«Ավելի լավ է համալիրի շենքը քանդեն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հեռու տանեն, քան փրկեն այդ ճանապարհով, բարդակ սարքեն». Ֆ. Առաքելյան

Հրապարակախոս Կարինե Հակոբյանն ու քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Մարզահամերգային համալիրի վաճառքի վերաբերյալ կառավարության որոշման մասին:

Կարինե Հակոբյանի խոսքով՝ Մարզահամերգային համալիրը պահպանելն ու եկամտաբեր օգտագործելը դժվար է, բայց դրա հակադրությունն էլ է պետք գտնել, և պետությունը պետք է իր ակտիվ մասնակցությունը բերի դրան.

«Իմ կարծիքով՝ համալիրը պետք է Մշակույթի նախարարությանը անցնի, որպեսզի իր գործառույթները կարողանա իրականացնել: Եթե համալիրը ճիշտ օգտագործվի և այնտեղ պրոֆեսիոնալ կառավարում իրականացվի, ապա այն կլինի նաև եկամտաբեր:

Այն պետք է լինի իսկապես մշակութային կենտրոն: Համալիրն ինչ-որ առումով մեր պետության խորհրդանիշներից մեկն է, այնտեղ մտնողը տեսնում է, որ ինքը պետության մեջ է: Բայց եթե մենք այսպես մասնավորեցնում ենք և միայն մտածում՝ ինչպես արագ շահույթ ստանալ, ապա դա էլ չենք ստանա:

Կարդացեք նաև

Պետական մոտեցում ու նաև ներդրում է պետք, բայց ներդրումը իր բովանդակությունն ունի. խաղատունը երբեք չի կարելի ներդրում համարել, որովհետև ներդումը որոշվում է իր արդյունքով: Եթե մի բան քայքայում է հասարակությունը, այն դարձնում է անառողջ, ինչպե՞ս կարելի է դա ներդրում համարել»:

Համալիրի դիմային հատվածի քանդակների հեղինակ Ֆերդինանդ Առաքելյանն ասաց, որ հարց ունի կառավարությանը, հատկապես՝ վարչապետին. «Ձեզ չի՞ մտահոգում այդ պասիվ կառավարությունը, որ ինչ դնում են, անցնում է: Օրինակ ինձ՝ մտահոգում է: Այդ եղածների մեջ չկա՞ր այն համարձակ մարդը, որ հարցներ՝ պարոններ, բայց ինչո՞ւ ենք անում դա: Ավելի լավ է համալիրի շենքը քանդեն-տանեն՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից հեռու, քան փրկեն այդ ճանապարհով, բարդակ սարքեն:

Գողացած էլեկտրաէներգիայի գումարը կա, կարողանում են պարտքերը փակել, համալիրը պահելու համար գումար չունե՞ն: Համալիրի նախկին սեփականատերերը բավականին գումար ներդրեցին, վերանորոգեցին և պատրաստ էին նորից պահելու, ինչո՞ւ նրանցից վերցրին համալիրը:

Պետության սեփականաությունն է, կարող է վաճառել, բայց պետք է վաճառել այնպես, որ հասարակությունն էլ հասկանա, թե ինչո՞ւ վաճառվեց: Հասարակությանն այդքան արհամարհել կարելի՞ է: Ես չեմ հասկանում՝ որքա՞ն է մեր կառավարությունն ատում մեր ժողովրդին: Ես խնդրում եմ բոլոր մտավորականներին, որ ուշքի գան:

Ամեն տեղ կարող եք բիզնես դնել, բայց ոչ Եղեռնի զոհերի մոտ: Նրանք այն սրբությունն են, որին մոտենալ անգամ չի կարելի: Մենք միշտ լավատես ու բարի ժողովուրդ ենք, բայց մոռանում ենք, որ մեր դիմաց կանգնած են լուրջ տգետներ, որոնք մի օր կասեն, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ավելորդ է»:

Կարինե Հակոբյանը նկատեց՝ մի սխալ գուցե արդեն արվել է, որովհետև համալիրը պետք էր ավելի փողոցին մոտ կառուցել, այդպես ավելի հարմար կլիներ օգտագործման համար, և հեռու կլիներ Ծիծեռնակաբերդից, բայց արդեն կառուցվել է և պետք է Ծիծեռնակաբերդը լինի սրբության վայր և անձեռնմխելի:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս