Բաժիններ՝

Մարմնի որ հատվածներում են հայերը պլաստիկ վիրահատություն անում

Հայաստանում բավականի ակտիվ զարգանում է պլաստիկ վիրաբուժությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Դանիելյանը՝ ընդգծելով, որ պլաստիկ վիրաբուժությունն արագ զարգացող մասնագիտություն է, և նոր տենդենցներ կան այդ ոլորտում:

Նա նաև նկատեց, որ պլաստիկ վիրաբուժությունը, ինչպես ցանկացած վիրաբուժություն, կարող է ունենալ բարդություններ, բայց հերքեց այն պնդումները, թե իմպլանտներն ուռուցքների պատճառ են դառնում. «Իմպլանտներն ուռուցք չեն առաջացնում, և ընդհանրապես ոչ մի ուռուցքային խնդիր չի կարող լինել իմպլանտներից, ուղղակի, քանի որ այն օտար մարմին է, կարող է առաջացնել ռեակցիա, օրգանիզմը կարող է չընդունել իմպլանտին»:

168.am-ի այն հարցին, թե Հայաստանում ի՞նչ դինամիկա է նկատվում՝ արդյոք աճե՞լ է պլաստիկ վիրահատությունների թիվը վերջին տարիներին, և ո՞ր պլաստիկ վիրահատություններն են առավել տարածված մեզ մոտ, վիրաբույժը պատասխանեց, որ իրենց վիճակագրությամբ՝ վերջին տարիներին պլաստիկ վիրահատությունների թիվը նվազել է. «Բայց ես դա կապում եմ ոչ թե կոնկրետ պլաստիկ վիրահատությունների հետ, այլ ընդհանուր Հայաստանի սոցիալական վիճակի հետ: Վերջին տարիներին մոտավորապես 10 %-ով նվազել է պլաստիկ վիրահատությունների թիվը Հայաստանում»:

Անդրադառնալով նրան, թե մարմնի հատկապես որ հատվածի պլաստիկ վիրահատություններն են առավել տարածված Հայաստանում՝ վիրաբույժն ասաց, որ մեզ մոտ միանշանակ առաջին տեղում քթի վիրահատությունն է, դրանից հետո՝ ականջի, կրծքի, որովայնի, և այլն:

Կարդացեք նաև

Մենք վիրաբույժին խնդրեցինք նաև մանրամասնել՝ պլաստիկ վիրահատություններն ի՞նչ վտանգներ կարող են ունենալ: Ի պատասխան մեր հարցին՝ վիրաբույժն ասաց, որ կրծքի փոքրացումը, օրինակ, նշանակում է՝ կարող է առաջանալ պտուկների ասիմետրիա, կարող է լինել չափսերի տարբերություն, քթի վիրահատությունից հետո կարող են լինել շնչառական խնդիրներ, կարող է լինել դեֆորմացիա. «Երբ ճարպն ես հանում, հնարավոր է՝ մաշկն անհարթ մնա, կամ ցելյուլիտը խորանա, խնդիրները շատ են, բայց եթե վիրահատությունն անում է որակավորում ստացած բժիշկ, որն անցել է բոլոր որակավորումները և ամեն տարի աշխատում է իր վրա, սովորաբար բարդություններ չեն լինում»:

Մեր այն հարցին էլ, թե Հայաստանում չկա՞ լավ մասնագետների պակաս այդ ոլորտում, Կ. Դանիելյանը պատասխանեց, որ լավ մասնագետների պակաս կա ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում: «Եթե ավարտում է 100 բժիշկ, այդ 100-ից լավը դառնում է 1-ը կամ 2-ը»,- նկատեց նա:

Նա նաև խորհուրդ տվեց ամռան ամիսներին չանել մաշկի երիտասարդացման պրոցեդուրաներ. «Ամռանը չի կարելի անել մաշկի երիտասարդացման համար նախատեսված որևէ պրոցեդուրա, որովհետև արևից մաշկը կարող է մգանալ, կարող են լաքաներ մնալ: Ցանկացած վիրահատությունից հետո, որը դեմքի վրա է արվում, խորհուրդ է տրվում խուսափել արևից և անպայման քսել արևապաշտպան քսուքներ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս