Բաժիններ՝

«Եթե մարդն ուզում է Քրիստոսին ընդունի, ի՞նչը կարող է նրան խանգարել. փակ դռներով եկեղեցին եկեղեցի չէ». Ռուբեն Բաբայանը՝ թուրքահայերի մկրտության մասին

«Այն, որ կամաց-կամաց հայությունը դարձ է կատարում դեպի իր հայրենիքը, ազգային դավանանքը, դա հրաշալի է, մենք պետք է գրկաբաց լինենք, և, երբ երեք հոգի դիմել էին մկրտվելու համար, Եկեղեցին պետք է հրապարակավ, ի լուր աշխարհի՝ մկրտեր, ցույց տար, որ աշխարհն իմանա՝ ի՞նչ է կատարվում, այս մարդիկ որտեղի՞ց եկան, ինչո՞ւ են իսլամացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915թ. բռնի իսլամացած երեք հայերի՝ երկու հայուհու և Տիգրանակերտից ժամանած մեկ հայորդու:

Հիշեցնենք նաև, որ ավելի ուշ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանն «Արմենպրեսի» հետ զրույցում պարզաբանելով կատարվածը՝ ասել էր. «Հայ Առաքելական եկեղեցու ավազանում մկրտվելու իրավունք ունեն ազգությամբ հայերը կամ հայերի հետ ամուսնացածները, Թուրքիայում բնակվող հայերը Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելու համար պետք է ներկայացնեն Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հաստատումը, որ իրենք հայ են: Նշյալ մարդիկ պատրիարքարանի կողմից հաստատում չեն ունեցել:  Թուրքական անձնագրերում նշվում է նրանց կրոնական պատկանելությունը, մարդը կարող է Հայ Առաքելական եկեղեցում մկրտվելուց հետո իր թուրքական անձնագրում մնալ մահմեդական: Մկրտությունը ձևական արարողություն չէ, այն կարևոր արարողակարգ է Հայ եկեղեցու կյանքում:

Դ. Գասպարյանը կարծում է՝ այդ մկրտությունը պետք է ցուցադրական արվեր, ու մեր ամբողջ պատմությունը նորից կբացվեր:

Տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել այն բացատրությունների մեջ, որոնք տալիս է Մայր Աթոռը, քանի որ կարծում է՝ Եկեղեցին ունի մի շատ կարևոր խնդիր՝ այնպես անել, որ մարդն ընդունի Հիսուս Քրիստոսին՝ որպես իր  տեր և փրկիչ, և, եթե մարդը պատրաստ է  ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես իր տեր և փրկիչ, բոլոր մնացած խոչընդոտները Ռ. Բաբայանի համար շինծու են:

«Ես չեմ հասկանում այդ բյուրոկրատական բաները,  վերջիվերջո, սա եկեղեցի է, սա հոգևոր է, ինչո՞ւ ենք մենք Եկեղեցին դարձնում պետական մարմնի ինչ-որ կառուցվածք, որտեղ կա  կոնկրետ կանոնակարգ՝ փաստաթղթերով և այլն, եթե մարդն ուզում է Քրիստոսին ընդունի, ի՞նչը կարող է նրան խանգարել: Փակ դռներով եկեղեցին եկեղեցի չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս