Լուսինե Ստեփանյան. Բանաստեղծություններ
Զայրույթ
Հա՛յր…
Որ թեև երկնքում,
Բայց երկրում իմ մեջ ես,
Որ թեև անշոշափելի
Բայց շոշափելիների մեջ ես,
Որ անտես աներևույթ,
Բայց ամենուր ես…
Լսի՛ր ինձ, գիտեմ, հաղորդակից ես
Մի՛ տար ինձ դեպի ստուգարք, քննություններդ,
Թեթևացրու հանձնարարություններդ,
Դադարեցրո՛ւ փորձարկումներդ
Անվերջանալի են փորձություններդ:
Տե՛ս, գլխիս սպիտակել են ճշմարտություններդ
Դու չեմ, որ ներեմ անվերջ գործողություններդ,
Մարդ եմ, վերջացրու խաղերդ,
Լսո՞ւմ ես, ետ վերցրու փորձություններդ.
Մի՛ ստորացրու անլուծելի վարժություններովդ
Մի՛ խճճիր պատահականություններովդ
Մի՛ մոլորեցրու զուգադիպություններովդ:
Հա՛յր…
Որ թեև երկնքում,
Բայց հոգուս մեջ ես,
Գիտեմ, ականջալուր ես,
Ասա՛, սա սե՞ր է, թե՞ բռնատիրություն է,
Ասա՛, ազատությո՞ւն, թե՞ անազատություն է,
Վերջում լո՞ւյս, թե՞ անդունդ է,
Ասա՛, սա վե՞րջն է, թե՞ անվերջանալի է.
Տե՛ս, նորից ծնկում եմ
Այսպես ծնկած հավերժանալու եմ
Վերջ տուր…
Մի՛ ստուգիր էլ ստուգարքներովդ
Մի՛ քննիր քննություններովդ
Մի՛ լրացրու հարցաթերթիկներովդ
Մի՛ փորձիր փորձարկումներովդ,
Ետ վերցրու փորձություններդ,
Միևնույն է`
Ինչքան հեռանաս՝ մոտենալու եմ,
Անհետանաս` փնտրելու եմ
Ներելու ու ներվելու եմ
Մի տար նորից դաժան փորձություններովդ:
ՏՈՒՆ
Ներիր սիրելիս
Կրկին չստացվեց գրել մեր պատմության մասին,
Քանզի նրանք դեռ մենակ են
Ու անձրևի տակ քայլում են առանձին,
Երազանքները ցեխոտ գլորվում են
Ու մղձավանջից տանջվում են,
Քանզի ամեն ինչ այնքան սուտ է,
Որ երկինքը տագնապից սփրթնել է,
Քանզի քաղաքը վերից վար գանգատ է
Ու տերերի անճոռնի սֆաթից սիրտը ճաքել է,
Քանզի խիղճը վախճանվել է
Ու փոխարինողը մահարձան է,
Քանզի սուրճս սառել է
Ու ոգևորությունս կորել է…
Ներիր, սիրելիս
Կրկին չստացվեց գրել ծառերի բողբոջի մասին,
Քանզի բնությունն ինքնըստինքյան է
Ու հազարից մեկ սխալական է,
Բութ դանակով սրած բազուկ
Ու բոլորին հիմարացրել է,
Իբր մարդասիրության սիմվոլ ու օրենքով գող է,
Բայց արի ու տես` բանտապետի կուզիկ ծառան է,
Բոլորին փրկելու համար է,
Հանուն բոլորի ու բոլորի համար է`
Տխուր վերջաբանը թալանած բարեգործությունն է…
Նախաճաշս անհամ է, իսկական
Վագրի թռիչք արձանագրող ցուցանիշ է:
Ներիր, սիրելիս
Կրկին չստացվեց գրել ծիտիկների ծլվլոցի ու շողացող արևի մասին,
Քանզի ներքևում պայքար է ու պայքարն անձնական է,
Գառան մորթով գայլերը շատ են
Ու գայլերը լրիվ մոլորվել են,
Բայց վերևում նորից գաղջ է ու
Գառները վաղուց ցվրվել են
Ու քանի աղվեսն անտառում է,
Գառները վախից սսկվելու են…
Ճաշիս հացը չափը կորցրած թթխմորից ուռել է
Իսկական խաղատանը փռված թմրամոլ է…
Ներիր, սիրելիս
Կրկին չստացվեց գրել աստղերի ու գիշերվա մասին,
Քանզի հոգի ծախողները էժանով մաս-մաս են տալիս
Ու լարված բանակցում են, թե` ունեցածը քանիսով են տալիս,
Ժողովրդին կեղեքում են, լուսաբացին գլխին պար են գալիս,
Զորքը սպառազինում ու կրակը որդեկորույս մայրերին են տալիս,
Քանզի սահմանն ավելի խաղաղ է, քան ներսի գազանն է…
Ընթրիքս ժամկետանց դեղահաբ
Իսկական ժողովրդական սպանդանոց է…
Ներիր, սիրելիս
Կրկին չստացվեց գրել անքնության ու մեր զրույցների մասին,
