Նավթի գնանկումը կազդի հայկական դրամի փոխարժեքի վրա. Տնտեսագետ
«Ռուսական ռուբլու կտրուկ անկումը հիմնականում պայմանավորված է նավթի գներով: Իհարկե, կան նաև այլ գործոններ՝ ՌԴ-ից կապիտալի արտահոսք՝ պայմանավորված ոչ գրավիչ ներդրումային դաշտով, պատժամջոցներ և այլն, արտաքին պարտքի սպասարկում և այլն: Նավթի գները, բնականաբար, հանգեցնում են երկիր արտարժույթի հոսքի կրճատմանը, որովհետև Ռուսաստանը արտարժույթ հիմնականում ստանում է նավթի վաճառքից»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը:
Նրա գնահատմամբ՝ այդ ամենը հայկական դրամի վրա նույնպես ազդեցություն կունենա, որովհետև ՀՀ-ն ՌԴ-ից կախված է առաջին հերթին՝ տրանսֆերտներով, որի պատճառով ռուբլու արժեզրկումը նաև ազդում է ՀՀ դրամի վրա. «Հայաստան արտարժույթի ներհոսքի հիմնական ուղղություններից մեկը մասնավոր տրանսֆերտներն են, որ 85% և ավելի գալիս են հիմնականում Ռուսաստանից: Բնականաբար, արժերզկված ռուբլով դրանց ծավալները բավականին կկրճատվեն և դա իր ազդեցությունը կունենա»:
Բացասական ազդակներ են սպասվում ՌԴ-ում հայկական ապրանքների արտահանումների հետ կապված: Ա.Եղիազարյանի խոսքով՝ հայկական արտահանողները նորանոր խնդիրների են բախվում ՌԴ ռուբլու արժեզրկման պատճառով և մեր արտադրողների մրցակցային հնարավորությունները նվազում են:
Ա.Եղիազարյանը նշեց, որ դրամի վրա այլ ճնշումներ ևս կարող են լինել. «Օրինակ՝ մեզ մոտ բիզնես դաշտը, ներդրումային գրավչությունը ընկնում է և, չի բացառվում ՀՀ–ից կապիտալի արտահոսքը, որը նույնպես բացասական ազդեցություն կունենա դրամի վրա: Կան նաև գործոններ, որ դրամի փոխարժեքի վրա դրական ազդեցություն ունեն, չնայած դրանք ինքնին բացասական երևույթներ են մեր կենսամակարդակի առումով՝ ներմուծման ծավալների 30% կրճատումը, որի պայմաններում արտարժույթ քիչ է դուրս գալիս երկրից»:
Նրա կարծիքով՝ դրամի փոխարժեքը կայոն պահելուն ուղղված ԿԲ ջանքերը և ժամանակ առ ժամանակ կատարվող ինտերվենցիաները չեն կարող անվերջ շարունակվել՝ ՀՀ չունի այդ պոտեցնիալը՝ պահուստներից մշտական գումարներ հատկացնելու համար: Ա.Եղիազարյանը նշեց, որ դրամի արժևորման պայմաններում բնակչությունը կհայտնվի վատ վիճակում՝ կթանական ներմուծվող ապրանքները, իսկ արտահանողների, հիմնականում՝ հումքի, գերշահույթները կմենծանան: