Ե՛վ Իսլամական պետության ազդեցության ընդլայնումը, և՛ քրդերի ակտիվացումը Թուրքիայում, միանշանակ, չեն բխում ՀՀ շահերից. թուրքագետ
«Թուրքիան շարունակում է առերեսվել իր համար լրջություն ներկայացնող խորքային խնդիրների հետ: Թուրքիայի խնդիրների խնդիրը՝ քրդական հարցը, առավել քան երբևէ սրված է, դրան գումարվում են Իսլամական պետության հետ տարաձայնությունները, ինչպես նաև՝ նոր կառավարություն ձևավորելու խնդիրները: Այս հարցերը պետք է դիտել մեկ փաթեթում, որովհետև Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քայլերը, կարծես թե, այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Թուրքիային անհրաժեշտ են նոր ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:
Թուրքագետը նկատեց, որ Էրդողանն ու իշխող կուսակցությունը, գնալով քրդական հարցում սրացումների, փորձում են հենց ընտրություններին նախապատրաստվել, քանի որ այսպիսի իրավիճակում շատ ավելի հեշտ է պայքարից դուրս հանել քրդական քաղաքական ուժին, ինչի փորձը Թուրքիայում նախկինում եղել է. «Էրդողանին ու իշխող կուսակցությանը հարկավոր է չեզոքացնել քրդական ուժին՝ այն պարզ պատճառով, որ քրդական ուժը՝ հավաքելով 13% ձայն անցած ընտրություններում, թույլ չտվեց Էրդողանին՝ կազմել միահեծան իշխանություն, այսինքն՝ միակուսակցական կառավարություն, ինչը 2002թ. սկսած Էրդողանի գլխավորած քաղաքական ուժին հաջողվում էր: Ուստի, կարծես թե, այս իրադարձությունների տրամաբանությունը տանում է նրան, որ կլինեն նոր ընտրություններ, և թուրքական պետության թիրախում կհայտնվի քրդական քաղաքական ուժը:
Միևնույն ժամանակ չեն դադարում կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցությունները, և, եթե վստահենք թուրք պաշտոնյաներին ու թուրքական մեդիային, արդեն հինգշաբթի օրը հնարավոր կլինի պատկերացում կազմել, թե որդյո՞ք հնարավոր կլինի ստեղծել կոալիցիոն կառավարություն Էրդողանի կուսակցության և քեմալական ժողովրդահանրապետական կուսակցության միջև: Ավելի հստակ պատկեր ստանալու համար պետք է սպասենք հինգշաբթի օրվան»:
Գ. Պետրոսյանի կարծիքով՝ Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր են նաև տարածաշրջանի համար, և պետք է դրանք ուշադրության կենտրոնում պահել. «Թուրքիան մտնում է Իսլամական պետության դեմ ուղիղ հակամարտության մեջ, երկու տարի ընդմիջումից հետո կրկին սրվում է քրդական հարցը: Իսլամական պետության ազդեցության ընդլայնումը միանշանակ չի բխում ՀՀ շահերից, ընդհանրապես, չի բխում հայության շահերից, որովհետև մենք արդեն առերեսվել ենք այդ խնդրի հետ, քանի որ Սիրիայի ու Իրաքի հայ համայնքն Իսլամական պետության թիրախում եղել է:
Արևմտյան Հայաստանի ճնշող մեծամասնությունը քրդեր են, ընդ որում՝ այդ քրդերն ուզում են ստեղծել անկախ Քրդստան, որն իրենց պատկերացումներով՝ լինելու է մեր պատմական տարածքում: Այնպես որ, թեկուզ հենց ընտրություններում քրդական ուժի հաղթանակը պետք է դիտել՝ տարածաշրջանային կարևոր գործընթացների առումով, քանի որ քրդերը ցույց են տալիս, որ մեկ քայլ առաջ են գնացել քաղաքական ինքնակազմակերպման ճանապարհին: Իսկ դա վաղ թե ուշ տանելու է Քրդստան պետության ստեղծմանը: Այնպես որ, թուրք-քրդական ամեն գործընթաց մեզ համար պետք է շատ կարևոր նշանակություն ունենա, և մենք ուշադրությամբ հետևենք բոլոր զարգացումներին, քանի որ դրանք, ուղղակի թե անուղղակի, կապված են ՀՀ-ի և հայերի հետ: Այսինքն՝ ոչ միայն Իսլամական պետության հետ առճակատումն է կարևորություն ներկայացնում, այլև քրդական զարգացումները»: