Քանի դեռ ոլորտի ղեկավարը քաղաքականության ներկայացուցիչ է, նա չի կարող հակառակ գնալ իր թիմին. Անահիտ Բախշյան
Այսօրվա քննարկմանն Անահիտ Բախշյանը երեք օրինած մատնանշեց, երբ կրթության ոլորտում պետք է փոփոխություններ արվեին, բայց չեն արվել. «Երբ պարոն Աշոտյանն Ազգային ժողովում Կրթության հանձնաժողովի նախագահն էր, և մենք «Հանրակրթության մասին» օրենքի նախագիծն էինք պատրաստում, ես համառորեն նրան համոզեցի՝ առաջին բարեփոխման ծրագիրը (Դպրոցների ինքնավարություն և ինքնակառավարում) ամրագրել օրենքով, այսինքն՝ ուզում էինք, կոպիտ ասած, մարզպետների պորտալարը կտրել: Այդ ժամանակ հանրապետականները 100 տոկոսով «այո» ասացին, օրենքը գրեցինք: Բայց չեղավ, որովհետև օրենքից բխող կանոնադրության մեջ գրվեց այն, ինչ ուզում էին հանրապետական մարզպետները:
2011-2015թթ. կրթության զարգացման ծրագրում, որի հեղինակը պրն Աշոտյանն է, գրվեց, որ մինչև 2015թ. ՀՆԱ-ի 4 տոկոսը տրվի կրթությանը: Դա էլ չեղավ:
Երբ պարոն Աշոտյանը դարձավ նախարար, արեց մի շատ հետաքրքիր քայլ. ՅՈՒՆԵՍԿՕ-ին, չգիտեմ՝ ինչպես, խնդրեց, և իրենք կատարեցին կրթության ոլորտի կարողությունների զարգացման կարիքների գնահատում: Այսինքն՝ որպես նախարար, շատ ճիշտ սկիզբ դրեց, և 2011թ. հրապարակվեց փաստաթուղթը, ու ես շատ ոգևորված ասում էի՝ հիմա տեսնենք՝ նախարարությունը ոնց պետք է փոխվի: Սա էլ չեղավ, որովհետև բոլոր դեպքերում՝ կառավարությունն ասում է՝ բալը թանկ է: Այս առաջարկությունները նախատեսում էին ֆինանսական ներդրումներ, բովանդակային փոփոխություններ և այլն: Պարոն Աշոտյանին չհաջողվեց խնդիրները հաղթահարել, որովհետև պատճառը մեկն է՝ այս պաշտոնը քաղաքական է: Քանի դեռ ոլորտի ղեկավարը քաղաքականության ներկայացուցիչ է, նա չի կարող հակառակ գնալ իր թիմին»:
Անահիտ Բախշյանը նշեց, որ իր համար շատ կարևոր քայլ էր այն, որ 2014թ. դեկտեմբերի 1-ին ԱԺ-ում ընդունված «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ ու լրացումներ եղան, որով Հայաստանի Հանրապետությունում կրթության քաղաքականությունը հայտարարվեց համընդհանուր ներառական. «Այս բառակապակցությունը շատերի մոտ մի տեսակ «բզիկ» է առաջացնում, բայց սա այն ճանապարհն է, որը մեր հասարակությունը կդարձնի ավելի քաղաքացիական»:
Ի պատասխան՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ այդ ամենն անելու քաղաքական կամքը կար, սակայն, կրթության ֆինանսավորման ծավալն այսօր ցածր է՝ ՀՆԱ-ի համեմատ: