«Ոչ հիմնավոր մտածելակերպ է, որ սահմանադրական բարեփոխումները նախաձեռնված են ՀՀ նախագահի հետագա գործունեությունն ապահովելու նպատակով». Արտակ Զաքարյան

«Սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը որոշողը հասարակությունն է լինելու»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների նախագծին:

Բանախոսը նշեց, որ սահմանադրական «բարեփոխումների սեղանին ոչինչ սկզբունքորեն և աննահանջ կերպով դրված չէ»: Ըստ նրա` բոլոր առաջարկները ենթակա են քննարկման, բոլոր առաջարկների շուրջ իշխող կուսակցությունը փորձելու է որպես իշխանություն, որպես թիվ մեկ պատասխանատու, ունենալ այնպիսի տարբերակ, որն առավելագույն համաձայնություն և առավելագույն ընդունելի կլինի:

Արտակ Զաքարյանի կարծիքով` այս նախագծի ակնհայտ առավելություններից մեկն այն է, որ այն ընդդիմությանը տրվում է շոշափելի հնարավորություն՝ քաղաքական կյանքին ավելի ակտիվ և կազմակերպված մասնակցելու համար: «Դա արդեն սահմանադրությունն անցնելուց հետո կյանքը ցույց կտա, թե որքանով են ընդդիմադիր քաղաքական ուժերը կայացած, որպեսզի ստանձնեն առողջ և կառուցողական և իրենից ուժ ներկայացնող քաղաքական ընդդիմության դերակատարությունը»,- նշեց նա:

Արտակ Զաքարյան ասաց, որ ոչ հիմնավոր մտածելակերպ է, թե գործընթացը նախաձեռնված է կոնկրետ Հանրապետության նախագահի հետագա գործունեությունն ապահովելու նպատակով: Դա, նրա խոսքով, իրականության հետ ոչ մի կապ չունի:

Կարդացեք նաև

«Հանրապետության նախագահը ՀՀ առանցքային քաղաքական գործիչներից ու դերակատարներից է եղել, ում կենսագրությունն ամենակարևոր կերպով կապված է եղել ՀՀ և ԼՂՀ կայաացման և զարգացման բոլոր փուլերի հետ՝ սկսած պաշտպանությունից: Ինչ վերաբերվում է` ինչո՞ւ հենց հիմա նախաձեռնվեց այս գործընթացը, դա հանրային և քաղաքական պահանջարկների դաշտից է, որովհետև և 2012թ., 2010թ., 2013թ., 2014թ. շարունակաբար քննարկումներ են եղել համակարգային փփոխությունների մասին, շարունակաբար խոսք է եղել պետական կառավարման արդյունավետության, լավ կառավարման, վերահսկողական մեխանիզմների, ընդդիմությանը լծակներ տալու մասին, բայց սրանք իհարկե մեկ-երկու գործողության արդյունքում չէին լուծվի: Հետևաբար՝ տարիների ընթացքում կուտակված քաղաքական պահանջներն առաջ են բերում անհրաժեշտություն երկրի մայր օրենքում առանցքային, կառուցվածքային, ռազմավարական, կարևոր նշանակություն ունեցող իրավբական դաշտում բերել համապատասխան փոփոխություններ, առաջարկներ: Հանրության խոսքն է վերջին խոսքը:

Վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացիներն անհրաժեշտ ընկալում և վերաբերմունք ունենան և գործընթացի և փաստաթղթի նկատմամբ՝ հույսով, որ այն բոլոր նպատակները և ցանկությունները, որոնք դրվելու են նախագծի հիմքում՝ լիարժեք հնարավորություն են ունենալու քաղաքական և հասարակական կյանքում ապագայում կիրառվելու համար: Այստեղ մենք ոչ թե ՀՀ նախագահի 2018թ. հետո գործողությունների դաշտն ենք քննարկում, այլ պետական ինստիտուտների լիազորությունների, նրանց փոխհարաբերությունների դաշտը, դրանում քաղաքացու դերը»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Տեսանյութեր

Լրահոս