հանգամանքը որևէ կերպ չի նվազեցնում ռեժիմի ազդեցությունը «Այբ» հիմնադրամի և նրա համակարգի բաղադրիչ «Այբ» դպրոցի նկատմամբ:

Ինչպես արդեն նշված է հաղորդագրության մեջ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը Սերժ Սարգսյանի խորհրդականներից մեկն է:

Բացի այդ, հայտնի փաստ է, որ «Այբ» հիմնադրամը և «Այբ» դպրոցը աչքի են ընկնում իրենց օրինապահությամբ:

Գործող աշխատանքային օրենսդրության համաձայն հաստիքների կրճատման հիմքով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու պարագայում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ գրավոր ծանուցել աշխատողին:

Եթե դպրոցի նկատմամբ պարտադրանք չլիներ, Գևորգ Սաֆարյանին կծանուցեին օրենքով սահմանված կարգով:

Մինչդեռ Գևորգ Սաֆարյանի հետ կնքած պայմանագիրը լուծելու պարագայում «Այբ» դպրոցին ստիպել են խախտել օրենքը և Գևորգ Սաֆարյանին բանավոր կերպով ծանուցել ընդամենը 9 օր առաջ՝ ս.թ. օգոստոսի 21-ին»:

Տեսանյութեր

Լրահոս