Քանզի տունս էնտեղ է ու երազներիս է գալիս,
Ծերերն ու մանուկները դեռ անհույս են ու աչքիս առաջ են գալիս,
Տանս պատկերը նույնն է ամեն օր համացանցը քչփորելիս,
Քանզի հրեշը դեռ նույնն է երախը բացելիս
Շարունակ սոված է լափելիս ու ատամ մաքրելիս…
Գիշերն անվերջ է
Իսկական ցմահ քամիչ, սև մշուշ ու վաղվա սատկած կիսահույս է:
…
Բնության
Կաթվածահար սրտամկան ու բարկություն
Տանիքների տերևաթափ
Մոլագար տեղատարափ
Լաբիրինթոս ու քաոս
Ջարդ ու պաթոս
Անսպասելի խորը շնչող անծայրածիր ծիածան
Միմյանց, երկինք, երկիր
Մսխող մարդկություն
Ժամանակավոր խաղաղություն
Մինչև բնության մոտ ախտորոշված
Գարնանային հաջորդ սրացում:
…
Գնալ այնպես, որ հետքերը թեթև-թեթև
Տերևների պես լուսնից թափվեն
Կրակ լողան, լուսավորեն մայթերը
Ինչպես մեղեդիներ օրորվելով հոսեն
Քնքուշ լռություն
Անբառ զրույց մաղեն
Աչքեր դառնան ու քեզ նայեն
Շուրթեր դառնան՝ քեզ համբուրեն
Ձեռքեր դառնան, որ քեզ շոյեն
Հոգով, մարմնով քեզ պատկանեն
Միայն թե… հետքերը չցավեցնեն…
Գնալ այնպես, որ հետքերը
Գարնանը հարություն առնեն
Ամռանն անհերքելի եղելություն
Հետո տկար աշուն ու մերկություն
Եվ վերջապես ծերուկ ձմեռ, ունայնություն
Պատուհանից նայող հիշողության արձանագրություն…
Ամեն դեպքում գնալ
Գնալ այնպես, որ հետքերը թեթև-թեթև
Փաթիլների պես հալչեն այտին
Ու կարոտով ժպտա նորից
Չհոգնի հոգեմաշ սպասումից:
…
Վերջին զբոսանք
Գիշերը կրակին եփվող թանձր ձյութ
Հալչող խավարից էլ ավելի մութ
Տեսողությունը սև մրից ավելի բութ
Զգացողությունը կեսօրից սկսած անգութ
Ծովն ամեն օրվա պես քնած իր տեղում
Ճոճի՛ր ինձ նավ մի վերջին անգամ
Ծարաված լողամ չտեսի նման
Ներկայությունդ զգամ, ինչպես առաջին անգամ
Մակերեսովդ սահեմ, թափառելով ձուլվեմ
Լիալուսնին ափերիդ փռած
Փեշերին ծույլ ջրերիդ շաղած
Հույսերին ամպամած վրադ արտագրած
Նորից ջնջած, վերծանած տեղատարափ ժայթած
Կրկին գնում եմ դեռ չեկած
Բայց տե՛ս, սիրելիս, դիմացս նստած քարացել է վախից
Սիրտս պայթում է նրա հայացքից
Բառերը մեռել են լռությունից
Տառերը ջնջվել են այբբենարանից
Վախը ցատկում է աչքերի տողատակերից
Տագնապած է անհուսությունից:
Ճոճիր ինձ նավ մի վերջին անգամ
Որ գնամ ու գամ ևս մեկ անգամ
Ալիքներովդ վեր ու վար արա
Էս տեսարանի հետ մի բան արա
Որ ինձ չնայի
Վերջին անգամ նայելու պես
Որ ուժ գտնի առաջվա նման
Ու ինձ հավատա առաջվա պես
Որ ձեռքս բռնած չդառնանա հարբածի պես
Արցունքներով չլվանա հրաժեշտ դառնա
Որ չնայի այնպես
Ինչպես վերջին անգամ տեսնելու պես
Ճոճիր ինձ նավ մի վերջին անգամ
Վարագույր դարձրու հայացքը իր
Ջարդուխուրդ արա ինչպես հայելի
Որ ինձ ցույց չտա հայացքի մեջ իր
Մի թող նստի ինչպես ջղաձիգ երկուշաբթի
Դարձրու նրան ծույլ ու անդարդ կիրակի
Առաջվա նման ասա թող ժպտա
Բարկացրու նրան ու հունից հանի
Գժվացրու նրան թող տուրուդմբոց անի
Կատաղությունից թող մի բան սպանի
Սառած աչքերից թող կրակ թափվի
Բարկությունից կարմրի
Գրկելուց մարմինս ջարդի
Դեպի ջուրը շպրտի
Միայն թե վերջին անգամ տեսնելու պես չնայի
Ասա՛ թող հայացքից վախի շղարշը հանի
Ու դեռ չմեռած մտքում ինձ չսպանի
Ասա՛ թող նավով զբոսանքի հրավիրատոմսը չպատռի
Ու էսօր վերջինը չհամարի
Ասա՛ թող հետս մի քիչ խոսի
Ու անբառ շուրթերին կենդանություն հաղորդի
Ասա՛ թող վերադարձիս սպասի
Որ իր սպասումին հավատալով վերադառնամ նորովի
Ասա՛, որ դիմացը նստած եմ
Ու թող ինձ մի քիչ տեսնի
Ասա՛, որ վաղը գնալու եմ
Ու թող ինձ էսօրվանից չսպանի
Ասա՛, որ մյուս օրը վերադառնալու եմ
Ու թող վաղվանից ինձ սպասի
Ասա՛, որ վաղը քնելու եմ
Բայց մյուս օրն անպայման արթնանալու եմ
Ասա, որ թեև երազներիս չի գալու
Բայց մյուս օրն անպայման հիվանդասենյակ է գալու
Ասա, որ ասի, որ գալու է
Ու արթուն տեսնելով զարմանալու է
Ասա՛, որ ամեն ինչ հրաշալի է
Կյանքն առաջվա պես զվարճալի է
Ասա՛, որ կեսգիշերը վաղուց քնած է
Ու ինձ տուն տանելու ժամանակն է
Ասա՛, որ վաղը ճակատագրական է
Ու ճամպրուկս հավաքելու ժամանակն է
Ասա՛, որ սա վերջին զբոսանքը չէ
Ու հրավիրատոմսը պատռված չէ
Ճոճի՛ր ինձ նավ ինչպես մենակի
Միևնույն է, նա այստեղ է, բայց մտքում արդեն ինձ սպանել է
Դիմացը նստած եմ, բայց աչքերի մեջ արդեն մեռել եմ
Ու թեև վաղը երկար քնելու եմ
Բայց մյուս օրը ինադու արթնանալու եմ:
ՍԵՐ
Աշխարհի բոլոր գնացքները, գնացքների ծանր վագոնները,
Վագոնների բեռնախցիկները, խցիկների բոլոր տաղավարները,
Շչակներն ու ճչակները, սլաքներն ու սլաքավարները,
Աշխարհի բոլոր ինքնաթիռները, ինքնաթիռների գժված շարժիչները,
Ուղղաթիռներն ու ուղղաթիռների ձագերը, օդում փակցրած պաստառները,
Աշխարհի բոլոր նավերը, նավակներն ու լաստանավերը,
Առագաստներն ու կամրջակները, արգելակներն ու զարկերակները,
Աշխարհի բոլոր անկյունները, անկյունների ծակուծուկերը,
Ծերպերն ու ծակուռները, ժայռերն ու ժայռաբեկորները,
Ջրերն ու ցամաքները, բնությունն ու դիվանագիտությունը,
Աշխարհի բոլոր տաճարները, ամրոցներն ու ապարանքները,
Հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունները,
Աշխարհի պետական փաստաթղթերը, սահմանադրություն ու օրենքները,
Դատարան ու կալանավայրերը, ճաղավանդակ, ազատավանդակները,
Ձեռնաշղթաներ ու համազգեստները, համարներ ու համարակալումները,
Աշխարհի միջազգային կառույցները, կառույցներին կից կառույցները,
Կից կառույցների մասնաճյուղերը, մասնաճյուղերի ենթակառուցվածքները,
Ներկայացուցիչներ, մամլո խոսնակները, վկաներ ու եհովականները,
Աշխարհի բոլոր կրոնները, հավատամք ու դավանանքները,
Կտակարան ու պատվիրանները, կանոններ ու կանոնակարգերը,
Կողմնորոշումներ ու սևեռումները, ընտրություններ ու բռնությունները,
Կոնվենցիաներ ու տեղեկանքները, բնօրինակ ու պատճենները,
Քաղաքակրթություն ու մշակույթները, տգիտություն ու գիտությունները,
Զենք, զինամթերք, պատերազմները, կամավորականներ ու կարմիր բերետները,
Ազատությունն ու տոտալիտարիզմը, զավթիչներն ու տոլերանտները,
Օրենքով գողերն ու ռեցիդիվիստները, կոստյումավոր արծիվ, աղվեսները,
Աշխարհի բոլոր լիբերալները, հանրապետական ու լևոնականները,
Կանաչներն ու կոմունիստները, մոլագար, միասեռականները,
Բարբարոսներն ու սերժանտականները, ճիվաղներն ու դոդ գլուխները,
Սափրագլուխներն ու բեղով ածականները, փոքրատառերն ու գոյականները,
Հարցականներն ու բազմակետերը…
Մարդասիրություն են քարոզում:
ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