Առաջիկայում ԵՄ-ն կակտիվացնի Արևելյան հարևանության քաղաքականությունը, Հայաստանի հետ բանակցությունները ևս ակտիվ փուլ կմտնեն

«Առաջիկա շաբաթների ընթացքում Եվրոպական հանձնաժողովը կսկսի աշխատանքները Ռիգայում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործելու շուրջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը` անդրադառնալով հարցին, թե աշխատանքային փուլի մեկնարկին Եվրոպական հանձնաժողովն «Արևելյան գործընկերություն» ծրագրում ինչն է համարել առաջնահերթություն:

Լեհ փորձագետը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, մի քանի շաբաթ հետո Եվրոպական հանձնաժողովը կանցնի ակտիվ աշխատանքային գործընթացի: Ըստ նրա, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շուրջ աշխատանքները կենտրոնանալու են Ռիգայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա: Դրանք, Զաշտովտի խոսքով, կիրականացվեն այնպես, ինչպես ԱլԳ մյուս բոլոր գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: «ԵՄ-ի կառուցվածքային առանձնահատկությունն է, որ այդ պայմանավորվածությունները մինչ իրականացումը երկար ճանապարհ են անցնում:

Այս փուլում այդ պայմանավորվածությունների դեպքում հաշվի է առնվում նաև Ռուսաստանի հնարավոր արձագանքի հնարավորությունը Ռուսաստանի հետ ավելի լայն առճակատումից խուսափելու համար: ԵՄ որոշ երկրներ նույնիսկ ԱլԳ զարգացման հարցով հետաքրքրված չեն, քանի որ լուրջ առևտրատնտեսական կապեր ունեն Ռուսաստանի հետ և չեն ցանկանում ԱլԳ-ի պատճառով կորցնել այդ եկամուտները: ԵՄ ղեկավարությունը, հատկապես Եվրոպական հանձնաժողովը փորձում է հաշվի առնել բոլոր կողմերի` և՛ ծրագրով հետաքրքրվածների, և՛ ծրագրով չհետաքրքրված երկրների շահերը: Սա է պատճառը, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող իրականացվել մեծ թափով, խոչընդոտները շատ են:

Սակայն ԵՄ-ն, ինչպես ես մշտապես եմ պնդել, չի պատրաստվում հրաժարվել Արևելյան հարևանության երկրներին տրամադրելիք միջոցներից և հնարավորություններից: ԵՄ-ի համար իր Արևելյան հարևանության գոտում կայունությունն առաջնահերթություն է, որի համար ԵՄ-ն պատրաստ է միջոցներ ներդնել, զարգացնել այդ գոտիներում ժողովրդավարությունը՝ ԱլԳ երկրներում կայունություն ստեղծելու նպատակով»,- ասաց Կոնրադ Զաշտովտը` շարունակելով, որ ժամանակի ընթացքում ուկրաինական ճգնաժամի կարգավորման ֆոնին գուցեև ԱլԳ այլ ձևաչափեր առաջ գան կամ ԱլԳ երկրներին այլ հնարավորություններ տրվեն, այդ թվում՝ ԵՄ անդամակցության հեռանկար: Սակայն, վերջինիս համոզմամբ, սա դեռ հեռավոր նպատակ է ԵՄ-ի համար:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապա, լեհ փորձագետի կարծիքով, քանի որ Հայաստանը Ռիգայում ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիր ձևավորելու մանդատ ստացավ, այդ աշխատանքներն ակտիվ փուլ կմտնեն մոտ ապագայում: Սակայն նա նշեց, որ դա բավական ժամանակատար գործընթաց կլինի: «Չի բացառվում, որ նոր փաստաթղթի վրա ևս աշխատեն մի քանի տարի, թեև այդ նոր փաստաթուղթն իր բովանդակությամբ չի կարող էապես տարբերվել նախկինում պատրաստված Ասոցացման համաձայնագրից, քանի որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների բովանդակությունը դա է` Ասոցացման համաձայնագրում ներառված գլուխները քաղաքական համագործակցության մասին»,- ասաց Զաշտովտը:

Տեսանյութեր

Լրահոս