Երվանդ Զախարյանը՝ «Նաիրիտի» աշխատակիցներին. «Ձեր պայքարով «Նաիրիտի» վերագործարկմանը ոչնչով չեք օգնում»
Այսօր «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներ հավաքվել էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մոտ՝ պահանջելով 1 ամիս առաջ նախարար Երվանդ Զախարյանին ուղղված իրենց դիմումի պատասխանը: Նրանք իրենց նամակում պահանջել էին պարզաբանել «Նաիրիտ 2»-ի հետ ստորագրելու համար իրենց տրվող պայմանագրի որոշակի կետեր, մասնավորապես՝ ինչո՞ւ է աշխատակիցների տույժ-տուգանքների իրավունքը զիջվում «Նաիրիտ 2»-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ի համանման փորձն ավարտվել էր նախարարի բղավոցներով իր ենթակայի՝ ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանի դեմ, թե նա ինչո՞ւ է ընդհանրապես ընդունել նաիրիտցիներին:
Սակայն այս անգամ էլ նաիրիտցիները ձեռնունայն մնացին. նախարարությունում նրանց ո´չ ընդունեցին, ո´չ էլ նամակի պատասխանը տվեցին:
Գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը հայտարարեց, որ նաիրիտցիները պատրաստ են տույժ-տուգանքները զիջել հարազատ գործարանին, ոչ թե «Նաիրիտ 2»-ին, և եթե իրենց պահանջը՝ տույժերի իրավունքը փոխանցել «Նաիրիտ գործարանին», չկատարվի, կոլեկտիվ կդիմեն դատարան: Կ.Շահվերդյանը նշեց, որ սեպտեմբերի կեսերից ավելի թեժ բողոքի ակցիաներ են սկսելու՝ «Նաիրիտի» վերագործարկման պահանջով:
Գործարանի աշխատակից Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց շանտաժով են պարտադրել «Նաիրիտ 2»-ի հետ ստորագրել տույժերից հրաժարվելու մասին պայմաննագիրը: Նա «սուտ» ու «կեղծիք» որակեց, որ 365 մլն դոլարի պարտք ունի «Նաիրիտը»: Ըստ Ս.Հովհաննիսյանի՝ ԱՊՀ միջպետական բանկից վերցված 180 մլն դոլար վարկը թալանվել է ու գործարան չի հասել. «Ազգի տեղահանում է իրականացվում: Եթե չկա արդյունաբերություն Հայաստանում, մնացածը՝ բարձր տեխնոլոգիաներ, տուրիզմ, գյուղատնտեսություն, դա վիրտուալ բնագավառից հեքիաթներ են»:
Ավելի ուշ նաիրիտցիների մոտ իջավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը, ով 2004 թ. ղեկավարել էր գործարանը: Նա հայտարարեց, թե գործարանը փակելու քաղաքական որոշում դեռ չի կայացվել, հարցն ընթացքի մեջ է, կառավարությունը փնտրում է ներդրողներ, որոնց գտնելու դեպքում պատրաստ է ապառքները սառեցնել:
Նաիրիտցիների հետ կարճատև զրույց ունեցավ նաև նախարար Երվանդ Զախարյանը ու վստահեցրեց, թե կառավարությունը ցանկանում է, որ «Նաիրիտը» վերագործարկվի, իհարկե, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, սակայն ներդրող է պետք:
Նաիրիտցիների հայտարարությունը, որ իրենք բողոքի ակցիաներ են սկսելու՝ վերագործարկման պահանջով ու ՀԲ աուդիտի վրա հենվել պետք չէ, Ե.Զախարյանի սրտով չէր. «Դուք մի չարչարեք ձեզ: Մենք աուդիտի վրա չենք հենվում, պատրաստ ենք ամեն ինչի, եթե լինի պոտենցիալ ներդրող: Պետք չի պայքարել, դուք ձեր պայքարով ավելորդ, ձեր համար ձեր առողջությանը վնասելով ժամանակ եք կորցնում: Դուք ոչնչով ձեր պայքարով «Նաիրիտի» հետագա վերագործարկմանը ոչնչով չեք օգնում: Պետք չի, ես էդ օգնության կարիքը չունեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: