«Քենեդու սպանությունն էլ դեմ տային` կստորագրեի». Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած սպանության գործով հարցաքննվեցին վկաները
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նուբարաշենի խճուղում 12 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաները:
2003 թվականի հուլիսի 25-ին` ժամը 12:15-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում կրակահերթ էր արձակվել տաքսի «ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։
Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Հարությունյանը և Դավթաշենի բնակիչ Արկադի Գևորգյանը, սպանվել էին, իսկ նրա եղբայր Արտյոմ Գևորգյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժշկական միջամտության շնորհիվ հաջողվել է փրկել նրա կյանքը:
Որոշ անձանց վերաբերյալ քրեական գրծից մասեր են անջատվել և ավելի վաղ ուղարկվել դատարան: Այժմ դատարանում քննվում է Կամսար Հակոբյանի և Անդրանիկ Երեմյանի վերաբերյալ քրեական գործը. նրանք մեղադրվում են սպանության մեջ: Առաքել Սարգսյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է:
Դատարանն այսօր մասնակի բավարարեց ամբաստանյալներ Կամսար Հակոբյանի և Անդրանիկ Երեմյանի պաշտպանների՝ Գիվի Հովհաննիսյանի և Ինեսա Պետրոսյանի միջնորոդությունները՝ ամբաստանյալների՝ մերձավոր ազգականների, զանգվածային լրատվամիջոցների և այլ անձանց հետ տեսակցությունների արգելանքը վերացնելու մասին: Դատարանի որոշմամբ վերացվեց ամբաստանյալների՝ մերձավոր ազգականների հետ տեսակցության նկատմամբ սահմանված արգելանքը:
Դատարանում այսօր հարցաքննվեց վկան, ով դեպքի ժամանակ աշխատել էր որպես տաքսու վարորդ. նա նշեց, որ ամբաստանյալներին չի ճանաչում: Դեպքի օրը, ըստ նրա, 2 անձ նստել է իր մեքենան, երբ ինքը վերադարձել է գրասենյակ, իրավապահներն իրենց տարել ես ոստիկանության բաժին և հարցաքննել, նկարներ են ցույց տվել: Ինքը մոտավորապես նկարագրել է նրանց:
Ըստ վկայի՝ իրեն լուսանկարներ են ներկայացրել, ինքը որևէ մեկին չի ճանաչել, համեմատության մեջ ասել է, թե նրանցից մոտավորապես որն է նման իր ուղևորներին: Նույնիսկ մի անգամ «քրեականի տղերքը» բարկացել են իր վրա: Հարցին՝ արդյոք նախաքննության ընթացքում իրեն ստիպե՞լ են գրել, որ լուսանկարում պատկերվածներից մեկը եղել է իր ուղևորը, վկան բացասական պատասխան տվեց: Նա նշեց, որ մոտ երկու ամիս իրեն կանչել են ոստիկանություն: Նախաքննության ընթացքում կազմված ճանաչման արձանագրությունների համաձայն՝ վկան երկու անգամ ճանաչման գործողության է մասնակցել, որպես իր ուղևորներ մատնացույց արել ամբաստանյալներին: Դատարանում, սակայն, վկան հայտարարեց, որ առաջին անգամ միայն մոտավորապես նմանեցրել է իր ուղևորին և ոչ թե ճանաչել նրանց, իսկ երկրորդ գործողության վերաբերյալ նշեց, որ չի հիշում, որ նման գործողությունեղած լինի, ապա ասաց, որ այդպիսի գործողություն չի եղել: Արձանագրության տակ վկան ստորագրել էր:
Կամսար Հակոբյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ վկան ասաց՝ ամբաստանյալներին չի տեսել և հետաքրքրվեց՝ կարելի՞ է համարել, որ ամբաստանյալներն այն անձինք չեն, որ նստել են իր մեքենան: Վկան դրական պատասխան տվեց:
Գործով մյուս վկան հետախուզվող Առաքել Սարգսյանի եղբայրն էր. նա նշեց, որ եղբորը տարել է օդանավակայան, սակայն պարզվել է, որ նա այդ օրը չի գնացել երկրից, ինքը հանդիպել է եղբորը, ով իրեն գումար է տվել: Այժմ եղբորից տեղեկություններ չունի: Վկայի նախաքննական և դատարանում տված ցուցմունքում հակասություններ կային: նա նշեց, որ կարող է՝ «գրել են, ստորագրել է»: Նախաքննական ցուցմունքը տպագրված էր, որի վերջում նշված էր, որ ցուցմունքն արձանագրված է իր խոսքերից, կարդացել է, ճիշտ է, որի համար ստորագրում է: Պաշտպան Ինեսսա Պետրոսյանի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է տպած լիներ փաստաթուղթ և ինքը չկարդար դա, մտածեր՝ իր ասածն է գրվել, վկան ասաց, որ հնարավոր է: Նա նշեց, որ «ինչ էլ դեմ տային, այդ վայրկյանին կստորագրեր», նա նշեց, որ նյարդային խառնված վիճակ է եղել. «Քենեդու սպանությունն էլ դեմ տային, կստորագրեի մի վայրկյան շուտ որ փախնեի, էթայի»: